Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:08 16-07-2022

Մենք բոլորս Նիկոլի ապագա զոհերն ենք․ չարը չենք կարողանում խափանել

2018 թ․-ին ոչ թե հեղափոխությունն էր եկել մեր երկիր, այլ մահը։ Մահը՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, եկել էր մեր բոլորի ետեւից, պարզապես ներկայանում էր որպես նոր կյանքի, սիրո եւ հարգանքի խոստում։ Հեղափոխությունից հետո, սակայն, կարճ ժամանակ պահանջվեց, որ սերն էլ վերանա, համերաշխությունն էլ, հանդուրժողականությունն էլ, հասարակությունը բաժանվեց սևերի եւ սպիտակների, ամենօրյա աշխատանք էր դարձել մարդկանց թիրախավորելը, նրանց ընտանիքներ մտնելը։ Համոզվեցինք՝ մարդը արժեք չի եղել եւ չի լինի Հայաստանում՝ սկսած շարքային ուսուցչից մինչեւ առանձին ոլորտներում ներդրումներ ունեցող նվիրյալներ։ Գրիչի մի հարվածով այս մարդկանց կենսափորձից եռապատիկ փոքր կենսագրություն եւ տարիք ունեցողները եկել էին որոշելու՝ ով պետք է աշխատի, ով՝ ոչ, ով դատվի, ով արդարացվի, ով ապրի, ով մեռնի։ Եկել էին որոշելու՝ առանց լսելու մարդկանց, առանց գնահատելու նրանց վաստակը․․․

Ինչեւէ, այս ամենը չարյաց փոքրագույնն էր․ աշխատանքը, հեղինակությունը, ապրուստի միջոցը խլելը առոչինչ են կյանքի դիմաց։ Իսկ 2018թ․-ին ՄԱՀԸ եկավ մեզնից մեր կյանքը խլելու։ Ուղղակի կամ անուղղակի, պլյուս-մինուսներով, «կլիներ նույն իրավիճակը՝ պարզապես առանց զոհերի» մտածելակերպով եւ գործելաոճով։ Նախկիններից շատերը, որոնք արժանի էին պատասխանատվության ենթարկվելու, սկսված հետապնդումների հետեւանքով դարձան հաշմանդամ, բազմաթիվ առողջական խնդիրներ ձեռք բերեցին։ Ճիշտ է, օրինակ, Մանվել Գրիգորյանի դեպքում կալանքը արդեն փոխարինվել էր, եւ նա մահացավ պայմանական ազատության մեջ, բայց նրա մահը տեւական գործընթացի կուլիմինացիան էր։ Էլ չենք խոսում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված մեր հերոսների մասին, համավարակի հետեւանքով մահացած մարդկանց մասին։

Իհարկե, շատերը կասեն, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կապ ունի այս ամենի հետ, հո անձամբ չի սպանել, բայց արի ու տես, որ ունի կապ, այն էլ ինչպիսի։ Անձամբ չի սպանել արցախյան հերոսին, բայց անձամբ է հրահանգել նրա դեմ գործընթաց սկսել, անձամբ է բանակցել իր զրոյական կետից եւ տարել պատերազմի, իր ղեկավարած իշխանությունն է կիսատ-պռատ պայքարել կորոնայի դեմ՝ «ով կապրի, կապրի, ով մեռնելու էր, ողորմի իրեն» սկզբունքով։ Եւ մի՞թե Նիկոլ Փաշինյանը կապ չուներ իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մահվան մեջ, բայց փաստորեն սա էլ մարսեցին։ Դեռ երեկ վերջին զոհը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էր, ով դատական նիստին ուշագնաց եղավ եւ մահացավ։ Ընդդիմադիր գործիչը անազատության մեջ էր հայտնվել «ազգամիջյան, կրոնական, ռասսայական թշնամանք» հրահրող հայտարարությունների համար, այսինքն՝ ինքը մարդ չէր սպանել, բայց իրեն սպանեցին։ Սպանեցին շարունակ կալանքի տակ պահելով, որովհետեւ կալանքը մեզ մոտ ոչ թե խափանման միջոց է, այլ պատժիչ գործիք, դանդաղ մահ։

Այսօր, իհարկե, շատերը արդարանում են՝ նշելով, որ հանկարծամահության դեպք կարող է տանն էլ լինել, աշխատավայրում էլ, իսկ Գրիգորյանը իր առողջական խնդիրների մասին չէր հայտնել դատարանին, գանգատներ չէր ներկայացրել։ Այն, թե ինչու հայտնի պրոդյուսերը իր առողջական խնդիրները դրոշակ չէր դարձրել եւ հայտնել, խոսում է անձի որակների մասին, ով պատրաստ է պատասխանատվության ենթարկվել իր հայտարարության համար։ Իսկ այն, որ հանկարծամահությունը Փաշինյանի հետ կապ չունի, խաբկանք է, Գրիգորյանի հանկարծամահությունը հետեւանք է նրա դեմ իրականացված քաղաքական հետապնդման, իսկ դրա ուղիղ պատախասնատուն այս իշխանությունն է, ով կարմիր գծեր չունի, ապագայից վախերով չի տառապում, հաշեհարդարի եւ բումերանգի մասին չի մտածում․․․

Ցավոք, սա էլ կմարսվի, մնում է սպասենք՝ ով կլինի ՄԱՀՎԱՆ հաջորդ թիրախը, եւ դեռ քանի մարդ պետք է դառնա այս իշխանության զոհը, որ հասարակությունը արթնանա եւ ապրի։ Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը մոտավորապես այն հարեւաններից են, ովքեր գալիս են տուն, եւ մի վատ բան է լինում․ երեխան է ընկնում, ջահն է պոկվում, ու ամեն անգամ նույնը։ Բայց եթե այդ հարեւանին որպես սատանա մենք ատում ենք, ապա անհասկանալի է, թե ինչու գոյություն ունեն այս իշխանությանը համակրողները։ Մի՞թե մահը այդքան քաղցր է։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով