Մամուլ 1 տարի առաջ - 07:39 07-11-2024

Միջնորդությունը հետաձգվել է․ ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի թեմի հոգեւորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է թե՝ հրաժարվել է հոգեւորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները։

Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ, խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։

Դեպքից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որեւէ կերպ չեն առնչվում քրեական գործին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը, Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Ընդհանուր առմամբ ձերբակալված հոգեւորականների թիվը հասել էր 12-ի։ Նշենք, որ դեպքի օրը երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված չորս հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը. վերջինս Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է:

ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Սակայն արդեն անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փաստաբանները այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչեւ օրս որեւէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։
Փաստացի, քննչական մարմինը դեռեւս պահում է մարդկանց անձնական իրերը. ինչպես բնորոշում են փաստաբանները՝ դա արվում է առանց իրավական հիմնավորման՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը»»։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան