Ներքին 1 ամիս առաջ - 18:00 26-09-2026

Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի գիտական աշխարհում վերջին օրերին հանրային հնչեղություն ստացած Scopus-յան սկանդալը նոր, առավել մտահոգիչ զարգացումներ է ստանում։
Հիշեցնենք, որ Oragir.News-ը օրեր առաջ նման հրապարակում էր արել՝ բարձրաձայնելով միջնորդական խարդախությունների պատճառով փաստի առաջ կանգնած գիտնականների խնդիրը։ Սակայն այսօր մեր ձեռքի տակ հայտնված նոր տեղեկատվությունը ցույց է տալիս, թե որքան մեծ է այս խարդախության աշխարհագրությունը։ Խոսքն այլևս տեղային կամ մեկ բուհի շրջանակում գործող սխեմայի մասին չէ. սա համակարգային ահռելի հարված է հայաստանյան գիտական էլիտային, որի թակարդն է ընկել երկրի ակադեմիական ողջ սերուցքը։

Նոր տվյալների համաձայն՝ միջնորդական այս աղմկահարույց սխեմայից տուժել են տասնյակ վաստակաշատ գիտնականներ, դոկտորներ ու պրոֆեսորներ։ Կորուստների մասշտաբներն ըստ ինստիտուտների ունեն հետևյալ պատկերը. Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ՝ 14 տուժած գիտաշխատող, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ՝ 20-ից ավելի տուժած անձ, մեծ թվով գիտաշխատողներ ընդգրկված են նաև Պատմության ինստիտուտից։

Թե ովքեր են հայտնվել Քումունցի թակարդում, պարզ է դառնում շրջանառվող անունների ցանկից, որտեղ հնչում են հայկական գիտության և մշակույթի երախտավորների անուններ։ Նրանց շարքում են դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված գրականագետ ու բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, դոկտոր Պետրոս Դեմիրճյանը, գիտնականներ Արմեն Մանուկյանը, Սուրեն Աբրահամյանը (իր ասպիրանտների հետ միասին), Հրաչյա Սարիբեկյանը, Վահե Արսենը, ինչպես նաև երիտասարդ ասպիրանտներ Միհրանն ու Ռոզան։

Ամենացնցողն այն է, որ այս կեղծիքի բացահայտումից հետո պաշտոնական ատեստավորումը ձախողվել է։ Տասնամյակների գիտական վաստակ ունեցող դոկտորներն ու պրոֆեսորները պաշտոնանկ են արվել, և այսօր նրանց կարգավիճակն ու պաշտոնը իրենց իսկ հարազատ կազմակերպություններում դարձել է լաբորանտ։

Ինչպես է գործել ֆինանսական սխեման․ շտապող և օտար լեզուներին լավ չտիրապետող գիտնականներից, ըստ հավաստի աղբյուրների, հավաքվել է 300-ից մինչև 1000 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր հոդվածում անուններ ներառելու և «Scopus» ապահովելու խոստմամբ։ Սակայն ֆինանսական հետքերը տանում են ոչ թե միջազգային գիտական հրատարակչություններ, այլ ուղիղ դեպի Հնդկաստան՝ Կալկաթայում գտնվող ինչ-որ խանութի բանկային հաշվեհամարի։

Երբ խաբեությունը ջրի երես է դուրս եկել, և պարզվել է, որ այդ «միջազգային» ամսագրերը իրականում կեղծ հարթակներ են, գիտնականները պահանջել են հետ վերադարձնել իրենց գումարները։ Սակայն միջնորդները հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե «փողերը հիմա հետ բերել, դուրս բերել հնարավոր չէ»։

Հիշեցնենք նաև, որ Oragir.News-ի հետ զրույցում Գորիսի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցը հերքել էր իր անվան հետ կապվող այս տեղեկատվությունը, որակելով «ամոթալի սուտ»։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie