copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:59 20-06-2022

Ինչպես տրաքեց «ժողովրդավարության բաստիոնը»․ ձայնագրության ուղղակի եւ անուղղակի «զոհերը»

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորությունները դադարեցնելուն 5 է պակաս, ասուլիսում իր եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի ձայնագրությունն է հրապարակել։

Վարդազարյանի դեմ, ինչպես հայտնի է, նոր վարույթ են հարուցել եւ ցանկանում են լիազորությունները դադարեցնել հարցազրույցում հնչեցրած մտքերի համար, որով, ԲԴԽ անդամների համոզմամբ, հեղինակազրկել է դատական համակարգը, գնահատական տվել ՍԴ որոշմանը։

Նախ՝ ինչպես կարելի է հեղինակազրկել մի բան, որը արդեն իսկ հեղինակազրկված է, վկայությունը՝ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունն է, իշխանության ոտնձգությունները երրորդ իշխանության հանդեպ, թոշակային տարիքի հասած Ջհանգիրյանին ԲԴԽ ուղարկելը․․․։

Իհարկե, վարույթի հետ կապված կարելի էր շատ հարցեր քննարկել, Վարդազարյանը եւ նրա փաստաբանը երկար-բարակ խոսեցին իրավական հիմքերի, անօրինական որոշումների մասին։ Սկզբից կարելի էր զարմանալ, թե ինչպես կարելի է առանց մարդուն լսելու լիազորությունները դադարեցնել, չէ՞ որ նույնիսկ ցմահ դատապարտյալները ունեն լսվելու իրավունք, չէ՞ որ 5000 դրամանոց ակտը կարելի է բեկանել լսվելու իրավունքը ապահովված չլինելու հիմքով․․․։ Բայց այս հարցերը եւ վարույթի քննման հետ կապված բոլոր հարցերը մղվում են երկրորդ պլան սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո։

Իսկ ձայնագրության մեջ Ջհանգիրյանը, փաստորեն, ինքնախոստովանական բազում ցուցմունքներ է տալիս, թե ինչպես է ողջ ուժային համակարգը ղեկավարում, քրեական գործեր հարուցում, կանխում, խոստովանում ՍԴ-ի գլխին եկածը, գարանտ կանգնում, պրեզիդենտ ղեկավարելու մասին խոսում, հայհոյում, հայհոյում և հայհոյում․․․։

Մի խոսքով՝ այս ձայնագրությամբ «տրաքում է» Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնը», մեր՝ իրավական պետություն ունենալու երազանքը։

Այս ձայնագրությունը առնվազն հիմք է քրեական գործ հարուցելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, բայց, ինչպես տեսնում ենք, իշխանությունները չեն շտապում։ Իհարկե, չի բացառվում, որ ձայնագրության հիմքով Ջհանգիրյանին ճանապարհեն տուն, սակայն ի՞նչ տարբերություն․ կգա երկրորդը, ով կանի իր «վզին դրածը», պարզապես առանց «լափառոշ-լափառոշ» խոսելու։

Հիմա այս պատմության մեջ, անկեղծ ասած, ո՛չ Վարդազարյանն է հետաքրքիր, ո՛չ Ջհանգիրյանը, ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ իշխանությունները, քանի որ նրանցից որեւէ ակնկալիք չկա։ Այս ձայնագրության անուղղակի զոհերը լինելու են ԲԴԽ իրավաբան գիտնականները, որոնք արդեն իսկ հրապարակային դաշտում հրամցված «ապացույցով» ականատես են, թե ինչ է կատարվում դատական համակարգի հետ եւ ինչպես։ Այսինքն՝ ԲԴԽ իրավաբան գիտնականները կա՛մ պետք է մասնակից լինեն այս ամենին, ինչպես եւ արել են նախկինում՝ պարզապես առանց նման ակնհայտ փաստի, կա՛մ պետք է հարգեն իրենց եւ իրենց մասնագիտությունը, չէ՞ որ աշխարհում ապրել կա, Հայաստանում իշխանափոխություն դեռ կլինի, դուրս կգան փողոց, սրճարան կգնան, լսարան կմտնեն, մասնագիտական քննարկումների կմասնակցեն եւ այլն․․․։ Կան որոշումներ, որոնք ճակատագրական են լինում մարդկանց համար, փչացնում են տարիների վաստակը եւ կենսագրությունը, հիմա եթե հունիսի 23-ին առանց Վարդազարյանին լսելու նրա լիազորությունները դադարեցվեն, ապա իրավաբան-գիտնականնները կարող են համարել, որ իրենց սուրը ոչ թե փառքով դրեցին պատյան, այլ նզովքով։ Այս ձայնագրությունը նաեւ լակմուսի թուղթ է՝ մեր շուրջը եղած իրավապաշտպաններին, ժողովրդավարության համար պայքարող կառույցներին, դեսպաններին բացահայտելու համար։

Իսկ Վարդազարյանը ամենեւին էլ սուրբ չէ, առնվազն բարոյական դաշտում, իհարկե, ազնիվ չէ մասնավոր զրույց ձայնագրել եւ հրապարակելը, գուցե խնդիրներ լինեն նաեւ քրեաիրավական դաշտում, որովհետեւ կա անձին ապօրինի ձայնագրելու եւ հրապարակելու արգելք, չի կարելի ձայնագրել մարդուն, եթե այդ անձը չէր իմանում կամ կանխատեսում ձայնագրվելու մասին, անգամ եթե այդ մարդը Ջհանգիրյանն է եւ հանուն հանրային շահի բացահայտումներ կան։ Կա նաեւ մյուս խնդիրը՝ որքանով այդ ձայնագրությունը կարելի է համարել թույլատրելի ապացույց, որովհետեւ այն օրինական հիմքով ձեռք չի բերվել, այս մասով գուցե հնարավոր չլինի Ջհանգիրյանի քրեական պատասխանատվության հարցը լուծել, բայց այն, որ Ջհանգիրյանը օր առաջ պետք է հեռանա ԲԴԽ-ից, անշրջելի է։ Այս անգամ «ծեր աղվեսը» չորս ոտքով է ընկել թակարդը։ Ամեն դեպքում՝ ամբողջ պատմության մեջ միայն «գաղտնի» ձայնագրելու հանգամանքը դրոշակ սարքողները եւ քննադատողները առնվազն կեղծ երեսպաշտություն են անում։

Ձեզ գուցե հետաքրքրի