Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:50 30-10-2025

Հայ քաղբանտարկյալների նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը կփոխվի

Հայաստանում քաղաքական քննադատությունն առավելապես սևեռվում է մարդու իրավունքների, ժողովրդավարության վրա։ Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին զուգահեռ բողոքի ցույց է կազմակերպվում ԱԺ-ի դիմաց։ Ցուցարարների ելույթներում հիմնականում մարդու իրավունքների հարցերն են, նրանք պարզել են քաղբանտարկյալների նկարները և վանկարկում են «Ա-զա-տու-թյուն»։ Ենթադրյալ ակնկալիքն այն է, որ եվրոպական երկրների խորհրդարանների պատվիրակները կնկատեն, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, կխոսեն ՀՀ-ում մարդու իրավունքների խնդիրների մասին, ճնշում կգործադրեն Նիկոլ Փաշինյանի վրա այդ թեմայով։ Վերջինս էլ կդադարի ոտնահարել մարդու իրավունքները և ազատ կարձակի քաղբանտարկյալներին։

Կփոխվի՞ Եվրոպայի վերաբերմունքը ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության, մարդու իրավունքների խախտումների փաստերի վերաբերյալ։

ԱԺ-ում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի եվրոպացի պատվիրակների խոսքում ակնհայտ հեգնանք կա։ Նրանք անթաքույց ակնարկում են որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է։ Խոսում են ռուսական հակաքաղաքակրթական, հակաժողովրդավարական մանիպուլյացիաների մասին։ Այսպիսով ակնարկում են, որ ՀՀ իշխանությունը ենթարկվում է ռուսական մանիպուլյացիաներին ու սպասարկում ռուսական շահեր։ Եվրպացիների խոսքում կարմիր գիծն այն է, որ եվրոպական երկրները միասնական ջանքերով պետք է պաշտպանեն ժողովրդավարությունը, եվրոպական արժեքները։ Եվ այս հարցում վճռական են պաշտպանելու գործընկեր երկրներին ռուսական ազդեցությունից, մանիպուլյացիաներից, սադրանքներից և ուղղակի սպառնալիքներից։

Եթե ՀՀ ընդդիմադիր ուժերը ձայնակցեն եվրոպական գործընկերներին և փաստերով ապացուցեն, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է ռուսական շահերը, բարձրացնեն ռուսական ազդեցությունից ազատվելու հարցեր, ապա կարող են ակնկալել, որ եվրոպացիները կաջակցեն հայ ժողովրդին մարդու իրավունքների և ժոովրդավարության հարցերում։

Օրինակ՝ ընդդիմադիր պատգամավորները կարող են ասել, որ ՔՊ-ական իշխանությունը Մոսկվայի պատվերով է հալածում ընդդիմադիր գործիչներին, եկեղեցու ղեկավարներին, քանի որ ՌԴ-ն ձգտում է ջլատել հայ ժողովրդին, խախտել ներքին խաղաղությունը, մարդկանց միմյանց դեմ լարել։ Փաշինյանի իշխանությունն էլ կատարում է այդ ամենը, քանի որ ռուսական գործակալ է և ատելությամբ է լցված հայ ժողովրդի հանդեպ։

Առավել տպավորիչ կլինի, եթե ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ռուսական զորքերը դուրս հրավիրելու, դեսովետիզացման անհրաժեշտության մասին խոսեն, ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը այն աստիճանի վառ ռուսամետ գործիչ է, որ չլսեց եվրոպացի գործընկերների հորդորն ու Մայիսի 9-ին գնաց Մոսկվա պառադի, ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու փոխարեն՝ անդամակցելու հայտ ներկայացրեց ռուս-չինական միավորմանը՝ Շանհայի կազմակերպությանը։

Այսօրինակ քննադատությունը կպատռի Նիկոլ Փաշինյանի դիմակը։ Եվրոպացի խորհրդարանականները կհամոզվեն, որ ի դեմս ընդդիմադիր ուժերի՝ իրական գործընկերներ ունեն Հայաստանում, որոնք նվիրված են ժողովրդավարական արժեքներին։ Նրանք բարոյական հիմք չեն ունանա կասկածելու, որ Փաշինյանը հակաքաղաքակրթական, ռուսական գիծ է վարում և դա պաշտպանելու համար է խախտում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը, հետապնդում Բագրատ Սրբազանին և մյուսներին։

Այս ռեալ և պրագմատիկ դիրքորոշման պարագայում եվրոպացիները, հավանաբար, կփոխեն իրենց վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, առաջին հերթին կպահանջեն ՀՀ իշխանություներից՝ ազատ արձակել Բագրատ Սրբազանին և մյուս քաղբանտարկյալներին, քանի որ նրանք ու նրանց աջակցող ընդդիմությունը նվիրված են եվրոպական արժեքներին, մարդու իրավունքներին, ՀՀ անկախության և ժողովրդավարության ջատագով են, ՀՀ-ն ռուսական հակաքաղաքակրթական, իներցիոն ազդեցությունից լրիվ ազատելու նպատակ ունեն։

Պարզ ասած՝ եվրոպացիների վերաբերմունքը հայ քաղբանտարկյալների նկատմամբ կփոխվի, եթե ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը ադեկվատ դիդրքորոշում արտահայտի այսօր շարունակվող Եվրանեսթ նստաշրջանում, եվրոպացիներին հասկանալի բառապաշարով բացահայտի, որ Փաշինյանը Կրեմլի ագենտ է, գործում է քաղաքակրթության դեմ։ Այս պարագայում ենթադրելի է, որ եվրոպացիները համարժեք կարձագանքեն ՀՀ-ում մարդու իրավունքների և քաղբանտարկյալների թեմային։ Իսկ քանի դեռ Փաշինյանը կարողանում է ապացուցել, որ իրեն քննադատողները Կրեմլի ագենտ են, ապա կարող է բանտարկել ընդդիմադիր գործչներին, արհամարհել ժողովրդի մի մասին, ոտնահարել ժողովրդավարական նորմերն ու եվրոպացիներից կես բերան ամոթանք էլ չստանալ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie