Նախկին Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ հռչակվելուց ու կրկին Ստեփան Ասատրյան դառնալուց հետո գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ բոլորին կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի մասնակցելու է Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին։ Նրա հետ միասին պատարագի են մասնակացելու ՔՊ-ական պատգամավորները, մեծ ու փոքր պաշտոնյաները։Կարգալույծ արվածի մատուցելիք պատարագի ուղերձն այն է, որ Վեհափառի որոշումն օրինական չէ, այսինքն՝ Գարեգին Բ-ն լեգիտիմ չէ։ Օրինակ՝ Սառը պատերազմում ԽՍՀՄ պարտությունից հետո խորհրդային բռնազավթման ենթարկված երկրներում փողոցով տապալվում էին դրածո վարչախմբերը։ Հայաստանում 1988-1990-ին Ազատության հրապարակի հարթակում կանգնածները ռեալ իշխանություն ունեին, որոշում էին պարտադրում դրածո վարչախմբին։ Ստեփան Ասատրյանը կարող է կանոնագրքում փոփոխություններ առաջարկել, մասնավորապես՝ կաթողիկոսի ընտրության կարգում։
Տարբեր կանխատեսումներով՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատարագին կմասնակցեն 2-8 հազար հավատացյալ և մի քանի հոգևորականներ։ Նույնիսկ եթե Ստեփան Ասատրյանի կողքին ոչ մի հոգևորական չկանգնի, միևնույն է՝ այս պատարագը հաստատելու է, որ մի կողմում Գարեգին Բ-ն է, հոգևորականների ու հավատացյալների հետ, մյուս կողմում Ստեփան Ասատրյանը, Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները։
Առաջին հայացքից՝ թվում է, թե հոկտեմբերի 26-ից հետո Գարեգին Բ-ն երկար չի դիմանա։ Նա կա՛մ հրաժարական կտա, կա՛մ կփախչի երկրից, խուսափելով ենթադրյալ քրեական հետապնդումից։ Դրանից հետո կփոխվի կաթողիկոսի ընտրության կարգն, ու Փաշինյանի սրտի թեկնածուն կաթողիկոս կընտրվի։ Այս վարկածով՝ կանխատեսվում է, որ մինչև նոյեմբերի վերջ վեհարանը կազատվի, մինչև դեկտեմբերի վերջ՝ նոր վեհափառ կունենա։
Կա նաև այլ վարկած, ըստ որի՝ Փաշինյանը Գարեգին Բ-ին գահընկեց անելու խնդիր չունի։ Նրան ձեռնտու է, որ եկեղեցին ղեկավարի Գարեգին Բ-ն ու սատարի Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին։ Այսպես Փաշինյանը, որպես Պուտինի դաշնակից և ռուսամետ գործիչ, կազատվի ԱՄՆ-ի, ԵՄ-ի ճնշումերից, նույնիսկ որոշ աջակցություն կստանա նրանցից։ Այս վարկածով լարված ու անորոշ իրավիճակը շարունակվելու է մինչև ԱԺ 2026-ի ընտրություններն ու դրանից հետո, իսկ Ստեփան Ասատրյանը կփոխի մասնագիտությունը, կմտնի ՔՊ համամասնական ցուցակ։
Հոկտեմբերի 26-ի պատարագը նաև հանրային արձագանք կարող է ստանալ, Ստեփան Ասատրյանի շուրջ մեծ թվով հավատացյալներ կարող են ներգրավվել Փաշինյանի աջակցությամբ։ Եվ ոստիկանությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի, որ քաղաքացիական բախումներ չլինեն։ Գարեգին Բ-ն էլ պետք է հաշվի առնի, որ եթե բախումներ լինեն հոկտեմբերի 26-ին, ապա, ենթադրելի է, որ հաջորդ օրն ինքն կձերբակալվի։
Եվ ամենակաևորը՝ քաղաքացի Ստեփան Ասատրյանը կիրակի օրը պետք է հրաշք գործի հազարավոր հավատացյալների աչքի առաջ։ Օրինակ՝ նրա խնդրանքով կարող են թոշակները բարձրացնել, համաներում հայտարարել, առաջին հերթին ազատ արձակել Բագրատ, Միքայել, Մկրտիչ սրբազաններին, կարճել Գարեգին Բ-ին առնչվող քրեական վարույթը և այլն։
Պարզ ասած՝ Ստեփան Ասատրյանի գործելիք հրաշքից է կախված, թե ինչ արագությամբ նրա շուրջ կհավաքվեն հավատացյալները և կլրջացնեն նրա անունը։ Եթե նա անհնարին թվացող ոչ մի բան չանի հոկտեմբերի 26-ին, ապա Փաշինյանի այս գրոհն ապարդյուն կլինի։
Թաթուլ Մկրտչյան