Ներքին 8 ամիս առաջ - 15:07 24-10-2025

Ստեփան Ասատրյանը հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները. Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն տարածեց կարգալույծ արված քահանայի վերաբերյալ.

«Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույծ հռչակվեց` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ։

Ի հետևումն այս որոշման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին, ըստ Եկեղեցու կանոնների, արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլև այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես Եկեղեցու սպասավորներին։

Ստեփան Ասատրյանից պահանջվել է նաև ս.թ. հոկտեմբերի 23-ին ազատել Հովհաննավանքը և Եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026թ. հունվարի 15-ը։

Միաժամանակ, Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ Հովհաննավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները, և հորդոր է հղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում՝ Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև՝ քրեորեն պատժելի արարք։

Նշենք, որ Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր Աթոռի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։

Ցավում ենք, որ Արամ քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայր Աթոռի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները և կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։

Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են, և անկախ այդ պատմա-մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից, կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։

Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան