Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում սթափ և խելամտորեն մոտենալ Ուկրաինային «Տոմահավկ» թևավոր հրթիռների մատակարարման հարցին։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Դիվանագետն ընդգծել է, որ տվյալ թևավոր հրթիռների և դրանց արձակման կայանքների օգտագործումը հնարավոր է միայն ամերիկյան անձնակազմի մասնակցությամբ։
Այս մասին
Oragir.News-ը զրուցեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ, ով սկզբում խոսեց հրթիռների կիրառման քաղաքական ենթատեքստի մասին․ «Տվյալ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները գործում է «սպառնալիքը՝ ուժեղ իրականացումից» սկզբունքով և փորձում է այդ «Տոմահավկ»-ը և այլ հեռահար հրթիռներ Ռուսաստան մատակարարելու սպառնալիքով կոտրել պաշտոնական Մոսկվայի համառությունը և հասնել նրան, որ Վլադիմիր Պուտինը Զելենսկու հետ ուղիղ բանակցությունների մեջ մտնի։ Մոտ մեկ ամիս առաջ Զելենսկին հայտարարեց, որ ինքը պատրաստ է ուղիղ հանդիպման»։
Անդրադառնալով հարցի ռազմական կողմին՝ Հակոբյանը նշեց, որ սա վատ կանխանշան է Ռուսաստանի համար․ «Ինչ վերաբերում է ռազմական կողմին՝ իրականում սա շատ վատ կանխանշան է Ռուսաստանի համար, որովհետև փաստորեն մենք ունենք մի իրավիճակ, երբ արդեն ոչ միայն սովորական է մեզ թվում, որ ինչ-որ մի ուժ պետք է հրթիռներով հարձակվի և հարվածի Ռուսաստանի ռազմավարական օբյեկտներին, այլև նույնիսկ այդ խնդրի դեմ կարծես դիմադրություն չկա, այսինքն՝ դա դարձել է սովորական վիճակ։ Այստեղ ուրիշ բան կա՝ այդ հրթիռները ինքնին վատացնում են իրավիճակը։ Արևմտյան զենքերով հարվածներ են գալիս Ռուսաստանի վրա, սակայն Ռուսաստանը չի կարող ուղիղ Արևմուտքին պատասխան տալ, որովհետև ձևականորեն պատերազմի կողմը Ուկրաինան է։ Սա ավելի շուտ նաև քաղաքական շատ վատ բովանդակություն ունի պաշտոնական Մոսկվայի համար, որովհետև, ըստ էության, ցույց է տալիս իր կողմից պատերազմի հետագա վարման փակուղային հեռանկար»։
Իր խոսքի վերջում փորձագետը անդրադարձավ ռուս-ուկրաինական բանակցային գործընթացի փակուղի մտնելուն՝ խոսելով այն հետևանքների մասին, թե ինչ տեղի կունենա, եթե Ռուսաստանը դադարեցնի պատերազմը․ «Ամեն դեպքում վերջերս Ռյաբկովը հայտարարեց, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպմանը իմպուլսները սպառված են։ Դա նշանակում է, որ բանակցային գործընթացը մտավ փակուղի։
Ըստ էության, ամեն ինչ հանգում է Պուտինի համառությանը, բայց այդ համառությունն էլ ինքնին օդից չէ, որովհետև պաշտոնական Մոսկվան լավ է հասկանում, որ այս դիրքերում, եթե կանգնեցնի իրավիճակը, դա կլինի ռազմական պարտություն, քաղաքական պարտություն և, ինչ-որ տեղ, նաև հեռանկարային պարտություն։
Ուկրաինան դրանից հետո կուժեղացնեն և նորից կնետեն Ռուսաստանի վրա։ Այսինքն՝ ուկրաինական թնջուկը, որին արդեն գրեթե 4 տարի է՝ Ռուսաստանը համառորեն փորձում է լուծում տալ, նորից կխորանա և նորից Ռուսաստանի համար խնդիրներ կստեղծի։
Բավարար լուծում պաշտոնական Մոսկվան չունի այս պահին, որովհետև շարունակելը նշանակում է ռիսկներով լի հեռանկար, ընդ որում՝ հետագան կարող է ավելի վատ պայմաններում լինել, իսկ չշարունակելն էլ նշանակում է կանգնել և ֆիքսել ռազմավարական պարտություն, որովհետև պատերազմի սկզբում իր առջև դրված նպատակներից ոչ մեկն, ըստ էության, չի իրականացրել։
Եվ «չարացած ու ուժեղացված» հակառուսական Ուկրաինան՝ ճիշտ է, դժբախտ ուկրաինացի ժողովրդի արյան գնով, բայց նորից կուժեղացնեն և կնետեն Ռուսաստանի վրա։ Դա նման է մի իրավիճակի, երբ շախմատիստն անընդհատ պարտվում է, երբեմն հաղթում է, բայց հիմնականում պարտվում է, և, այնուամենայնիվ, ասում է՝ «էլի խաղանք»՝ հույսով, որ ինչ-որ պահի կփոխի իրավիճակը, բայց միայն հաշվի տարբերությունն է մեծացնում»։
Մանրամասները՝ տեսանյութում: