Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:12 30-09-2025

Փաշինյանը փող է ուզում, Սրբազաններին գաղտնալսել են, «Վեոլիա Ջուր»-ը 20 մլն տուգանվել է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 30-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ֆրանսիացի պատվիրակ Բերտրան Բուիքը հարց է ուղղել, թե արդյոք խաղաղության բանակցություններից անդին Արցախ փախստականների վերադարձի հարցն արծարծվե՞լ է: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փախստականների վերադարձի թեման վտանգավոր է խաղաղության գործընթացի համար։ «Այդ հարցի վերաբերյալ մեր ռազմավարությունը ես հրապարակել եմ։ Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում։ Մենք նրանց արդեն բնակապահովման ծրագիրն ենք սկսել, որը դժվարությամբ, բայց սկսում է աշխատել։ Մենք մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիությամբ։ Մարդիկ ասում են՝ վերադարձի հարց։ Ես դա իրատեսական չեմ համարում։ Կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը․ մարդիկ իրենց պլանները պիտի կառուցեն։ Ընդհանրապես փախստականների վերադարձի թեման, այս համատեքստում բոլոր փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար»,- ասել է նա։ Փաշինյանը շեշտել է, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն, կենտրոնանան տնտեսական համագործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ «Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում, որպես ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն ՀՀ-ում։ Սա է մեր ռազմավարությունը»,- կարծում է նա։

Կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ իր կաբինետը միջազգային հանրությունից ավելի մեծ ֆինանսական աջակցություն կստանա՝ արցախցիների խնդիրները լուծելու համար։ Նրա խոսքով՝ Եվրոպայի Խորհուրդը նույնպես կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղից հայերին՝ իրականացնելով տարբեր ծրագրեր, այդ թվում՝ վերապատրաստման և կրթության ոլորտում։ Նա դա անվանել է շատ կարևոր ուղղություն, որպեսզի նրանք ավելի արագ գտնեն իրենց տեղը Հայաստանի աշխատաշուկայում։ Փաշինյանը հայտնել է, որ մոտ ժամանակներս Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է համաժողով անցկացնել Լեռնային Ղարաբաղից հայերի՝ փախստական դարձած անձանց մասնակցությամբ։ «Այս միջոցառման ընթացքում մենք կփորձենք նրանց հետ համաձայնեցնել կոնկրետ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր և առավելագույն աջակցություն ցուցաբերել նրանց», - հավելել է նա։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, որը վերջին շրջանում Ադրբեջանի բարձարաստիճան պաշտոնյաներն ավելի հաճախ են կիրառում, Փաշինյանը հիշեցրել է, որ վաշինգտոնյան հռչակագրերում նման ձևակերպում չկա։ «Ես ակնկալում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերները քարտեզի վրա ցույց կտան, թե ինչ հատված են նկատի ունենում՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք» և եթե դա որևէ կերպ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, ապա դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի մասին բարձրագույն մակարդակով հրապարակայնորեն պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է նա՝ այս թեմայով հետաքրքրվողներին կոչ անելով ևս մեկ անգամ ընթերցել վաշինգտոնյան փաստաթղթերը։

Վարշավայի Անվտանգության ֆորումի շրջանակում հանդիպում են ունեցել Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Անդրեյ Սիբիհան։ Վերջինս X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Վարշավայում բովանդակալից զրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ։ «Քննարկել ենք մեր երկկողմ օրակարգը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, մտքեր փոխանակել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքների վերաբերյալ։ Մենք համաձայնել ենք շարունակել զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին՝ Եվրոպայում համապարփակ, արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- նշել է Սիբիհան՝ հավելելով, որ նախարար Միրզոյանին հրավիրել է այցելել Կիև։ Արարատ Միրզոյանն իր հերթին X-ում նշել է, որ խորաթափանց զրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ։ «Մենք համաձայնել ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը։ Ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին։ Ընդգծել ենք Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։ Կարծիքներ ենք փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Բելգրադում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում: