copy image url
Մշակույթ 1 ամիս առաջ - 15:59 29-09-2025

Մանկական արվեստը մեր կարևոր հարստություններից մեկն է

Երկար դադարից հետո Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանը վերադարձել է իր պատմական հասցե՝ վերաբացվելով Սայաթ-Նովա փողոցում։

Թանգարանի վերաբացման առնչությամբ Oragir.News-ը զրուցել է Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի հետ, ում խոսքով՝ թանգարանը ոչ միայն վերանորոգվել և տեխնիկապես արդիականացվել է, այլև բովանդակային առումով ստացել է նոր շունչ։

«Սայաթ-Նովայի հատվածը երկար տարիներ զբաղված էր կոմերցիոն խանութներով։ Այժմ այն ազատվել է, և ցուցասրահն իր ամբողջական ներուժով ներկայանում է հանրությանը։ Բովանդակային առումով թարմացրել ենք կոնցեպտը․ թանգարանի մանկական արվեստը ներկայացվել է թեմատիկ բաժանումներով, արվել է նոր դիզայն, մշակվել է մատուցման ձև, որպեսզի այն հետաքրքիր լինի այսօրվա հանրության համար։ Շուտով՝ արդեն հունվարից, կբացվի նաև միջազգային բաժինը՝ շուրջ 120 երկրներից հավաքածուով»,- նշում է նա։

Թանգարանում գործելու է նաև գրադարան-գրախանութ, որը նախատեսված է և՛ ընթերցանության, և՛ գիրք գնելու համար։ Մանկական արվեստի թանգարանում այսուհետ հնարավոր է ոչ միայն դիտել երեխաների կողմից ստեղծված արվեստը, այլև ինքնուրույն ստեղծել արվեստ: Հատուկ արվեստանոցներում կանցկացվեն վարպետության դասեր, կրթական և մշակութային ծրագրեր։

Վերաբացված թանգարանի առաջին ցուցադրության թեման «Սասնա ծռեր» էպոսն է։ Վահան Բադալյանի խոսքով՝ ընտրությունը պայմանավորված է դեռ տարիներ առաջ իրականացված մեծ նախագծով․ «Կենտրոնի երևանյան և մարզային ստորաբաժանումներում մեր սաները ստեղծել էին հրաշալի աշխատանքներ՝ տարբեր ձևաչափերով՝ խեցեգործություն, գեղանկարչություն, ապլիկացիա։ Նույնիսկ գիրք էր հրատարակվել այդ աշխատանքներով։ Կարծեցինք, որ ճիշտ կլինի կրկին հիշեցնել այդ աշխատանքները երեխաներին ու հանրությանը»։

Խոսելով Հայաստանի համար երեխաների արվեստի զարգացման հեռանկարների մասին՝ Վահան Բադալյանը կարևորեց այն բացառիկությունը, որ մեր երկրում շարունակում են մեծ ուշադրություն դարձնել արտադպրոցական կրթությանը․

«Գիտե՞ք, ես շատ եմ խոսում այդ մասին և շատ եմ ճանապարհորդում տարբեր երկրներում, և կարող եմ վստահ ասել՝ մեր ոլորտի խնդիրների կողքին մենք դեռ այն եզակի երկրներից ենք, որտեղ երեխաների արտադպրոցական և արվեստային կրթությանը այսքան մեծ տեղ է տրվում։ Սա մեր կարևոր հարստություններից մեկն է, որը կարելի է համարել սովետական ժառանգություն, բայց միևնույն ժամանակ այն իսկապես հիմք է հպարտանալու։ Մենք ունենք ծնողներ, որոնք պարտադիր համարում են, որ դպրոցական կրթությունից բացի երեխաները պետք է անպայման զբաղվեն որևէ արվեստով կամ սպորտով։

Օրինակ՝ մեր կենտրոնում երեխաները շաբաթական երեք անգամ երկու ժամով գալիս են պարապմունքների։ Այսինքն՝ սա ոչ ֆորմալ կրթության ևս մեկ ձև է։ Շատ քիչ երկրներ կան, որ պահպանել են նման ավանդույթ։ Իսկ դրա իմաստը հենց այն է, որ կրթությունը հրաշալի ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ ձևավորելով նրանց գեղագիտական ընկալումները, ճաշակը և ընդհանրապես աշխատանքի հանդեպ մոտեցումը»։

Միևնույն ժամանակ, նա ցավով նշեց, որ արվեստի ուսուցման երկարատև փորձը հաճախ չի վերածվում մասնագիտական ընտրության․ «Ցավոք, երբ գալիս է մասնագիտություն ընտրելու պահը, արվեստը շատ հաճախ առաջին տեղում չէ։ Երեխաները տարիներ շարունակ զբաղվում են արվեստով, ունեն մեծ փորձ, բայց քանի որ արվեստագետի աշխատանքը Հայաստանում եկամտաբեր և պաշտպանված չէ, շատերը փոխում են իրենց որոշումը և ընտրում այլ ոլորտ»։

Վահան Բադալյանը հավելեց՝ Մանկական արվեստի թանգարանի վերաբացումը ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում կրթության և մշակույթի համար, այլև կարող է խթանել հայկական մանկական արվեստի միջազգային ճանաչումը՝ նպաստելով, որ երեխաների արվեստը դառնա Հայաստանից արտահանվող մշակութային բրենդ։

Հիշեցնենք, որ աշխարհում առաջին մանկական պատկերասրահը բացվել է հենց Երևանում՝ 1970 թ. մարտի 13-ին, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի և մանկավարժ Ժաննա Աղամիրյանի նախաձեռնությամբ։ 1978-ին այն վերածվեց Հայաստանի Մանկական ստեղծագործության թանգարանի, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Գեղագիտության ազգային կենտրոնը։

Էլեն Դանիելյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի