Միտք Ներքին 8 ամիս առաջ - 09:40 25-09-2025

Ե՞րբ ազատ կարձակեն Միքայել Սրբազանին

Ասում են, թե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ են արձակելու սեպտեմբերի 29-ին։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտ կայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Խափանման միջոց ընտրված կալանքը մնաց անփոփոխ։ Պատժաչափը դատարանը կորոշի լրացուցիչ դատական նիստում, որը նշանակվեց սեպտեմբերի 29-ին։ Աջապահյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:

Սեպտեմբերի 28-ին լրանում է 3 ամիսը, որ Միքայել Սրբազանը գտնվում է կալանքի տակ։ 3 ամիսը բավական երկար պատժաչափ է մեծ ժողովրդականություն վայելող, տարեց արքեպիսկոպոսի համար։ Կալանքի տակ անցկացրած ժամանակ էլ նա հանդես է եկել հրապարակային ելույթներով, իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատություններով։ Սակայն որոշակի ընկճվածություն, բնականաբար, նկատվում է։ Բանտային միջավայրում բոլոր նորմալ մարդիկ որոշակի ընկճվում են։ Այս առումով՝ իշխանություններն իրենց խնդիրը լուծել են։

Միքայել Սրբազանին մեղադրանք առաջադրելու նպատակն էր ցույց տալը, որ ռազմական հեղաշրջում անելու հրապարակային կոչերը քրեորեն հետապնդելի են ժողովրդավարական երկրում։ Սրբազանին 3 ամիս կալանքի տակ պահելով, մի քանի դատական նիստեր անցկացնելով, իշխանության այս ուղերձը հասել է ոչ միայն Միքայել Սրբազանին, այլև բոլորին, որ եթե մարդը հրապարակավ ասի՝ «ռազմական հեղաշրջում է պետք», ապա նրան առնվազն 3 ամիս կպահեն կալանքի տակ։ Դատարանը Նիկոլ Փաշինյանի առաջադրած խնդիրը լուծել է։ Դատարանի վերդիկտով նա մեղավոր է ճանաչվել։ Սա չէ՞ր կարևոր իշխանությունների համար։

Այս ձեռքբերումն իշխանություններն ունեն։ Հետևապես՝ կարող են ազատ արձակել Միքայել Սրբազանին, որն իրականում ոչ միայն վտանգավոր չէ իշխանության համար, այլև նույնիսկ քաղաքական հավակնություն չի ներկայացնում։ Նա միայն քննադատել է իշխանություններին։ Իսկ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը քննադատության կարիք է ունենալու, քանի որ ընտրություններն են մոտենում։ Այս առումով ևս ենթադրելի է, որ նրան ազատ կարձակեն սեպտեմբերի 29-ին։

Ուշագրավ է այն, որ դատավորը, տեսականորեն, կարող էր լիարժեք վճիռ ընդունել ու պատժաչափը սահմանել սեպտեմբերի 24-ի նիստում, բայց վերդիկտ ընդունեց ու մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին։ Պատժաչափի համար սեպտեմբերի 29-ին հավելյալ նիստ գումարելը ողջամիտ կասկած է հարուցում, որ դատարանը մտադիր է ազատ արձակել Միքայել Աջապահյանին, եթե, իհարկե՝ Նիկոլ Փաշինյանը դրան դեմ չլինի ու մեծ պատժաչափ չպահանջի։

Կարճ ասած՝ հավանական է, որ սեպտեմբերի 29-ին Միքայել Սրբազանն ազատ կարձակվի։ Հակառակ պարագայում՝ ժողովուրդը շատ վատ կարծիք կկազմի Նիկոլ Փաշինյանի մասին, նրա վարկանիշը էապես կընկնի, և կանայք, սնուցող մայրերը նրանից երես կթեքեն, նրան կհամարեն փոքրոգի, անհավատ ու չեն ընտրի, ոչ ոք չի ընտրի, և նա կպարտվի, ու ՔՊ-ն կդառնա կառուցողական ընդդիմություն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին