Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 18-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ Թուրքիան չի սպառնացել, որ Արարատի պատկերը հանեն սահմանահատման կնիքի վրայից։ Նա կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան այցի մասին։ «Ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։ «Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը»,- նշել է նա։ Փաշինյանը նշեց, որ մինչև 2004 թվականն այդ դրոշմը չի եղել։ «Առաջիկայում ես կխոսեմ հայրենասիրության այն մոդելի մասին, որի շրջանակներում կայացվել են բոլոր որոշումները, իսկ հիմա այդ բոլոր քայլերը, որ իրականացնում ենք, իրականացնում ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ուժեղացնելու համար: Մենք դա անում ենք Հայաստանն առավելագույնս պատասխանատու միջազգային անդամ դարձնելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանն այսօր ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ Ադրբեջանը «Թրամփի ուղի» անունը ստացած Սյունիքի ճանապարհի գործարկումից հետո կկարողանա զենք ու զորք անցկացնել Ադրբեջանի հիմնական մասով դեպի Նախիջևան: Նրա խոսքով՝ «Թրամփի ուղու» շրջանակում ամեն ինչ պետք է լինի սկզբունքների հիման վրա։ «Մենք մեզ պետք է հարց տանք` մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջևանի տարածքով։ Որովհետև մեր իրականության մեջ կա այդ խնդիրը, որ մենք միշտ խոսում ենք ուրիշների մասին, սակայն չենք խոսում մեր մասին։ Երբ որոշենք, որ մենք ուզում ենք, որ Նախիջևանի տարածքով երկաթգծով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխել, նման թեմայով բանակցություններ կբացենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում, ապա կորդեգրենք համապատասխան բանաձև ու այդպես շարունակ»,- հայտարարեց նա։ Ըստ Փաշինյանի` ցանկացած հարց, որ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը և «Թրամփի ուղուն», պետք է դիտարկել 5 հիմնական սկզբունքների հիման վրա. դրանից դուրս այլ քննարկում չի կարող լինել։
Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022 թվականի նվիրատվությունների թեմայով նախաձեռնած քրեական վարույթը, որ հարուցվել էր կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։ Նվիրատվությունների այս սկանդալն անցած տարի բացահայտեց Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ «Սիվիլնեթ»-ի հետ միասին։ Ըստ հրապարակման՝ տասնյակ անձինք, որ տարբեր համայնքներում ՔՊ թեկնածուներ էին, խոշոր նվիրատվություններ էին փոխանցել իշխող կուսակցությանը, ընդ որում՝ 10 առանձին քաղաքներում ավագանու առնվազն 10 թեկնածու նույն օրը փոխանցել էր ճիշտ նույնքան գումար։ Հետաքննող լրագրողները խոսել էին ավելի քան երեք տասնյակ նվիրատուների հետ, կեսն ասել էին՝ չեն հիշում, որ գումար փոխանցած լինեն «Քաղաքացիական պայմանագրին»։ Կային նաև դեպքեր, երբ իշխող կուսակցությանը նվիրաբերվել էր օրենքով թույլատրվածից ավելի մեծ գումար։Լրագրողներից բացի, նաև անկախ աուդիտն էր այդ տարի բացասական գնահատական տվել ՔՊ-ին՝ մատնանշելով, որ եղել են մի շարք խնդիրներ փոխանցումների ու կանխիկացումների հետ։ Մամուլի հրապարակումներից ու աուդիտորական եզրակացությունից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր դատախազություն, նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի նվիրատվություններ ներգրավելու հիմքով։ Հակակոռուպցիոնից «Ազատությանը» հայտնել են, որ ամիսներ տևած քննությունից հետո՝ անցած նոյեմբերին, կոմիտեն որոշել է որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, միաժամանակ արձանագրել է՝ «սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։ Դատարանը միաձայն որոշել է, որ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։ Մասնավորապես, արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։ Ըստ որոշման՝ յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից՝ դատարանը որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։ Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և չեն ապահովել արդարացի քննություն՝ պարտավորեցնելով պետությանը՝ ֆինանսական փոխհատուցում վճարել տուժած ընտանիքներին։
Մանրամասները՝ տեսանյութում: