Նոր չափորոշիչներով հրատարակված 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագիրքը հասցրել է քննադատության արժանանալ ուսուցիչների և պատմաբանների կողմից։ Ըստ փորձագետների` դասագրքի ամեն նախադասություն շարադրված է գործող իշխանության քիմքին հարմար։
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ գյուղի պատմության ուսուցիչ Լիլիթ Մխիթարյանի հետ։
Ուսուցչի խոսքով` դասագիրքը կարծես գրել է թշնամական երկիրը. մեր հազարամյակների պատմությունը խեղաթյուրվել է։
«Ցավալի է, որ Հայոց պատմությունը դարձել է Հայաստանի պատմություն։ 1918 թ. ձևավորված թաթարական ոհմակը կերտում է պատմություն, իսկ հազարամյակների պատմություն ունեցող ազգը խեղաթյուրում է իր պատմությունը։ Հայոց պատմություն նշանակում է հայ ժողովրդի պատմություն, ազգի պատմություն։ Հայաստանի պատմությունը դա ինքնստիքյան խեղաթյուրում է մեր հազարամյակների պատմությունը։ Ընդամենը մի քանի րոպե փորձեցի ուսումնասիրել դասագիրքը և մեծ ցավ ապրեցի։ Նախ դասագրքի նկարը ընդհանրապես դասագրքի հետ կապ չունի, որովհետև դասագրքի նկարը պետք է լինի նաև ուսուցանող և իմաստ արտահայտող։ Առաջինը, որ փորձեցի նայել Արցախի հետ կապված հուզող հարցերն էր։ Նախ նշված էր, որ Լեռնային Ղարաբաղը լուծարվեց Շահրամանյանի կողմից, բայց Արցախի լուծարումը որպես փաստ մենք գիտենք, որ իրականացվել է Պրահայում, երբ ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։Այստեղ է դրվել Արցախի հարցի տապանաքարը, որի շարունակությունը տեղի 2023 թ. սեպտեմբերի ողբերգության իրողությունն է։ Սա փաստ է, որը հասկանում է յուրաքանչյուր գիտակից հայ, թե երբ ու ում ձեռքով է այս ամենը տեղի ունեցել»,- ասում է ուսուցիչը։

Լիլիթ Մխիթարյանի կարծիքով` դասագրքում ճիշտ անդրադարձ կատարված չէ. «Մենք ունեցել ենք այնպիսի հերոսներ, որոնք իրենց լուսավոր կյանքը անմնացորդ նվիրել են Արցախին։ Շատ են մեր հերոսները և նրանցից ունենալ կերազեին բոլոր ազգերը։ Դասագրքում այդ հերոսների մասին ընդամենը 1-2 նախադասությունով է գրված։ Ինձ թվում է, որ այդ դասագիրքը գրված է թշնամական երկրի կողմից, նրանց շարադրանքով է ներկայացված ցավոք սրտի։ Մեր նախկին դասագրքերում մենք ունեինք այդ հերոսների կենսագրությունը, նրանց մարտական ուղին»։
Պատմության ուսուցիչն ասում է, որ այս նոր չափորոշիչներով ուսուցիչներին բարդ իրավիճակի առաջ են կանգնեցրել, բայց յուրաքանչյուր ուսուցիչ պետք է դասարան մտնի ճիշտ արժեհամակարգով, իսկ այդ արժեհամակարգի գլխավոր ուղենիշն են արդարությունը, ազնվությունն ու հայրենասիրությունը։
«Եթե դասարան մտնենք այդ ուղենիշներով, հետևաբար ճիշտ կներկայացնենք մեր ժողովրդի պատմությունը, մեր պատմական իրադարձությունները։ Մեզ պատմության ուսուցիչներիս կանգնեցրել են բարդ իրավիճակի առջև բայց պարտավոր ենք առաջնորդվել ճիշտ արժեհամակարգով, որովհետև մենք դաստիարակում ենք ազնիվ, արդարամիտ ու պատասխանատու ՀՀ քաղաքացի։ Եթե դու ուզում ես շարունակել քո հազարամյակների պատմությունը և գնալ առաջ, դու պետք է առաջին հերթին հիշես քո անցյալը, քո հերոսներին, արժեհամակարգ ձևավորես»,-եզրափակում է պատմության ուսուցիչ Լիլիթ Մխիթարյանը։