Ներքին 9 ամիս առաջ - 09:25 27-08-2025

Արցախը նորից կազատագրվի. Փաշինյանը սխալվում է

Արցախի էջը փակելու մասին Փաշինյանի հորդորը հանրային արձագանք չի ստանում։ «Արար» հիմնադրամի հարցման տվյալներով՝ Արցախի կորուստը ժամանակավոր է համարում հարցվածների 91 տոկոսը (2023 թվականին՝ 70 տոկոսը)։ Միայն 7,3 տոկոսն է Արցախի կորուստն անդառնալի համարում։ Հարցումն անցկացվել է հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը, իսկ արդյունքները հրապարակվել են օգոստոսի 26-ին։

Որո՞նք են հանրության 91 տոկոսի կարծիքի ռացիոնալ հիմքերը։ Ի՞նչ է փոխվել 2023-ի համեմատ, որ տոկոսն աճել է։

Հանրային այս տրամադրությունն ուղղակի հակասում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Վերջինս օգոստոսի 18-ին ժողվրդին հղված ուղերձում ասել է՝ «Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։

Իսկ հիմա պարզվում է, որ հանրության 91 տոկոսը համաձայն չէ Փաշինյանի հետ, կարծում է, որ որոշ ժամանակ անց Արցախը կրկին կարող է ազատագրվել ու միավորվել Հայաստանի հետ։ Տրամաբանական է, որ դա հնարավոր կլինի ՀՀ իշխանության համապատասխան քաղաքականության արդյունքում։ Այսինքն՝ հանրության 91 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում կձևավորվի իշխանություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի Արցախի ազատագրումը։ Ու այդ իշխանությունը կհասնի իր նպատակին՝ Արցախը կազատագրվի ու կմիավորվի Հայաստանին։

Հիմա, երբ մարդկանց 91 տոկոսը կարծում է, որ Արցախը նորից ազատագրվելու է, Փաշինյանը ժողովրդի կարծիքը հաշվի առնելո՞ւ է, թե՞ արհամարհելու։ Ենթադրելի է, որ լինելով իսկական հեղափոխական, Փաշինյանն արհամարհելու է ժողովրդի կարծիքը, հանրային տրամադրությունը։ Սակայն այս տվյալը կարող են հաշվի առնել քաղաքական այլ ուժեր։

Ընտրություններից առաջ քաղաքական ակտորներն ուսումնասիրում են հանրային կարծիքը և ներառում իրենց ծրագրերում։ Մասնավորապես՝ եթե մարդկանց 91 տոկոսը ցանկություն ունի կրկին ազատագրված տեսնել Արցախը, ապա շատ հնարավոր է, որ առաջիկա ԱԺ ընտրություններում որոշ ուժեր Արցախի վերաբերյալ դիրքորոշումը կհամապտասխանեցնեն ժողովրդի 91 տոկոսի ցանկության հետ։ Իսկ եթե Արցախի հարցը չփակելու, Արցախը նորից ազատագրելու նպատակ հռչակած ուժերը 2026-ին շատ քիչ քվե ստանան, պարտվեն, չանցնեն ԱԺ, ապա կարելի է ասել, որ 91 տոկոսի 91 տոկոսը իր ցանկություններին հակառակ է քվեարկել։ Այս դեպքում էլ կասեն, որ ընտրություններն արդար չեն, ինչն էլ հիմք կծառայի, որ Արցախի ազատագրման ջատագովները՝ 91 տոկոսն ու նրանց քաղաքական առաջնորդները հեղափոխություն անեն։

Ուշագրավ է նաև այն, որ Արցախի ազատագրման ջատագովների տոկոսն աճել է 2023-ի համեմատ։ Ենթադրելի է, որ դրան նպաստել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին ընդունված ՀՀ օրենքը, Արևմուտքի հետ գործակցության խորացումը, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մի շարք այլ զարգացումներ։ Նախկինում, երբ ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական ուղեծրում էր, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ֆորպոստի վարչապետ էր աշխատում, այդպիսի հույսերը թույլ էին։ Ենթադրելի է, որ մարդիկ հույսով են լցվել, որ ի դեմս Արևմուտքի հուսալի դաշնակից ունեն Արցախի հարցում։ Աճին կարող էր նպաստել նաև ռևանշիստական տրամադրությունները, որոնք ակտիվացել են կապված ՔՊ-ական իշխանության բռնաճնշումների հետ։

Կարճ ասած՝ Փաշինյանը սխալվում է, հանրության 91 տոկոսի կարծիքով՝ Արցախի հարցն ազգային օրակարգում է։ Եվ առաջիկա ընտրություններում ականատես կլինենք Արցախն ազատագրելու քաղաքականն նոր, ռացիոնալ ծրագրերի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա