Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:30 14-07-2025

Լավ սովորեք, որ մարդ դառնաք. Փաշինյանը կրկին սխալվում է

ՔՊ-ական իշխանությունները շարունակում են աչքաթող անել ներդաշնակության խնդիրը, որը նորմալ երկրներում դաստիարակության անկյունաքարն է։ Տպավորություն է, որ դա արվում է դիտավորյալ՝ հասարակությունն ու պետությունը բարոյապես քայքայելու համար։

«Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես։ Եթե կրթության միջոցով դուք՝ երեխաներ, լավ ապրեք, դրա շնորհիվ լավ կապրի նաև ձեր ընտանիքը, ձեր ընտանիքի հետ՝ ձեր համայնքը, ձեր համայնքի հետ՝ ձեր մարզը, ձեր մարզի հետ՝ ձեր պետությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման առիթով։

Կրթությունն, իհարկե, կարևոր է մարդու և հասարակության զարգացման համար։ Սակայն երբ բաց է թողնվում դաստիարակությունը, այսինքն՝ երբ կրթությունն արժեքահեն չէ և շրջանցվում է ներդաշնակության խնդիները, ապա ստեղծվում է ռիսկ, որ կբազմանան կրթված սրիկաները։ Կրթված սրիկան վտանգավոր է, նա է ստեղծում հասարակության և պետության կործանման ռիսկեր։

Դաստիարակության պակասի վառ արտահայտությունն է հայհոյանքն ու արհամարհանքը գործընկերոջ, մրցակցի, ժողովրդի մի մասի հասցեին։ Նիկոլ Փաշինյանն ու նրանից օրինակ վերցնողները պարբերաբար ցույց են տալիս իրենց արհամարհանքը եկեղեցու ղեկավարի, ընդդիմախոսների, ժողովրդի մի մասի հանդեպ, նրանց մասին խոսելիս կիրառում են հայհոյանք։ Սա վկայում է դաստիարակության պակասի մասին։ Ավելին՝ կրտսեր, սկսնակ քաղաքական գործիչներն ընդօրինակում են այդ խոսույթը։ Եվ կա ողջամիտ կասկած, որ հաջորդ իշխանությունները, անկախ կուսակցական պատկանելությունից, հայհոյախոս են լինելու, չեն հարգելու գործընկերներին, մրցակիցներին, ժողովրդին։

Կրթության դերը բարձրացել է նոր ժամանակներում։ Քաղքենիա-ժողովրդավարական վերափոխումներին զուգահեռ է տարրական կրթությունը դարձել է պարտադիր, խրախուսվել է մասնագիտական կրթությունը։

Օրինակ՝ մեծ բանաստեղծի հանճարեղ, զգայացունց ստեղծագործության մեջ «Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի»։ Այսինքն՝ քաղքենիական գերնպատակը Մարդ դառնալն էր։ Կրթության նպատակը ևս Մարդ դառնալն էր։ Մարդ ասելով՝ հասկանում էին բարոյական նորմերով, օրենքով, արժեքներով առաջնորդվող, արդարամիտ, մարդասեր, ժուժկալ, խիզախ, արժանապատվություն, խիղճ ու ինքնասիրություն ունեցող, ընտանիքի, շրջապատի, բնության, աշխարհի և Աստծո հետ ներդաշնակության մեջ ապրող մարդ։

Սոցիալ-հոգեբանների կարծիքով՝ լավ ապրելու նպատակը ձևավորվել է խորհրդային բռնազավթման շրջանում, երբ մարդկանց 90 տոկոսը վատ էր ապրում, խանութների ցուցափեղկերը դատարկ էին։ Այս մութ ժամանակներում սոցիալիստական հասարակության որոշ հպատակներ, հիմնականում՝ գողեր, սրիկաներ, կաշառակերներ, լավ էին ապրում։ Ժողովրդի մի մասն էլ նախանձում էր, ձգտում նմանվել, նույնպես լավ ապրել, թեկուզ՝ գողության, սրիկայության, շնության, մարդկանց, պետությանը խաբելու, օրենքները խախտելու, շրջանցելու, կոռուպցիայի գնով։ Այսպես է լավ ապրելը դարձել սոցիալական երազանք։ Երբ խորհրդային հպատակին հարցնում էինք՝ ուզում ես մարդ դառնա՞լ, թե՞ լավ ապրել, նա պատասխանում էր՝ «լավ ապրել»։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, լավ ապրելու սոցիալական նպատակը անկախ Հայաստանի, քաղաքացիական հասարակության, իրավական, սոցիալական պետության հետ աղերս չունի, հետադիմական է, խորհրդային բռնազավթման տարիների մնացուկ։ Այս մոտեցմամբ շրջանցվում են մարդկային, ազգային արժեքները, բարոյական նորմերը, օրենքները, անտեսվում է ընտանիքի, սոցիումի, բնության, աշխարհի և Աստծո հետ ներդաշնակությունը։ Նույնիսկ Մարդ դառնալն է անտեսվում որպես սոցիալական նպատակ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
10:32 Չայնիի ոլորաններում Volkswagen Tuareg-ը մոտ 250 մետր գլորվելով ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media