Ներքին 11 ամիս առաջ - 20:00 13-08-2025

Դասագրքերի տպագրության համակարգը տարիներ շարունակ հիմար վիճակում է․ կրթության փորձագետ

«Մինչև այսօր մենք երբևէ չենք ունեցել դասագրքերի իդեալական ապահովում։ Տարիներ շարունակ եղել են ուշացումներ, դասագրքերի քանակը չի հերիքել և այլն։ Տարօրինակ է, որ անկախության այսքան տարիներից հետո այդ խնդիրը դեռ լուծված չէ։ Ճիշտ է, կամաց-կամաց որոշ բարելավումներ կան, բայց դեռևս չենք հասել ցանկալի մակարդակի»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարարի այն հայտարարությանը, որ այս ուսումնական տարվա սկզբում ևս դպրոցներից որոշ դասագրքեր կբացակայեն։

Թադևոսյանը շեշտեց, որ ոչ միայն դասագրքերի ուշացումներ են լինում, այլ նաև տպագրված դասագրքերում են առկա որակական լուրջ խնդիրներ և անճշտություններ։ «Ընդհանուր առմամբ, դասագրքերի ստեղծման համակարգը հստակ բարելավման կարիք ունի։ Պետությունը որոշ քայլեր կատարում է, բայց դրանք բավարար չեն, և ակնհայտ խնդիրներ դեռ կան»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ այս խնդիրը նոր չէ․ «Սա լուրջ խնդիր է, բայց նոր չէ։ Ես ինքս դեռ Սովետական Միության և հետխորհրդային առաջին տարիներին դպրոցում սովորելիս ականատես եմ եղել նույն իրավիճակին․ հնամաշ դասագրքեր էին հասնում, բոլորին չէր հերիքում։ Այսինքն՝ սա տարիներով շարունակվող քրոնիկ խնդիր է»։

Oragir.News-ի հարցին՝ ինչպե՞ս պետք է ստեղծված իրավիճակը լուծել՝ Թադևոսյանը պատասխանեց, որ նախևառաջ անհրաժեշտ է բարեփոխել դասագրքերի պատվերների, ստեղծման և տպագրությունից առաջ որակի ստուգման համակարգը։ «Կարևոր է նաև դասագրքերի նախնական փորձարկումը։ Այս պահին համակարգը վատ է աշխատում, ինչի հետևանքն են ուշացումները, անճշտությունները և անգամ սկանդալները։ Ես անձամբ եղել եմ դեպքերի ականատես, երբ մարդկանց դասագիրք էին պատվիրում, բայց նրանք հրաժարվում էին, իսկ նախարարությունը խնդրում էր շարունակել աշխատանքը։ Սա հիմար վիճակում գտնվող համակարգ է, որը փորձում են բարեփոխել, բայց այնուամենայնիվ արդյունավետ չի գործում»,-եզրափակեց նա։

Նշենք, որ այս պահի դրությամբ, դպրոցներից բացակայում են հետևյալ դասագրքերը․ Քիմիա՝ 10-րդ և 11-րդ դասարաններ, Կենսաբանություն՝ 10-րդ և 11-րդ դասարաններ, Հանրահաշիվ՝ 11-րդ դասարան, Ռուսերեն՝ 11-րդ դասարան, ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարաններ, Ֆրանսերեն՝ 5-11-րդ դասարաններ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան