Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 14:00 09-08-2025

«Խաղաղության հռչակագիրը» սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը. քաղտեխնոլոգ

Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևանքները լուրջ մտահոգություններ են առաջացրել՝ կապված Հայաստանի ապագա տարածքային կորուստների և ինքնիշխանության կորստի հետ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ փաստաթղթում ամրագրված անխոչընդոտ ճանապարհի դրույթը փաստացի նշանակում է, որ այն կանցնի առանց սահմանապահների և մաքսային վերահսկողության, ինչը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ուղղակի սահմանափակում է։



«Եթե զարգացումներն այսպես շարունակվեն, ապա միջանցքը ոչ թե ամերիկյան վերահսկողության տակ կանցնի, այլ ամբողջությամբ կանցնի Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դա Եվրամիության գլոբալիստական շրջանակների հետ համատեղ քաղաքական ծրագիր է, որը տարածաշրջանը դուրս է բերելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի ազդեցությունից»,- նշեց Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս իրավիճակը առաջին հերթին սպառնալիք է Իրանին, քանի որ կարող է փակել նրա ուղիղ ճանապարհը դեպի Եվրոպա․

«Իրանի արտաքին քաղաքականությունը պահպանողական և դանդաղ է։ Արագ արձագանք մի սպասեք, բայց նրանք ամենայն հավանականությամբ կփորձեն քայլեր ձեռնարկել։ Հնարավոր է՝ Իրանի հոգևոր առաջնորդի ուղարկած պատվիրակությունը Հայաստան այցի ընթացքում վերջնական որոշումներ կայացնի»։

Բադալյանը ընդգծեց, որ «խաղաղության հռչակագիրը» որևէ կապ չունի իրական խաղաղության հետ․

«Ալիևն առանց հարձակվելու արդեն ստացել է իր ուզածը՝ ռազմավարական բարձունքներ, որոշ դիրքեր Հայաստանի տարածքում։ Հիմա մնացել է միայն միջանցքը վերցնել և կապ ապահովել Նախիջևանի հետ։ Սա առաջին հերթին պետք է Թուրքիային, քանի որ Ադրբեջանը պարզապես Թուրքիայի տարածքային շարունակությունն է։ «Զանգեզուրի միջանցքով» Թուրքիան կստանա ուղիղ ելք դեպի Կենտրոնական Ասիա՝ իր քաղաքական կշիռը բարձրացնելու և հանքահումքային ռեսուրսները Եվրոպա հասցնելու համար»։

Արմեն Բադալյանի կարծիքով՝ եթե գործընթացը շարունակվի, ապա մեկ տարվա ընթացքում կարող է ամբողջությամբ չեզոքացվել ռուսական ազդեցությունը Հայաստանում, ներառյալ ռազմական օբյեկտները, հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև «Գազպրոմ»-ի դերակատարությունը։

Ինչ վերաբերում է ներքաղաքական ազդեցությանը, ապա Բադալյանի գնահատմամբ՝ իշխանությունները կարող են այս գործընթացը ներկայացնել որպես «խաղաղություն բերելու» հաջողություն՝ առաջիկա ընտրություններում քաղաքական միավորներ հավաքելու նպատակով։ «Եթե իրավիճակն այսպես մնա մինչև ընտրությունները, ապա իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի ձևավորի իր համար ցանկալի քաղաքական պատկերը՝ Ազգային ժողովում։ Անկախ նրանից՝ կպահպանե՞ն այս լոզունգը, թե՞ ոչ, կօգտագործե՞ն այն, թե՞ ոչ, միևնույն է՝ կփորձեն շահարկել»,- եզրափակեց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի