Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:44 21-07-2022

Եթե Սուպեր Սաքոն էլ ցերեկվա ժամը երկուսին երգեր, միտինգի նման ոչ ոք չէր գնա. քաղտեխնոլոգ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Տարբեր մարդկանց տարբեր բաներ է հետաքրքրում, ընդդիմությունը աշխատեց միայն հայրենասիրության ֆոնի վրա։ Այդ հատվածում ինչքան բերեց, բերեց։ Ընդդիմությունն էլ հենց համերգ էր անում, լիքը մարդիկ էին գալիս, Սիրուշոյի համերգի ժամանակ հրապարակը մի բան էլ ավելի լցված էր»։

Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ երեկ Սուպեր Սաքոյի՝ Օպերայի բակում տեղի ունեցած համերգին ավելի շատ մարդիկ կային, քան ընդդիմության վերջերս կազմակերպած հանրահավաքներին։

Հիշեցնենք՝ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Սուպեր Սաքոյի համերգը, որի ժամանակ հրապարակը լեփ-լեցուն էր։

Քաղտեխնոլոգը նաև ասաց. «Իհարկե խնդիրը միայն համերգը չէր, պատճառը թիրախային աշխատանքն էր․ մեկին համերգն էր հետաքրքրում, մեկին՝ հայրենասիրությունը, մեկին՝ գները, մեկին՝ դոլարի կուրսը։ Ես կասեի՝ ճիշտ չեն թիրախավորում, թիրախավորում էին միայն մի հատվածին՝ Լաոյին, ուրիշ ոչ մեկին չեն թիրախավորել»։

«Համերգը համերգ է, համերգին երիտասարդներն են գնացել, տուրիստներն են գնացել, համերգը զվարճալի բան է, մարդիկ շատ են գնում զվարճալի տեղեր։ Համերգը ի՞նչ կապ ունի միտինգի հետ, մեկը մյուսի հետ կապ չունեն։ Դա նույնն է, ոնց որ ասենք՝ ինչի են գնում պիցայանոց, բայց չեն գնում թանկանոց ռեստորան․ տարբեր թիրախներ են, տարբեր բաներ են, կամ ինչո՞ւ կինոթատրոն չեն գնում, տանն են նայում»,- նշեց Քոչարյանը։

Իսկ մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ ընդդիմությունը իրենց հավաքներին մարդկանց սակավությունը բացատրում է շոգ եղանակով, քաղտեխնոլոգն ասաց. «Ինչո՞ւ, համերգը ցերեկը երկուսի՞ն էր։ Եթե Սուպեր Սաքոն էլ համերգը ցերեկվա երկուսին աներ, ոչ ոք չէր գնա, իսկ միտինգը երեկոյան ժամը 9-ին չե՞ն անում, դուք փորձե՞լ եք ցերեկը՝ ժամը երկուսին, դուրս գալ փողոց 42 աստիճան շոգի պայմաններում»։

Նշեցինք, որ երեկոյան ժամերին երթ էին անում, բայց էլի մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէր, ինչին Քոչարյանը պատասխանեց. «Նորից եմ կրկնում՝ դրանք տարբեր թիրախներ են»։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց նաև հոգեբան Արկադի Միհրաբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ամեն մարդ իր հետաքրքրությունն ունի, կապ չունի՝ հանրահավաք է, համերգ, թե ֆիլմ։ Հայաստանում հավաքները միշտ արհեստական են եղել, անկախության պատմության ամբողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր հավաքները արհեստականորեն կազմակերպված են եղել, բացի 91 թ․-ի հանրահավաքից։ Դրանից հետո սկսած բոլոր հավաքները արեստածին բնույթ էին կրում, բնական հանրահավաքները մարդաշատ չեն լինում, քաղաքականապես մեր հասարակությունը գրագետ չէ, որ ինքը կարողանա ըստ քաղաքական հայացքների շարժվել, չնայած ընդդիմությունը եսիմ ինչ էլ չի առաջարկում, բայց դե այնպես չէ, որ ուրիշ ժամանակ ուրիշ ինչ-որ բան է առաջարկել, որ հավաքվել են մարդիկ, դրա համար այդ հանրահավաքները արհեստական բնույթ են կրում։ Իսկ ինչ վերաբեչրւմ է հարցի մյուս կողմին, ֆիլմ, շոու, համերգ սպորտային միջոցառումներ և այլն, դրանք անհատական հետաքրքրություններ են, որոնք մարդիկ ունեն, ըստ դրա՝ մարդիկ ում դուր են գալիս, փորձում են մասնակցել այդ միջոցառմանը»։

Մեր դիտարկամանը, որ ընդդիմության հավաքներին մարդկանց քիչ թիվը ընդդիմությունը բացատրում է նրանով, որ եղանակները շոգ են, Մեհրաբյանն ասաց. «Դե մի բանով պիտի պատճառաբանեն, այդ պատճառաբանությունը արդարացված չի, ընդդիմությունը միայն շոգ պայմաններո՞ւմ էր հանրահավաք անում։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչու գնան հավաքի, կամ ոչին չեն առաջարկում։ Ժողովուրդը մի քանի տարի առաջ արդեն խաբվել է, տեսեք՝ ինչ էին ասում։ Ասում էին՝ մերժեք Սերժին, մերժեցին, այսինքն՝ այն ժամանակ էլ չէին ինչ-որ բան առաջարկում ներկայիս իշխանությունները։ Հիմա էլ ասում են՝ եկեք սրանց հանենք և վերջ։ Հիմա ժողովուրդը քիչ թե շատ հասկանում է, որ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում»։

Ամենից շատ դիտված