Լավատեսների հույսերը ջուրն ընկան։ Փաշինյանը կրկին ապացուցեց, որ ռուսական շահեր է սպասարկում։
«ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման ամերիկյան ծրագրին։
Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ամերիկյան առաջարկից, որն իրապես վերջ էր դնելու ապաշրջափակմանն ու խաղաղության իրական դուռ էր բացելու։
Այս հրաժարումից ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ՌԴ Ալթայի Հանրապետությունում էր, Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին էր մասնակցում։ Այս միջոցառման շրջանակում էլ նա հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։
Համադրելով, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը ՌԴ-ում Միշուստինի խնդրանքով է հրաժարվել ամերիկյան առաջարկից։ 2020-ի նոյեմբերի 9-ի 9-րդ կետով նախատեսվում է, որ Մեղրիի 42 կմ-անոց ճանապարհի վերահսկողությունը պետք է հանձնվի Մոսկվային։ Այսինքն՝ կարելի է ասել, որ ամերիկյան առաջարկից հրաժարվել է հօգուտ ռուսների։ Այլ շահառու չկա։
Նորմալ երկրներում օտարերկրյա ռազմակայան տեղակայելու պարագայում օտար երկիրը մեծ գումար է վճարում տվյալ երկրին։ Մեր դեպքում հակառակն է՝ Հայաստանն է վճարում Ռուսաստանին ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի համար։ Նույն տրամաբանությամբ ենթադրելի է, որ եթե ամերիկյան վարձակալության տարբերակով Հայաստանին ինչ-որ բան մնալու էր տրանզիտից, ապա ռուսական վերահսկողության պարագայում Հայաստանը ոչինչ չի ստանալու, ամբողջը քերելու են, տանեն, մի բան էլ հայ հարկատուներին պարտադրելու են վճարել ռուսներին, ճանապարհին կանգնելու համար։
«Ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, եթե ասել ենք չէ, ուրեմն չէ»,- ասել է Արման Եղոյանը, հաստատապես խորտակելով հույսը, թե ՔՊ-ական իշխանությունը ունակ է հայանպաստ որոշում ընդունել։
Կարելի է հասկանալ Փաշինյանին։ Նա 2018-ի իշխանության է եկել ռուսական միջնորդությամբ։ 2021-ին վերընտրվել ռուսական գործակալների շնորհիվ։ 2026-ին էլ, հավանաբար, կվերընտրվի կրկին ռուսների աջակցությամբ, ինչի ուղղությամբ ակտիվ նախապատրաստական քայլեր են արվում։
Շաբաթներ առաջ՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում ելույթ ունենալիս Փաշինյանն ասաց, որ 2018 և 2019 թվականին եղել է ֆորպոստի վարչապետ, 2020 թվականի նոյեմբերից հետո եղել է ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում։ Լավատեսները կարծում էին, թե նա փոխվել է, անկախության ջատագով է դարձել, ռուսական շահերով չի առաջնորդվում։ Սակայն եթե ամերիկյան առաջարկից հրաժարումը, հօգուտ ռուսականի է, ապա ոչինչ էլ չի փոխվել, ինչպես եղել է, այնպես էլ մնում է ֆորպոստի վարչապետ։
Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին, 2020-ի պատերազմից առաջ ԱՄՆ-ն աջակցության ձեռք էր մեկնել, Հայաստանին առաջարկել էր պաշտպանության և մի շարք այլ հարցերում համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Այդ նպատակով Հայաստան էր ժամանել ամերիկյան բարձաստիճան պաշտոնյա։ Սակայն Փաշինյանը մերժեց այդ առաջարկը, նախընտրելով ռուսների հետ գործակցությունը։ 44-օրյայի ժամանակ Փաշինյանը մերժեց Ժնևում բանակցելու հրավերը, նախընտրելով հաջորդ օրը բանակցել Մոսկվայում։ Մերժվեց նաև ՄԱԿ-ի դրոշով սկանդինավյան երկրների խաղաղապահներին ներգրավելու առաջարկը, նախապատվություն տալով ռուսներին։ Հետադարձ հայացքով կարելի է պնդել, որ եթե ՀՀ-ն ԱՄՆ առաջարկները չմերժեր, ապա ՀՀ-ն չէր պարտվի պատերազմում, Արցախը չէր բռնազավթվի, արցախցիների բռնի տեղահանություն չէր լինի։
Կարճ ասած՝ ամերիկյան առաջարկի մերժումը աղետալի հետևանք է ունենալու։ Խաղաղության և ապաշրջափակման հարցում առաջընթացի հույսը մարեց։
Թաթուլ Մկրտչյան