Մամուլ 5 տարի առաջ - 08:32 27-05-2021

Հայաստանի ճակատագրական մերժումը․ 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակները։ Դրանք խայտաբղետ են, տեղ-տեղ՝ գուցե լուսավոր, տեղ-տեղ՝ շատ հիասթափեցնող, դրանցում կան՝ ինչպես իրական հայրենասերների ու նվիրյալների անուններ, այնպես էլ՝ պատեհապաշտներ, թաքնված, բացահայտ գործակալներ ու խաբեբաներ։

Բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանցում ներկայացված ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված անուն-ազգանուններն ունեն երրորդական, չորրորդական նշանակություն։ Որովհետեւ սրանք սովորական պայմաններում սովորական իշխանության ձեւավորման ընտրություններ չեն։ Սա մեծ հաշվով մեկ անձին վերաբերող համապետական միջոցառում է, որի ելքից է կախված լինելու մեր պետության լինելիությունը։

Այդ իմաստով հունիսի 20-ի ընտրությունները որոշակի նմանություն ունեն 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների հետ, որոնք նույնպես նույն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի մասին էին։ Եվ եթե 3 տարի առաջ հասարակությունը կուրորեն ընտրում էր այդ անձին՝ մերժելով ամենայն բանականը, ապա այսօր, եթե մնացել է բանականության նշույլ իսկ, ապա պետք է մերժի այդ նույն անձին՝ 2018 թվականին նրան անհեռատեսորեն հանձնված մեր պետությունը փրկելու համար։

Ընդ որում, ինչպես երեք տարի առաջվա հանրային հիպերէյֆորիան անիմաստ էր դարձրել Նիկոլ Փաշինյանի անձից տարբերվող որեւէ մեկի մասնակցությունն ընտրություններին, ապա այդ նույն տրամաբանությամբ այսօր իմաստ ունի ցանկացած մեկի մասնակցությունն ու հաղթանակն ընտրություններում, եթե այդ մեկը Նիկոլ Փաշինյանը չէ։

Իրականում այս իրավիճակը վկայում է հայաստանյան քաղաքականության ողբերգականության մասին, երբ ընդամենը երեք տարի առաջ ամեն ինչ կառուցվել է մեկ անձի հանգույն, իսկ այսօր նրա իսկ ոչնչացրած պետության փրկությունը կախված է նրա իսկ հեռացումից։

Այդ իմաստով առաջիկա ընտրությունները կարող են վերջ դնել այս սատանայական շրջանին եւ հայկական քաղաքականությունը գոնե մասամբ դուրս բերել անձնային տիրույթից՝ հնարավորություն ստեղծելով քաղաքականությունն ու պետական կառավարումը կառուցել ոչ թե անհատների, այլ համակարգերի հիման վրա։

Նախընտրական ցուցակների բովանդակությունն իրականում կարեւոր է այդ համատեքստում, որը, սակայն, իրականություն կարող է դառնալ միայն անձնիշխանության գլխավոր կրողի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։

Այլ կերպ ասած, լավ կամ վատ, պրոֆեսիոնալ կամ ոչ այնքան պրոֆեսիոնալ ցուցակների խնդիրը կարեւոր է, բայց դա ապագայի հարց է, որն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ։ Իսկ ապագան եւ Նիկոլ Փաշինյանը հակամետ են ու փոխբացառող, որովհետեւ, ի հեճուկս սեփական կարգախոսի, նա մարմնավորում է ապագայի բացառումը։

Չնայած իմքայլականների կարգախոսում որեւէ կերպ չի նշվում, թե հատկապես ո՞ր երկրի համար «Ապագա կա», եւ հետագայում կարող է պարզվել, որ Նիկոլ Փաշինյանն ապագա էր խոստանում, ասենք, Ադրբեջանի կամ Թուրքիայի համար։ Հայ հասարակությունն այսպիսով, անկախ ցուցակների բովանդակությունից, պետք է պատասխանի հարցին, թե ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ արդեն երկու շաբաթ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը