Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:40 23-07-2025

Սամվել Կարապետյանը հաղթեց, Դոկի կոչը Փաշինյանին, Աննա Հակոբյանն անգլերեն է կարդում․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 23-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Բարերար Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում, որի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչը։ Մասնավորապես՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ-ի բռնագրավման հետագա քայլերից։ Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, որոնց բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը։ Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման»:

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո: «Դատարանի որոշում է եղել, և նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել», –ասել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։ Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին դաժանորեն սպանելու համար։ Նա 1996 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Դատարանն ԱՐրամ Հարությունյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանին՝ մահապատժի, որը 2003 թ. Հայաստանում մահապատժի վերանալուց հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։

Ավելի քան հինգ ամիս ԱՄՆ-ում կալանավորված «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը Հենդերսոնի մեկուսարանից կոչ է արել Նիկոլ Փաշինյանին` ժողովրդին մասնակից չդարձնել իր հանցագործությանը և չտանել բախումների: «Եթե խնդիր ունես Գարեգինի հետ, լուծի դա դռների ետևում, դռները փակեք, իրար միս կերեք ինչքան ուզում եք: Բայց ո՞նց ես քո հանցագործությանը մասնակից դարձնում անմեղ ժողովրդին», - հայտարարում է Ղուկասյանը՝ իր հետևորդներին չմիանալ Փաշինյանի մտադրությանը և չմասնակցել Էջմիածնի հրապարակում նրա հայտարարած այսպես կոչված «հոգևոր հավաքին»: ԴՕԿ կուսակցության ղեկավարի համոզմամբ՝ Փաշինյանը ժողովրդին տանում է բախման. - «Ես համոզված եմ, որ որոշակի աղանդավորականներ, որոշակի թրքահպատակներ, անհավատ, սատանիզմով տառապող անձինք կգան Էջմիածին, և դա բերելու է բախումների: Հորդորում եմ՝ սիրելի ժողովուրդ, զերծ մնացեք այդ [...] նախաձեռնած էդ հանցավոր միջոցառումից»: Վարդան Ղուկասյանը քաղաքացիներին հորդորել է Փաշինյանի հայտարարած նախաձեռնությանը միանալուց առաջ մտածել, թե այն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Եվ խոսքն այստեղ ոչ միայն բախումներից, այլև, նրա ձևակերպմամբ, «երկնային գրասենյակի անեծքից» խուսափելու մասին է: Ինչպես Ղուկասյանն է ասում՝ անգամ ինքը իրեն նման բան թույլ տալ չի կարող: «Չի կարելի մտնել մի տարածք, որը որ հավիտյանս հավիտենից համարվում ա հավատացյալ ժողովրդի համար Աստծո ոտքը դրված վայր, իջել է միածին՝ Էջմիածին, և պղծել հիմա ըտեղ, կներեք, անգամ ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ», - հայտարարել է նա՝ հավելելով, որ Կաթողիկոսի նկատմամբ իր վերաբերմունքը ևս բացասական է։

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտել է ժամանակակից գրող Վահագն Գրիգորյանի «Պողոս -Պետրոս» հաստափոր գիրքը՝ նշելով, որ այս գիրքը չընթերցելը մեծ բացթողում կլինի։ «Երեկ «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական եւ տեղական կոմիտեների համատեղ աշխատաժողովի ժամանակ, անդադար կրթվելու գաղափարի տարածման առաջնորդությունը ստանձնած գործընկերներիս խնդրեցի անպայման ընթերցել գիրքը եւ հորդորել ծանոթ-բարեկամներին նույնն անել։ Երաշխավորում եմ՝ չեք զղջա։ Իսկ ես, քանի որ կրթվելը եւ նոր բան սովորելը Հայաստանում նորաձեւ է, ինձ վարժեցնում եմ անգլերեն լեզվով գիրք ընթերցելուն, հատկապես որ՝ առաջիկայում պատրաստվում եմ անգլերենով ուսանել։ Սկսել եմ Մել Ռոբինսի «The Let Them Theory» գիրքը, որը դուստրս՝ Մարիամն է ինձ նվիրել»,- գրել է նա։ Վերջինս նաև նկատել է, որ իր իմ ընտրած ցանկացած գրքի հետ կապված դավադրության տեսություններ են հյուսվում կամ դրանում ինչ-որ ուղերձներ են փնտրում․ Շատ զվարճալի են նման վերլուծությունները։ Բայց նաեւ դրանց հեղինակներին եմ հորդորում, խնդրում՝ այդ գրքերը ամբողջությամբ կարդացեք, հետո կրկին վերլուծեք ու ինձ սրտներիդ ուզածը վերագրեք։ Բայց, կարդացեց»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: