Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:52 18-06-2025

Սամվել Կարապետյանը կկալանավորվի՞, ՀԷՑ-ը պետականացնում են, «գործ տվողները» կխրախուսվեն․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 18-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական դատարանը քննում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը, առ այս պահը դատարանը որոշում չի կայացրել։ Նիստը դռնփակ է: Այս ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են դատարանի բակում՝ աջակցելու նրան: Այստեղ են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան: Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսեցին այն բանից հետո, երբ երեկ նա հրապարակային աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն՝ քաղաքական իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված արշավի ֆոնին։ Նիկոլ Փաշինյանը Կարապետյանի հայտարարությանը կոշտ և հայհոյախառն գրառումներով պատասխանեց, ինչից հետո իրավապահները խուզարկություն սկսեցին նրա առանձնատանը։ Դրանից հետո ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց նրա առաձնատանը, իսկ ինքը Կարապետյանը գիշերը ժամը 3-ի սահմաններում իրավապահների հետ հեռացավ։ Ավելի ուշ Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով մեղադրանք առաջադրվեց և կալանքի միջնորդություն ներկայացվեց։ Սամվել Կարապետյանի փաստաբանի փոխանցմամբ՝ նա մեղադրանքը չի ընդունում։

«Այս պահին քաղաքական ուժերի, տարբեր գործիչների միջև տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար»,- այս մասին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ընդդիմությունը։ Սաղաթելյանի խոսքով՝ ավելի կոնկրետ այս գործընթացը նախատեսում է գործողություններ։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ռուսական կապիտալով ընկերությունները ազգայնացման անվան տակ խլել և հանձնել թուրքերին։

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի, ինչը տեղի կունենա արագ։ «Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ։ Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ-ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ-ի սպառող է կամ աշխատակից»,- գրել է նա։ Փաշինյանի գրառումից հետո հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ընկերությանը: ՀԾԿՀ-ից փոխանցում են ՀԷՑ-ին տուգանել են արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Բացի այդ, այսօր վաղ առավոտվանից ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ի բոլոր մասնաճյուղերում, որոնց արդյունքում մի քանի մասնաճյուղի գործունեություն կասեցվել է։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: ԱԱԾ տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Արմեն Աբազյանը Փաշինյանի կառավարության օրոք ԱԱԾ-ի 5-րդ տնօրենն էր։ Նա այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի հանձնումից հետո, իսկ մինչև այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Մամուլը գրում է, որ Փաշինյանն Աբազյանին պաշտոնանկ է արել, քանի որ վերջինս նախօրեին հրաժարվել է կատարել ռուսաստանաբնակ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ձերբակալելու որոշումը։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն, այսօր հերքել է այս պնդումները՝ շեշտելով, որ չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իր որևէ հանձնարարություն կատարելուց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը