Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 19:30 14-07-2025

Սամվել Կարապետյանը նոր ուժ է ստեղծում, Փաշինյանը Բրյուսելում էր, հեղուկ գազը թանկացել է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 14-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Շուրջ 1 ամիս կալանքի տակ գտնվող բարերար և գործարար Սամվել Կարապետյանը նոր քաղաքական ուժ է հիմնադրում։ Այս մասին տեղեկանում ենք Կարապետյանի ուղերձից, որը նա հղել է կալանավայրից։ Ուղերձում նա շեշտել է, որ իրենց առաջին հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը, այն է՝ ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրվում։ «Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել հուլիսի 4-ին ու առ այսօր քաղաքացիական արիություն ցուցաբերած տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին։ Անկեղծորեն շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում ինձ։ Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ էլ արվեցին։ Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտահայտվել՝ ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը»,- ասել է նա։ Կարապետյանը հավելել է, որ անգամ այսօր վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։ «Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Անելո՛ւ ենք՝ մեր ձևով»,- եզրափակել է նա։

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Կառավարությունից հայտնում են, որ Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ։ Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ ղեկավարները ողջունել են Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։ Եվրամիությունը վերահաստատել է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ զգալի ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով, նշում է, որ Հայաստանում Եվրամիության ներդրումներն այժմ նախատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար Եվրամիությունը հայտարարել է անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին: Եվրամիությունը վերահաստատել է նաև իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը և հաշտեցումը խթանելու համար։ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև գնահատել են Հայաստանի շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայունությունը խթանելու համար, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով, նաև ասված է հաղորդագրությունում, որի տեքստը պաշտոնապես հրապարակել են կողմերը:

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպումներն ավարտելուց հետո աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Կառավարությունից տեղեկացնում են, որ այսօր Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նշվում է, որ հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը։ Հանդիպման օրակարգի վերբերյալ Երևանն ու Փարիզը դեռևս մանրամասներ չեն հայտնել։

Վերջին օրերին Հայաստանում կտրուկ թանկացել է հեղուկ գազը. օրեր առաջ լիտրը 120 դրամով էր վաճառվում, այժմ արդեն 170-ով: Մինչ կառավարությունը հեղուկ գազի թանկացման պատճառների մասին ոչինչ չի հայտնում, ոլորտի խոշոր խաղացողներն ահազանգում են հնարավոր դեֆիցիտի մասին. գազով բեռնված շուրջ 470 հայկական բեռնատար այս պահին Վրաստանից սահմանն անցնել չի կարողանում: Տեղական սպառման համար նախատեսված շատ մեծ ծավալի հեղուկ գազ Հայաստան չի հասնում: Վառելիք ներկրող ու վաճառող ամենախոշոր ցանցերից մեկից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ մեկ բեռնատարը միջինը 22 տոննա գազ է տեղափոխում, այսինքն այս պահին ավելի քան 10 000 տոննա վառելիք սահմանի այն կողմում է. - «Մեր վարորդներն 8-9 օր ա՝ էնտեղ են ու հլը բան չկա, հույս չկա, որ պետք ա թողեն վրացիները գան»: Ընկերության վարորդները Վրաստանում լրացուցիչ ծախսերից խուսափելու համար այժմ բեռն այնտեղ են թողնում, իրենք վերադառնում Հայաստան մինչև հերթն իրենց հասնի: Մեր զրուցակիցն ասում է՝ աշխատում են գերլարված պայմաններում, տեղյակ չեն, թե որն է խնդրի պատճառը: Բացառությամբ եղանակային և այլ օբյեկտիվ պատճառներով նախկինում եղած դժվարությունների՝ գազ ներկրողները այսպիսի խնդիրների երբեք չեն բախվել: Նկատենք, որ հեղուկ գազի շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը հաջորդում է հայկական կոնյակ ու ծաղիկներ տեղափոխողների արդեն մի քանի ամիս չլուծվող խնդիրներին:

Մանրամասները՝ տեսանյութում: