Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 15-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։Բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո նման որոշում կայացրեցՀակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ «Ամենազարմանալին այն է, որ առաջադրված մեղադրանքներից դատարանը միայն գտել է, որ հիմնավոր կասկածն առկա է առաջին` կոչի վերաբերյալ մեղադրանքում, իսկ մյուս մեղադրանքները, որոնք առաջադրվել էին պարոն Կարապետյանին, արձանագրել է, որ դրանցում բացակայում է հիմնավոր կասկածը։ Կալանքի հիմք արձանագրվել է փախուստն ու գործին խոչընդոտելը։ Դատարանը բացառել է նոր արարք կատարելու հիմքը»,–լուսադեմին լրագրողներին ասաց Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։ Նա ասաց, որ հենց վաղը դիմելու են Վերաքննիչ քրեական դատարան, հատուկ բողոք են ներկայացնելու և շարունակելու են պայքարը։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը դատարանի որոշումը անտրամաբանական է որակել՝ ընդգծելով՝ այն ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ «Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով»,– ասված է հայտարարության մեջ։ Պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնել երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու բոլոր աջակիցներին, որոնք դատարանի բակում էին, կամ հետևում էին իրադարձություններին հեռավար։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Երբ Սրբազանը մտավ դատարանի դահլիճ, ներկա գտնվող հոգևորականներն ու աջակիցները ոտքի կանգնեցին և ծափերով ողջունեցին նրան: Աջապահյանը դատարանում ելույթ ունեցավ և հայտարարեց` չի պատրաստվում խնդրել դատարանին, որ իրեն ազատ արձակեն։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի բերած հիմնավորումները համոզիչ չէին, այդ հիմքով կալանքից ազատման միջնորդությունը ենթակա է մերժման։ «Մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը հիմնավոր է ու պիտանի։ Այդ իսկ պատճառով կալանքը պետք է պահպանել։ Հաշվի առնելով վարույթի ոչ ծավալուն լինելը` կալանքի ժամկետը կերկարաձգվի 10 օրով` պահպանելով սահմանափակումները»,– ասաց Մելիքսեթյանը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ դատարանն անհիմն որոշում կայացրեց, և առարկություն ներկայացրեց կալանքի երկարաձգման մասով։ Դատավորը փաստաբանին առաջարկեց վերաքննիչ բողոք ներկայացնել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը 10 րոպե ժամանակ խնդրեց իրենց դիրքորոշումը հայտնելու համար։ Ընդմիջումից վերադառնալուց հետո նա միջնորդեց գործը փոխանցել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Դատավորը մերժեց այս միջնորդությունը։ Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։
Դատական նիստի ժամանակ դատավորը Միքայել Սրբազանին դիմեց ավազանի անուն-ազգանունով։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատողություն արեց դատավորին և նշեց․ «Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գեւորգ Աջապահյանը չեմ արդեն 37 տարի։ Ինձ բնակչության 99 տոկոսը ճանաչում է որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, եւ խնդրում եմ ինձ դիմել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանով, ոչ թե Գեւորգ Աջապահյանով»։ Այնուհետև Միքայել Սրբազանը նշեց, որ ոչ մի հանցանք այս աշխարհում և այս պետության հանդեպ չեմ արել: «50 տարի առաջ ես մտել եմ եկեղեցական ասպարեզ՝ հակադրվել եմ սովետական հսկայական կայսրության: Սովետական կայսրությունը այս սխալը չի գործել, ինձ չի կալանավորել»,- ասաց նա։ Միքայել Սրբազանը նաև նշել է, որ ինքը մշտապես քննադատել է նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությանը, սակայն երբեք այս իրականությանը չի բախվել: Նա ընդգծել է, որ սա դառնում է «ներկա իշխանությունների և իրենց կամակատարների խայտառակությունը և խարանը»: «Անկախ նրանից, թե ես կազատվեմ, թե կնստեմ 5 տարի՝ խարանը կմնա, բայց այս իշխանություններն ավելի մեծ խարան ունեն՝ Արցախի կորուստ, 5000 զոհ, և այլն, որոնք հազարապատիկ մեծ խայտառակություն են։ Այդ խայտառակությունների համար մեղադրեցին նախկիններին, բայց մեր ձերբակալության և կալանավորման համար նախկիններին մեղադրել չեն կարող: Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել, գցել խեղճ վարչապետի ջեբը», - ասել է Աջապահյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։