Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 13-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հայտնում է, որ առաջիկայում կներկայացվի «Մեր ձևով» շարժումը։ Այս մասին տեղեկանում ենք մոտ 2 ամիս կալանքի տակ գտնվող բարերարի նամակից, որը հրապարակել է նրա պաշտպանության խորհուրդը։ «Շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ եկեղեցին»,– գրել է նա։ Կարապետյանի խոսքով` «Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա ձևավորվելու է նոր քաղաքական ուժը, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ «Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»,– ընդգծել է նա։ Նա նաև հիշեցրել է, որ վաղը տեղի է ունենալու իր կալանքի վերաբերյալ դատական նիստը։ «Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք»,– նշել է Սամվել Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղըզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Կառավարության ղեկավարի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ արձակուրդում է լինելու: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Փաշինյանի փոխարեն կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գրիգորյանի գրասենյակից տեղեկությունն արդեն հաստատել են։ Փաշինյանի արձակուրդի որոշումից տեղեկանում ենք, որ նրան արձակուրդի սկզբում՝ օգոստոսի 12-13-ին փոխարինելու է Մհեր Գրիգորյանը, իսկ օգոստոսի 14-15-ին՝ Տիգրան Խաչատրյանը:
Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացված են, քանի որ Կարմիր խաչի գործունեությունը Ադրբեջանում փաստացի դադարեցված է։ Այս մասին , NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Մենք բազմիցս նշել ենք, որ խնդիրը քաղաքական է, հայ գերիներն իրապես ունեն պատանդի կարգավիճակ, քանի որ նրանց ազատ արձակումը կապված է քաղաքական օրակարգում առկա հարցերի լուծումից։ Իսկ առաջնահերթություն ներկայացնող հարցը հենց խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ադրբեջանը գերիների խնդրով ձևավորել է նոր լծակ, ինչը բազմիցս գործարկվել է։ Մեր գնահատմամբ, բացառապես այս գործընթացի համատեքստում, քաղաքական ճանապարհով է հնարավոր լինելու 23 հայերի ազատ արձակումը»,– ասել է նա։ Սահակյանը շեշտեց, որ հաշվի առնելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում «խաղաղության պայմանագրի» նախաստորագրման հանգամանքը, այս փուլում բարձր է գնահատում գերիների վերադարձի հավանականությունը։ Նա հիշեցրեց նաև, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում գերիների խնդրի մասին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է բարձրաձայնել։ «Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ է իրականացվելու և փաստաթղթերի ստորագրումից հետո լուծվելու է նրանց վերադարձի հարցը։ Մտահոգությունները կարող են կապված լինել հարցի հետ, թե վերադարձը տեղի կունենա փուլային տարբերակով, թե՞ 23 գերիները միանգամից կհայրենադարձվեն։ Չեմ բացառում, որ Ադրբեջանը գնա փուլային տարբերակի»,–հավելեց Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։