Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:10 23-07-2025

Սրբազանը կարող է հաղթել Փաշինյանին էլ, մյուսին էլ

Առջևում, իսկապես, լուրջ մրցակցություն է սպասվում ժողովրդի քվեին արժանանալու համար։ Շատերի կարծիքով՝ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ մրցակիցն է լինելու 2026-ին։ Բանտում գտնվելով, նա Փաշինյանի գլխավոր մրցակիցներից մեկն է։ Ոմանք հույս ունեն, որ Սրբազանը կհաղթի Փաշինյանին, այդ հույսով են ապրում։

«Փաշինյանը կարող է ինձ հաղթել։ Կարող է մյուսին հաղթել։ Բայց Եկեղեցուն չի հաղթելու։ Չի կարող հաղթել։ Անհնար է դա։ Որովհետև հավատքի վեմի վրա է հիմնված ամեն ինչ, և որևէ ձևով, որևէ կերպով, որևէ մեկը չի կարողացել և չի էլ կարող հաղթահարել դա»,- հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ինչո՞ւ է Բագրատ սրբազանը կարծում, թե Փաշինյանը կարող է իրեն, մյուսին հաղթել։ Սա հուսահատությո՞ւն է։ Եվ ինչո՞ւ է համոզված, որ եկեղեցուն չի կարող հաղթել։

Այո, իրավացի է Սրբազանը։ Ընտրություններում թեկնածուն կարող է հաղթել կամ պարտվել։ Եթե լավ կազմակերպի քարոզարշավը, լավ ծրագրով հանդես գա, ապա կարող է շահել ընտրողի վստահությունն ու հաղթել։ Կոնկրետ՝ Սրբազանը Փաշինյանին կարող է հաղթել ընտրություններում։ Եթե ժողովրդականություն վայելող Սրբազանը հանդես գա լավ ծրագրով, առողջ դիրքորոշումներով, ապա կարող է ստանալ ընտրողի քվեն ու հաղթել Փաշինյանին։ Եթե հանդես գա անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերից, խոստանա, որ ընտրվելու պարագայում Հայաստանը դուրս է բերելու ռուսական ազդեցության գոտուց, արագացնելու է ԵՄ անդամակցության գործընթացն, ապա կհաղթի Փաշինյանին։ Այսինքն՝ քաղաքական ռեալությանը համարժեք դիրքորոշմամբ հանդես գալու պարագայում հնարավոր է հաղթել հանրության մի մասի կողմից մերժված Փաշինյանին։

Եվ հակառակը, Փաշինյանը կարող է հաղթել Բագրատ սրբազանին նույն տրամաբանությամբ։ Եթե Սրբազանը շատ կոպիտ սխալներ չանի, ապա չի պարտվի։ Այս պահի դրությամբ՝ նրա վարկանիշն աճում է և հաղթելու շանսն էլ է աճում։ Եթե կրկնի 2024-ի սխալները, ապա պարտվելու հավանականությունը մեծ է։ Եթե նույն քաղաքական դիրքորոշմամբ հանդես գան նրա թիմակիցներն ու տպավորություն ստեղծեն, թե Բագրատ սրբազանն էլ, էն մյուսն էլ ռուսամետ ու բալանսավորված են, ապա, այո, Փաշինյանը կարող է հաղթել Սրբազանին էլ, մյուսին էլ։

Ուշագրավ է Բագրատ սրբազանի ընդգծումը, թե Փաշինյանը եկեղեցուն չի կարող հաղթել, որովհետև հավատքի վեմի վրա է հիմնված ամեն ինչը։ Այո, հավատքը հաղթանակի անհրաժեշտ պայմաններից մեկը։ Բայց պատմության մեջ բազմաթիվ ժողովուրդներ են կրոնափոխ եղել, եկեղեցիներ են վերակազմավորվել, քրիստոնեական ուղղություններ վերացել են։ Տրդատ Գ թագավորը քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն։ Որոշ երկրներում մի ժամանակ կաթոլիկ էին, ենթարկվում էին Պապին, այնուհետև բողոքական դարձան, բողոքական եկեղեցիները հոգևոր իշխանություն ունեն եվրոպական բազմաթիվ երկրներում։ Այնպես որ՝ Փաշինյանը եկեղեցուն նույնպես կարող է հաղթել։

Եվ հակառակը՝ եկեղեցու պաշտպանությունը հնարավոր է կազմակերպել այնպես, որ հաղթի եկեղեցին։ Այս դեպքում նախ պետք է սահմանել, թե ո՞րն է եկեղեցու գերագույն շահը տվյալ դեպքում և ընդհանրապես։ Այնուհետև եկեղեցին՝ լինելով պետության և ժողովրդի համար կարևոր կառույց, հաշվի առնելով քաղաքական ռեալությունը, կարող է լուծել իրեն առնչվող խնդիրներն ի շահ ազգի-պետության։ Այսինքն՝ ինչպես բազմաթիվ անգամ նպաստել է Հայաստանի անկախության պաշտպանությանը կամ Հայաստանի անկախության վերականգնման պայքարին, այնպես էլ այսօր կարող է ամուր-հաստատ կանգնել անկախության դիրքերում։ Այս պարագայում Փաշինյանը չի կարող հաղթել, ավելին՝ Փաշինյանը կարող է պարտվել։

Կարճ ասած՝ ինչքան էլ ոգևորիչ են Բագրատ սրբազանի՝ բանտից հղված գրառումները, այնուամենայնիվ՝ անհրաժեշտ է լուրջ հարցերում առաջնորդվել քաղաքական ռեալությամբ՝ ի սեր մարդու, ազգի և Աստծո։ Մանավանդ՝ երբ ժողովրդի մի մասը հույսեր է կապում Սրբազանի հաղթանակի հետ, անհարկի է կասկած տարածելը, ժամանակից շուտ հուսահատվելը, թե մրցակիցը կարող է հաղթել։ Հակառակը կարելի է ասել, որ Սրբազանը կարող է հաղթել Փաշինյանին էլ, մյուսին էլ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին