Տեսակետ կար, թե կաթողիկոսին գահընկեց անելու արշավը սահմանափակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներով։ Այսինքն՝ այնքան է գրելու, մինչև Գարգեին Բ-ի նյարդերը տեղի տան, և նա ազատի վեհարանը։ Սակայն պարզվեց, որ միայն գրելով չի սահմանափակվելու, այլ մտադիր է հանրահավաք կազմակերպել։
«Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,– հուլիսի 20-ին գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ե՞րբ տեղի կունենա այս հանդիպում-հանրահավաքը, և ի՞նչ շարունակություն կունենա։
Մամուլում այս թեմայով կանխատեսումներ եղան, թե հանդիպումը կազմակերպվելու է այսօր կամ վաղը։
Սպասվում է, որ կիրառվելու է վարչական ռեսուրս, այսինքն՝ ՔՊ-ականներից բացի Էջմիածնում հանրահավաքին մասնակցելու են նաև համայնքային աշխատողներ, քաղաքացիական հագուստով ոստիկաններ, այլ մանր ու մեծ պաշտոնյաներ։ Մասնակիցների զբաղվածությունը հաշվի առնելով, հնարավոր չի լինի նստացույց կազմակերպել, վրաններ խփել, լռվել և այլն։ Հանրահավաքին մասնակցող ծպտյալ պաշտոնյաներն ու ոստիկանները իրենց մասնակցությունը կարող են տարբեր կերպ հիմնավորել, շրջանցելով բուն խնդիրը։ Սակայն եթե նույն պաշտոնյան կամ ոստիկանը նստացույց անեն, ապա նախաձեռնությունը խոցելի կդառնա ժողովրդավարության առումով։
Հետևաբար ենթադրելի է, որ հանրահավաքը կավարտվի տեղում, խոստանալով հավաքվել մեկ կամ երկու շաբաթ անց։ Ակնկալվում է նաև, որ ոստիկանության մեծ թվով ուժեր կժամանեն Էջմիածին ապահովելու հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը։ Ըստ սոցցանցերում և մամուլում հրապարակումների՝ բազմաթիվ մարդիկ պատրաստվում են դիմադրություն ցույց տալ կաթողիկոսին գահընկեց անողներին։ Նրանց շարքերում կարող են լինել ագրեսիվ տրամադրված մարդիկ։ Չի բացառվում, որ կլինեն բախումներ կաթողիկոսափոխության ջատագով ներկայացողների և Գարեգին Բ-ի աջակիցների միջև։ Ու քանի որ հանդիպման մասնակիցների մեծ մասը լինելու են ոստիկան կամ պաշտոնյա, ապա բախումն այդպես էլ որակվելու է՝ հարձակում ոստիկանի վրա կամ հարձակում բարձր պաշտոնյայի վրա։
Այդ բախումների պատասխանատվությունը դրվելու է Մայր Աթոռի վրա, նրան ներգրավելու են որպես բախումների կազմակերպիչ և պատասխանատու։ Նույնիսկ եթե քաղաքական կամ քաղաքացիական կոնկրետ ուժեր, նախաձեռնություններ հայտարարեն, թե իրենք են դիմադրության կազմակերպման, այդ թվում բախման պատասխանատուները, միևնույն է՝ պատասխանատվության է կանչվելու Մայր Աթոռը որպես բախում հրահրող։ Իսկ եթե բախման արդյունքում նաև արյուն թափվի, ինչը տեսականորեն չի բացառվում, ապա այդ էլ է վերագրվելու Գարեգին Բ-ին, ծանրացնելով մեղադրանքը։
Այս ամենը հաշվի առնելով, Մայր Աթոռը, հավանաբար, կոչ կանի իր մարդկանց, քահանաներին, հավատացյալներին, հնարավորինս հեռու մնալ այդ հանդիպում-հանրահավաքից, որևէ կերպ չներքաշվել բախումների մեջ։ Սակայն իրականում դժվար է լինելու զսպել մարդկանց, քանի որ հանարահավաքի հռետորներն ու կազմակերպիչները, հավանաբար, կփորձեն սադրել, ծաղրել, վիրավորել Գարեգին Բ-ին, քահանաներին, եպիսկոպոսներին, հավատացյալներին, ժողովրդին։
Ամեն դեպքում՝ եթե Նիկոլ Փաշինյանը նախաձեռնի զանգվածային միջոցառումներ վեհարանն ազատելու նպատակով, ապա դրանք, ենթադրաբար, ուղեկցվելու են բախումներով։ Առաջին լուրջ բախումից հետո Գարեգին Բ-ին պաշտպանելու դիրքորոշում հայտնողներին կարող են ձերբակալել և մեղադրել կաթողիկոսափոությանը դիմադրելու, բախումներ կազմակերպելու, հրահրելու մեջ։
Կարճ ասած՝ Էջմիածնում հանդիպում կազմակերպելու խնդիրը Գարեգին Բ-ի աջակիցների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելն է, լռեցնելը, վախեցնելը, պասիվացնելը և այլն, որ ոք չդիմադրի վեհարանն ազատելու հարցում։ Իսկ երբ Էջմիածնում կաթողկոսափոխության օրակարգով հերթական հանրահավաքին ոչ ոք չփորձի խոչընդոտել, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, դիմելով հանդիպման եկածներին կարող է ասել՝ «Տեսե՛ք, ամբողջ ժողովուրդն այստեղ է, ժողովրդի մեջ կա կանսենսուս, ոչ ոք դեմ չէ, գնանք, ազատե՛նք»։
Թաթուլ Մկրտչյան