Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:20 16-07-2025

Պարտվելու ռեալ վախ կա, ընտրախախտումների վրա թքած

Ընտրությունների լեգիտիմությունը կարևոր գործոն է ազատ աշխարհում, ժողովրդավարական երկրների համար։ Այս առումով՝ ընտրախախտումները վտանգավոր են ժողովրդավարական պետության գոյության առումով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կներկայացնեն նոր հեռուստանախագիծ՝ «Կրթվելը նորաձև է»: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջերում և հրապարակել տեսանյութ. «Շուտով հայաստանյան հեռուստաեթերում։ Կրթվելը նորաձև է»,- գրել են նրանք։

Ո՞ր ալիքով է լինելու «Կրթվելը նորաձև է» հեռուստանախագիծը։ Արդյո՞ք սա ընտրախախտում է։

«Կրթվելը նորաձև է» հանդիպումներին, ըստ Աննա Հակոբյանի՝ մասնակցել են 11 հազար մարդ։ Դրանք անցկացվում են փակ դահլիճներում, ժողովուրդը չգիտի, թե ինչ են այնտեղ խոսում։ Ենթադրելի է, որ դահլիճային ձևաչափը սպառել է իրեն։ Նոր մարդիկ չեն մասնակցում։ Սակայն այդ հանդիպումներից տեսանկարահանված մեծ ծավալի նյութ կա, որը կարելի է իրացնել հեռուստանախագծում։ Կողմնակալ դիտորդները սա կարո՞ղ են որակել եթերով ընտրարշավ։

Դեռ այս նախաձեռնությունից առաջ, բազմաթիվ քննադատներ «Կրթվելը նորաձև է» հանդիպումների շարքը որակում էին ԱԺ 2026-ի ընտրություններին միտված ընտրարշավ, որի կազմակերպիչները փորձում են մարդկանց հավաքագրել, որոնց կարող են 2026-ին ներգրավել ընտրական գործընթացներին։ Ըստ Աննա Հակոբյանի՝ իրենց են միացել 12 հազար քաղաքացիներ։ Այսինքն՝ 12 հազարանոց բանակ արդեն հավաքագրել են։ Նիկոլ Փաշինյանը շփվելով, զրուցելով, նկարվելով մարդկանց հետ, փորձել է բարձրացնել իր վարկանիշը, իր անձի հանդեպ սեր ներշնչել։ Հիմնական խնդիրն, իհարկե՝ Նիկոլ Փաշինյանի հետմոդեռնիստական քարոզչությունն է, մանիպուլյացիաներն ու սպեկուլյացիաները։ Նրա ասելիքը քաղաքական բնույթ կամ աստառ ունի, նրան ուղղված հարցերի մի մասը ևս քաղաքական են։ Այս ամենի համադրությունը ողջամիտ կասկած է առաջացնում, որ «Կրթվելը նորաձև է»-ն Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարաշվն է, որն, ի դեպ՝ կազմակերպվում է հարկատուների միջոցներով, պետական բյուջեով։

Ընտրարշավի կարևոր բաղադրիչ է հեռուստաեթերով քարոզչությունը։ ԿԸՀ-ն ամեն նախընտրական շրջանում առանձին որոշմամբ սահմանում է հեռուստաեթերից օգտվելու անվճար և վճարովի րոպեները, գները։ Մարզային, մասնավոր հեռուստաալիքները ևս ներգրավվում են։ Հեռուստաեթերով, մասնավորապես՝ ազգային մուլտիպլեքսի ալիքներով հնչող քարոզչությունը հանրային լայն արձագանք է ստանում, անդրադառնում ընտրությունների արդյունքների վրա։ Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը դահլիճային ընտրարշավ էր անում։ Հիմա անցում է կատարում հեռուստաեթեր։ Ենթադրելի է, որ կհեռարձակվի ազգային մուլտիպլեքսով, կփակվեն ռուսական ալիքների որոշ հաղորդումներ, և դրանցով կհեռարձակվի «Կրթվելը նորաձև է» նախագիծը։

Ենթադրելի է՝ կա ռեալ վախ, որ եթե ՔՊ-ն պարտվի 2026-ի ընտրություններում, ապա հաջորդ իշխանությունները Նիկոլ Փաշինյանին կմեղադրեն ֆորպոստի վարչապետ լինելու, ռուսական շահեր սպասարկելու, այսինքն՝ դավաճանության մեջ։ Այս վախն է, հավանաբար, ստիպում Նիկոլ Փաշինյանին ուշադրությունը սևեռել վերընտրվելու խնդրին, ընտրություններից 11 ամիս առաջ մտնել հեռուստաեթեր ու քարոզարշավ սկսել, անտեսելով, կոպիտ ասած՝ թքած ունենալով, թե այս ամենի ընթացքում ինչ ընտրախախտումներ են անում։

ԿԸՀ-ն նախընտրական շրջանում պարտավոր է ապահովել հավասար պայմաններ թեկնածուների համար, այդ թվում՝ դահլիճային հանդիպումներ անցկացնելու և հեռուստաեթերից օգտվելու հարցերում։ Հավասար մրցակցային պայմանների խախտումը որակվում է ընտրախախտում։ Ընտրախախտում է նաև վարչական ռեսուրսի ներգրավումը, մասնավորապես՝ պետական բյուջեից ընտրարշավի վրա միջոցներ ծախսելը։ Այսինքն՝ եթե ԿԸՀ-ն սկզբունքային դիրքորոշում ունենա, ապա այսպիսի ընտրախախտումներ արած թեկնածուին կարող է չգրանցել։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հեռուստանախագիծը ՔՊ-ի ընտրարշավի մի մասն է։ Այսպիսով՝ ստեղծվում են անհավասար պայմաններ մրցակիցների միջև, կիրառվում է վարչական ռեսուրս։ Եվս մի քանի նման խախտում՝ և կողմնակալ դիտորդները 2026-ի ընտրությունները ոչ լեգիտիմ կորակվեն, ինչը մեծ հարված կլինի ժողովրդավարությանը, ժողովրդավարական Հայաստանի միջազգային վարկին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է