Ծերուկն անկառավարելի է դարձել, Անդրանիկ Քոչարյանն ընդդեմ ՔՊ խմբակցության. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները գրավոր դիմել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով տրամադրել իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփ զեկույցը` ծանոթանալու համար: Սակայն Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ՔՊ-ականներին հերթով մերժում է՝ չտրամադրելով այն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանը մերժման մեջ նշել է, թե պատգամավորները զեկույցին կծանոթանան այն ժամանակ, երբ ինքը ներկայացնի: Այսինքն` որոշել է միանձնյա ներկայացնել հանձնաժողովի անունից կազմված զեկույցը: Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Քոչարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին հետեւող Ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը: «Աշնանային նստաշրջանը երբ սկսվի, սեպտեմբերի 27-ը քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի լիագումար նիստը, կա՛մ 30-ին կա՛մ դրա հաջորդող օրը լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում, եւ օրը վերջնական կորոշվի։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ հենց այդ օրը ներկայացվի՝ լիագումար նիստի ընթացքում»,- հայտարարել էր Քոչարյանը, որը մի քանի անգամ արդեն տարբեր օրեր է մատնանշել` իբրեւ զեկույցի հրապարակման ամսաթիվ, բայց չի կատարել իր խոստումը: Իրականում նրա ներկայացրած զեկույցն արդեն իրավազուրկ է, քանի որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է, եւ զեկույցը չի ներկայացվել օրենքով սահմանված ժամկետներում: Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Քոչարյանի զեկույցը լինելու է «ոչնչի» մասին. նա խորամանկ քայլեր է անում այն թաքցնելով բոլորից` փորձելով այդպես իր արժեքն ու ազդեցությունը բարձրացնել»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած ՀԷՑ-ի ազգայնացման գործը դեռ սաղմնային շրջանում է, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն քասթինգ է հայտարարել ՀԷՑ-ի պետական կառավարչի տեղի համար: Նա, երկրի կառավարումը թողած, հարցազրույցներ է անցկացնում թեկնածուների հետ։ Հիշեցնենք, որ ազգայնացումը պետք է իրականացվի պետական կառավարչի մասնակցությամբ։ Մեզ ասացին, որ պատկերը հուսադրող չէ, կադրերի դեֆիցիտ կա: Հավակնորդների թվում է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը՝ «Չինգո» մականունով։ Փաշինյանը չի ցանկանում «դրսից» մարդ նշանակել, որ էլցանցերի մոտ 7 հազար աշխատակիցներին ընտրությունների ժամանակ ուղղորդեն իշխանության կողմը։ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք` աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես տեղամասի պետ, ԲԷՑ ՓԲԸ-ում՝ որպես մասնաճյուղի տնօրեն: 2018թ. եղել է ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրենը, 2018-ից մինչեւ 2022թ. հուլիսի 21-ը՝ «Բիգ էներգո» ՍՊԸ-ի փոխտնօրենը, 2022թ. հուլիսին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու գործերով առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին օրերին շատ քննարկվեց հանրային դաշտում: Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել եւ հանուն պաշտոնի ուրանալ ամեն ինչ։ Մելքոնյանի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ նա ոչ միայն իրավական հարցերում օրինավոր ու բարեխիղճ չէ, այլեւ՝ բարոյական, ընտանեկան: Նրա ընտանեկան, ընկերական շրջապատում երկար ժամանակ քննարկման առարկա է եղել վերջինիս բարոյական նկարագիրը, երբ բավականին երիտասարդ կնոջ հետ է կապվել եւ հեռացել ընտանիքից։ Մ․ Մելքոնյանը, հիշեցնենք, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, նա ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել անմեղ մարդկանց նկատմամբ, այլեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է դատել:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։


Ամենից շատ դիտված