Ուղիղ եթեր
Խաբել են՝ 2018-ին հեղափոխություն չի եղել, ֆորպոստում դրածո են փոխել
copy image url

Խաբել են՝ 2018-ին հեղափոխություն չի եղել, ֆորպոստում դրածո են փոխել

Միտք Ներքին 4 ժամ առաջ - 09:15 20-06-2025
Ցնցող հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին ԱԺ-ում 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման եզրափակիչ ելույթում։ «Եվ ես արձանագրում եմ, այո՛, 2018 և 2019 թվականին եղել եմ ֆորպոստի վարչապետ»,- ասել է նա։

Այս խոստովանությունը սենսացիոն է, քանի որ փշրում է ՔՊ-ական նարատիվը 2018-ին տեղի ունեցած հեղափոխության մասին։ Նա բաց խոստովանում է, որ սպասարկել է ռուսական շահեր՝ ֆորպոստի վարչապետ է եղել։ Անկախ երկրում, օրինակ՝ խորհրդային բռնազավթումից ազատագրված երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներում այսպիսի խոստովանություն անողն անմիջապես պաշտոնանկ կարվեր։

Իսկ նախքան հեղափոխությունը ՀՀ-ն ֆորպո՞ստ էր։

Ենթադրենք, թե մինչև 2018-ը ՀՀ-ն ֆորպոստ չի եղել, այլ անկախ երկիր։ Ու եթե Փաշինյանը 2018-ին ոչ թե անկախ Հայաստանի, այլ ֆորպոստի վարչապետ է եղել, նշանակում է՝ Մոսկվան է 2018-ին տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը, ՀՀ-ն վերածել ֆորպոստի ու վարչապետ նշանակել իր դրածոյին՝ Նիկոլ Փաշինյանին։

«2020 թվականի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում»,- շարունակում է Փաշինյանը։ Այսպիսով էլ խոստովանում է, որ 44-օրյայում պարտվելով, մեծացրել է ՀՀ կախվածությունը Մոսկվայից։ Համադրելով, կարելի է ենթադրել, որ 2018-ին ՌԴ-ն տապալել է ՀՀ իշխանությունը, ՀՀ-ն դարձրել ռուսական ֆորպոստ, իր դրածոյին նշանակել ֆորպոստի վարչապետ, որ նա 2020-ին պարտվի պատերազմում, նոյեմբերին ստորագրի կապիտուլյացիա ու դառնա ամենաֆորպոստի վարչապետ։

Եթե այս ենթադրությունը սխալ է, այսինքն՝ Հայաստանը 2018-ից առաջ էլ էր ֆորպոստ, և 2018-ից հետո էլ Նիկոլ Փաշինյանը շարունակել է մնալ ֆորպոստի վարչապետ, նշանակում է էական ոչինչ չի փոխվել, այսինքն՝ հեղափոխություն չի եղել 2018-ին։ Ֆորպոստում հեղափոխությունն ազատագրական ապստամբության ձև է ընդունում։ Օրինակ՝ Հունգարիայում 1956-ի տեղի ունեցած հեղափոխությունն, ըստ էության՝ ազգային ազատագրական ապստամբություն էր, որի նպատակն էր ազատագրվել խորհրդային-ռուսական ֆորպոստի կարգավիճակից, վերականգնել անկախությունն ու ժողովրդավարությունը։ Իմրե Նաձը իրապես դուրս եկավ ֆորպոստի վարչապետի կարգավիճակից ու գլխավորեց հեղափոխությունը։ Մոսկվան նրան առևանգեց, տարավ Մոսկվա ու գնդակահարեց։ Նաձը Հունգարիայի ազգային հերոս է։ 2018-ին տեղի ունեցածն այսպիսի հեղափոխություն չէր, քանի որ Փաշինյանը մնաց ֆորպոստի վարչապետ։ Այսինքն՝ ֆորպոստատերը 2018-ին պարզապես փոխել է ֆորպոստի վարչապետին, մեկ դրածոյին փոխարինել մեկ այլ դրածոյով։ Տեղի է ունեցել դրածոյափոխություն, ոչ թե հեղափոխություն։ Այսինքն՝ Փաշինյանը ֆորպոստի վարչապետի մասին տեքստով, ըստ էության՝ խոստովանեց, որ խաբել են ժողովրդին, ասելով, թե 2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն էր։

Սենսացիան այսքանով չի ավարտվում։ «2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ հասկանալով, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ: Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան»,- շարունակել է Փաշինյանը:

Այս ասելով նա, հավանաբար, ակնարկում է, թե Հոկտեմբերի 6-ը Մոսկվայից թելադրված չէ։ Նախ՝ կասկածելի է, որ ֆորպոստի վարչապետը ինքնագլուխ կստորագրեր Հոկտեմբերի 6-ն՝ առանց Մոսկվային տեղյակ պահելու։ Սրանից զատ՝ ՀՀ իշխանությունը Հոկտեմբերի 6-ից հետո ի՞նչ է արել, որը հիմք կտա ասելու, թե Նիկոլ Փաշինյանը հիմա ֆորպոստի վարչապետ չէ։ Ռուսական ռազմակայանը ՀՀ-ում է։ Լյուստրացիա չի եղել, ռուսական գործակալներն անարգել զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ։ ՀՀ-ն դուրս չի եկել ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից ԵԱՏՄ-ից։ Սովետը դեռ համարում են ընդհանուր հայրենիք։ Մայիսի 9-ին գնում են Մոսկվա պառադի։ Մոսկվայից մի զանգով՝ Հայոց պատմության դասագիրք են խմբագրում։ Ի վերջո՝ ինչպե՞ս կարող է անկախ Հայաստանի վարչապետը խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակն ուրանալ, Հունիսի 14-ին հիշատակի մեկ բառ չասել։ Այդպիսի փոքրոգություն կարող է դրսևորել միայն ֆորպոստի վարչապետը։

Կարճ ասած՝ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ լինելու մասին սենսացիոն խոստովանությամբ ապացուցեց, որ 2018-ին հեղափոխություն չի եղել։ Եվ քանի դեռ ՀՀ իշխանությունը ռուսական ֆորպոստի կարգավիճակից դուրս գալու իրական քայլեր չի արել, Փաշինյանը շարունակում է մնալ ֆորպոստի վարչապետ, ինչը նրան իմպիչմենտ հայտնելու լեգիտիմ հիմք է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:19 ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին
18:09 Սննդի անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ հաշվեհարդար. ինչու «Տաշիր պիցցա»-ն «հանկարծակի» վտանգավոր դարձավ
19:24 Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել. ինչ անում է՝ վախից դրդված. Ռուբեն Մխիթարյան
23:57 Եթե ՀԷՑ–ն ազգայնացվի, սեփականատերը միջազգային ատյաններում հաղթանակ կտանի. Արփինե Հովհաննիսյան
20:00 Ճնշումներ Օնիկ Գասպարյանի հանդեպ, ֆեյքերի «որս», այց օկուպացված Շուշի. ինչով կհիշվի Արմեն Աբազյանը
22:39 Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ փաստաբան
15:45 Գարեջուր տեղափոխող բեռնատար է շրջվել. քաղաքացիները հավաքել են չջարդված շշերը
22:00 Բնակարան, առանձնատուն, թանկարժեք մեքենա և գնումներ, 71 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
16:45 Շիրակի մարզում թմրամիջոց իրացնող ոստիկան է ձերբալվել. իրավապաշտպան
16:47 Երիտասարդը կյանքից զրկել է ընկերուհուն, իսկ մայրը օգնել է թաքցնել մարմինը