Քաղաքական ազնիվ մրցակցությունը ժողովրդավարության անհրաժեշտ պայմանն է։ Սակայն քչերն ունեն այդ ազնվությունը, այդ թվում՝ ՔՊ-ն։
«Այլ տարբերակ չկա. չեն փախչի։ Ոնց ասել եմ, ոչ մի ձուկ և մուկ չեն պլստալու։ Արդեն չեն պլստում ու դրանից են անկանոն շարժումներով ու գոռգոռոցներով լցրել երկիրը»,- Կառավարության հունիսի 5-ի նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Առերևույթ՝ սա կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի ձեռք բերված գույքն ազգայնացնելու մասին է։ Սակայն եթե խոսքը միայն դրա մասին է, ապա ի՞նչ իմաստ ունի ակնարկելը, թե արդեն «անկանոն շարժումներով ու գոռգոռոցներով լցրել երկիրը»։ Ակնհայտ է, որ ակնարկվում է քաղաքական հնարավոր մրցակիցների ակտիվության մասին, որոնք նույնպես, բնականաբար՝ պատրաստվում են առաջիկա ԱԺ ընտրություններին։ Այս համադրումից ենթադրելի է, որ Փաշինյանի խոսքը ոչ միայն թալանչիների դեմ պայքարն է, այլև սպառնալիք է ուղղված անցանկալի մրցակիցներին, որոնք կփորձեն մասնակցել 2026-ի քաղաքական մրցապայքարին։
Հիշենք, որ Գյումրիի քարոզարշավի ժամանակ ՔՊ առաջնորդը բոլոր մրցակիցներին անվանեց գող, թալանչի։ Մրցակիցներից մի քանիսը, որոնք նախկինների օրոք բարձր պաշտոն չէին զբաղեցրել, վիրավորվեցին վարչապետի խոսքից, հայտարարեցին, որ իրենք գող, թալանչի չեն։ Սակայն ՔՊ-ն, նրա թեկնածուն չխմբագրեցին իրենց առաջնորդի խոսքը, վիրավորված մրցակիցներին չսփոփեցին։ Ու սա հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա քաղաքական մրցապայքարում ևս Փաշինյանը բոլոր մրցակիցներին որակելու է գող, թալանչի։ Սա ազնիվ մոտեցում չէ։
Անազնիվ մեթոդները նորություն չեն ժողովրդավարության պատմության մեջ։ Ք.ա. 63 թ. Հռոմի կոնսուլի ընտրություններում առաջադրվել էին 7 թեկնածու՝ կոնսուլի 2 տեղի համար: Ընտրվելու իրական շանսեր ունեին պրետոր Կատալինան (Lucius Sergius Catilina), հռետոր Կիկերոնը (Marcus Tullius Cicerō) և Հիբրիդան (Gaius Antonius Hybrida): Ազնվական ծագում չունեցող Կիկերոնը քարոզարշավի ժամանակ հիշեցնում էր Կատալինայի արած ապօրինությունները, Աֆրիկայում պրետոր աշխատելու ժամանակ չարաշահումները, անհիմն հարստացումը և այլն։
Այս ամենից հետո Կիկերոնը ակնհայտ անազնիվ հնարքի է դիմում։ Ֆուլվիա անունով մի կին վկայություն է տալիս, իբր իր սիրեկանից (Կատալինայի աջակից՝ ոմն Քվինտ Կուրիոսից) լսել է, թե Կատալինան հակաժողովրդավարական հեղաշրջում է պատրաստում։ Այդ վկայության հիմա վրա մեղադրանքներ են առաջադրվում Կատալինիայի ու նրա թիմակիցների դեմ։ 63թ. նոյեմբերի 8-ին Յուպիտերի տաճարում «Օ՜, ժամանակներ, օ՜ բարքեր» ճառով Կիկերոնը բոլորին այնպես է տրամադրում Կատալինայի դեմ, որ վերջինս ստիպված լքում է Հռոմը։
Ներկայում Փաշինյանի ցանկալի մրցակիցը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Դատախազությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցով պահանջում է Քոչարյանի ընտանիքից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի ու շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ ու ավելի քանի 20 միլիարդ դրամ։
Այս ծավալուն հայցը պարունակում է ակնարկ ուղղված բոլոր քաղաքական ակտորներին, վերջիններիս թիմակիցներին, որ նրանց դեմ նույպիսի վարույթներ կհարուցվեն, եթե նրանք ժողովրդականություն կնվաճեն, ընտրություններում հաղթելու շանս ձեռք կբերեն ու կցրեն կա՛մ Փաշինյան, կա՛մ Քոչարյան ամոթալի երկընտրանքը։
Մի հարցում Փաշինյանը ճիշտ է։ Ազնիվ մրցակցության պարագայում նրա պարտության հավանականությունը շատ մեծ է։ Եվ եթե անազնիվ մեթոդի չդիմի, մրցակիցներին գող, թալանչի չանվանի, նրանց չսպառնա, ապա կպարտվի։ Այս առումով՝ իրոք, «այլ տարբերակ չկա»։
Պարզ ասած՝ Փաշինյանի՝ «այլ տարբերակ չկա» խոսքը վկայում է, որ նա պարտվելու վախեր ունի։ Հետևապես՝ ենթադրելի է, որ իշխանության համար առաջիկա մրցապայքարն ազնիվ չի ընթանալու, ընտրությունները ոչ միայն ուղեկցվելու են ատելության խոսքով, ինչպես 2021-ին, այլև մրցակիցների նկատմամբ անթաքույց սպառնալիքով։ Պատկերավոր ասած՝ ՔՊ-ի գլխավոր օրախնդիրը հետևյալն է՝ որտե՞ղ գտնել Ֆուլվիային, որը վկայություն կտա անցանկալի, բարդ մրցակիցների դեմ։
Թաթուլ Մկրտչյան