Ուղիղ եթեր
Պատրանքներ, իրականություն և վախեր. Փաստ
copy image url

Պատրանքներ, իրականություն և վախեր. Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:26 26-04-2022

«Փաստ» օրաթերթը գրում է․

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը յուրահատուկ էր մի քանի առումով։ Նախ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո Ծիծեռնակաբերդ բարձրանալը նաև պայքարի շարունակման խորհուրդ է ստացել, քանի որ Հայաստանն ու Արցախն այսօր ապրում են դժնդակ ժամանակներ։ Մանավանդ որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն ամբողջ ուժով փորձում են հերքել և նենգափոխել պատմական իրողությունները, այլև նոր սպառնալիքներ են ստեղծում հայ ժողովրդի գոյության համար։ Այս ֆոնին ուշագրավ դիտարկումներ կարելի է գտնել Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ հղված ուղերձում։

Առաջին հերթին աչքի է զարնում, որ այնտեղ որևէ խոսք չկա Թուրքիայի կողմից ժխտողականության քաղաքականության շարունակականության և սեփական պատմությանը առերեսվելուց հրաժարվելու մասին։ Փաշինյանը միայն հիշատակում է, թե իրենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ են վարում, հույս ունեն, որ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և կկարողանան այս ուղղությամբ շարժվել առաջ:

Փաստորեն, Հայոց ցեղասպանության տարելիցի կոնտեքստում ևս ՀՀ իշխանություններն առաջ են մղում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու «խաղաղության դարաշրջանի» թեման։ Ճիշտ է, դեռևս 2009 թվականին, երբ հայթուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով ընթանում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, ապրիլի 24-ի իր ուղերձում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս անդրադարձել էր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը երկկողմ հարաբերությունների հաստատման նախապայման չէ:

Սակայն այս անդրադարձը կատարվում էր, որովհետև այն ժամանակ խոսքը առանց որևէ նախապայմանի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին էր, և Հայաստանի ղեկավարի ուղերձում «թուրքական կողմի անկեղծ ձգտումների մասին» խոսք անգամ չկար։ Սակայն, ի տարբերություն 2009 թվականի, ներկայումս հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան է նախապայմաններով հանդես գալիս՝ հիմնականում նորանոր պահանջներ առաջ քաշելով Ադրբեջանի ձեռքով։

Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ երբ Փաշինյանն իր ուղերձն էր հղում, պարզվեց, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որն աշխատանքային այցով գտնվում էր Ուրուգվայում, ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամների, ցույց է տալիս աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որն իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում՝ խորհրդանշելով թուրքական ազգայնականությունը։ Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալ յանին հղած ուղերձում տեղ գտած ձևակերպումները տեղավորվում էին Հայոց ցեղասպանության իրողությունը կոծկելու և ընդամենը որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում ընդհանուր ողբերգություն ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության հերթական դրսևորման շրջանակներում։ Այս իրողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ պաշտոնական Անկարայի մոտեցումներում որևէ փոփոխություն չկա, թուրքը մնում է նույն թուրքը, ինչ մեկ դար առաջ էր, և նրանց հետ հնարավոր չէ ճանապարհ գնալ։

Եվ այս պայմաններում ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարող է խոսք լինել։ Ինչքա՞ն պետք է պատրանքներով առաջ շարժվենք, մի՞թե հաշվի չենք առնում պատմության դասերը, որ ոչ մի կերպ չի կարելի թուրքի վրա հույս դնել ու անընդհատ խոսել խաղաղությունից, ինչպես անում է Փաշինյանի ղեկավարած իշխանությունը։ Պատահական չէ, որ հայտնի ասացվածքն ասում է՝ եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու։ Ուշագրավ էր նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Փաշինյանի կատարած այցը և պահվածքը։ Նա հուշահամալիր գնաց միայն ԱԺ նախագահի և ՀՀ նախագահի հետ՝ մեկուսի, «կտրված» անգամ իր թիմի ներկայացուցիչներից՝ կառավարության անդամներից ու պատգամավորներից, իսկ ծաղիկներ խոնարհելուց հետո շատ արագ հեռացավ՝ երևի այլևս չկարողանալով լսել քաղաքացիների՝ թեկուզ հեռվից հասնող գնահատականներն ու որակումներն իր հասցեին։

Ավելին, այդ ընթացքում հատուկ ուղեփակոցով փակել էին ճանապարհը: Մի խոսքով, հերթական անգամ այնպիսի տպավորություն էր, որ Փաշինյանը վախեցած է ժողովրդական ցասումից, քանի որ հայ ժողովրդի գլխին բերված պատուհասը և թուրքերի հետ քիրվայություն անելու իշխանական օրակարգը մեծ հակազդեցություն է առաջ բերել։ Եվ պատահական չէ, որ ամեն մի քայլափոխի Փաշինյանն այլևս վախերով է առաջնորդվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին
18:00 Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բանտում տեսնելը Փաշինյանի մանկական երազանքն է