Ներքին 58 րոպե առաջ - 16:25 26-10-2026

Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած՝ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Տիգրան Պապիկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Կարո Խաչատրյանը և Գառնիկ Արշակյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում է անասունի սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրմասները՝ shamshyan.com կայքում։