Օրակարգ․ Իշխանությունը խոստովանեց` երևանցին մերժել է տրանսպորտի թանկացումը․ Մանուկ Սուքիասյան

Օրակարգ Ներքին 1 օր առաջ - 20:00 04-06-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Մանուկ Սուքիասյանի հետ զրուցել ենք Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակի երեկվա ասուլիսում տեղ գտած շեշտադրումների, մասնավորապես՝ հանրային տրանսպորտից գումարների թերհավաքագրման պատճառների, տրոլեյբուսներ չգնելու իրական պատճառների, չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագծի, դրա ընդունումը հետաձգելու և այլնի, կարմիր կետագծերում կայանման արժեքների թանկացման որոշումը չեղարկելու դատարանի վճիռը չկատարելու, Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մանուկ Սուքիասյանն ընդգծեց՝ իշխանությունը փաստացի խոստովանեց, որ երևանցին մերժել է տրանսպորտի թանկացումը։ «Փոխանակ, եթե իրենք համոզմունք ունեին, որ իրոք ինքնարժեքն էսպես ասենք 100-ից ավելի էր, պիտի ուղղակի ասեին՝ դե լավ, եկեք տենց անենք, որ մի հատ հասկանանք՝ դո՞ւք եք ճիշտ, թե՞ մենք ենք ճիշտ։ Բայց իրենք գնացին հակառակ ճանապարոհով, իրենք գնացին էդպես խարդավանքների միջոցով տրանսպորտային թանկացումների, իսկ այժմ կանգնած են․ ա՝ խոստովանում են, որ բոյկոտը կայացել է, և քաղաքացին խոշոր հաշվով մերժել է իրենց բերած բարեփոխումը՝ իր թանկացումներով հանդերձ, բ՝ որպես ատամների կռճտոց և որպես ջղաձգում՝ ինչ-որ օրենսդրական փոփոխությունների փաթեթ են ուղարկում Ազգային ժողով, որ շուտ արեք, մի քանի օրենք արագ-արագ փոխեք, որ մենք կարողանանք քաղաքացուն դարձնենք տուգանքի մատերիալ և ասենք՝ նայի հա, 150 դրամ չվճարես, մենք քեզ 10 հազար դրամով կտուգանենք։ Այսինքն՝ վախի ու պարտադրանքի տարբերակով են ուզում քաղաքացու վզին փաթաթել էս ուղևորավարձը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ «Մայր Հայաստան»-ը ժամանակին առաջարկել էր միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո ուղեվարձը 100 դրամ թողնել, հասկանալ ուղևորափոխադրումների իրական ծավալը, որից հետո էլ ըստ անհրաժեշտության սակագին սահմանել։

Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը դարձել է տուրիստական գործակալություն։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․