Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:17 28-05-2025

Լարվածություն Սյունիքի շուրջ. ինչ է ակնարկում Ռուսաստանը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոռուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը շարունակում է պահպանվել։ Վերջինս ընդգծել է նաև Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Երևանի և Բաքվի միջև։

Ուշագրավ է, որ այս հայտարարությունը հնչել է բավականին խորհրդանշական պահի՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցից անմիջապես հետո, ինչը խոսում է խորքային աշխարհաքաղաքական ուղերձների մասին։ Նախորդ շաբաթ էլ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր նման զգուշացում արել՝ նշելով, որ ԱՄՆ-ն փորձում է կանխել նոր պատերազմը։

Բելոուսովի հայտարարությունից կարող ենք ենթադրել, որ այն գալիս է հակասելու Ադրբեջանի դաշնակիցների այն պնդումներին, որ լարվածությունը նվազում է, իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է։ Այս հայտարարությունն առաջին հերթին ազդակ է հայկական կողմին՝ իբրև թե ցույց տալու, թե Մոսկվան տեղյակ է, տեսնում է և արձագանքում է տարածաշրջանային իրական վտանգներին։ Բայց միաժամանակ, սա նաև կցկտուր նախազգուշացում է Բաքվին, որ ռազմական կամ սահմանային նոր էսկալացիաները Մոսկվան կարող է անընդունելի համարել։

Ռուսաստանը կրկին հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բայց այստեղ հարց է ծագում՝ ո՞ր խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Այն, ինչ ակնկալում է Բաքուն, նշանակում է ուժի դիրքերից պարտադրված փաստաթուղթ՝ առանց Արցախի հարցի, առանց անվտանգության երկարաժամկետ երաշխիքների և առանց հավասարակշռված իրավական մեխանիզմների։

Ռուսաստանը, փաստացի, փորձում է այս հայտարարություններով վերականգնել իր միջնորդական հեղինակությունը, որն ակնհայտորեն տուժել է պատերազմից հետո։ Բելոուսովի ուղերձը իրականում շարունակությունն է Լավրովի այն հայտարարության, որ Մոսկվան դեռ գործոն է և դուրս չի մղվել Հարավային Կովկասից։

Սերգեյ Լավրովի այցը Հայաստան ներքուստ պարունակում էր կոշտ ուղերձներ՝ առաջին հերթին՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությանը։ Տրամաբանական է, որ անմիջապես այդ այցից հետո ռազմական ոլորտի պատասխանատուն՝ Բելոուսովը, հանդես է գալիս նման հայտարարությամբ։

Բելոուսովի խոսքերը Սյունիքի մասին նաև հիշեցում են, որ այդ տարածաշրջանը ռազմավարական խաչմերուկ է՝ մի կողմից՝ Հայաստանին Իրանի հետ կապող ուղի, մյուս կողմից՝ ադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» գաղափարի թիրախ։

Այսպիսով, Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը ուղիղ և ոչ այնքան, ուղերձներ է պարունակում. Երևանին՝ «դուք դեռ մեր ռազմական պաշտպանության կարիքն ունեք», Բաքվին` «մի՛ գերագնահատեք ձեր դիրքերը, հատկապես առանց Մոսկվային հաշվի առնելու», Արևմուտքին՝ «Ռուսաստանը դուրս չի եկել տարածաշրջանից և դեռևս ազդեցիկ դերակատար է»։

Կարճ ասած՝ Բելոուսովի խոսքերը պետք է ընկալել ոչ թե որպես իրավիճակի վերլուծություն, այլ որպես ազդակ, թե ում վերահսկողության ներքո է մնալու հետպատերազմյան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «խաղաղության օրակարգը»։

Փայլակ Չոբանյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի