Ուղիղ եթեր
Արհեստը՝ կամուրջ դեպի հայրենիք․ պոլսահայ ոսկերիչ Վարդանի պատմությունը
copy image url

Արհեստը՝ կամուրջ դեպի հայրենիք․ պոլսահայ ոսկերիչ Վարդանի պատմությունը

Ավելին 1 ամիս առաջ - 19:00 13-05-2025
Տարիների փորձն ու նպատակին հասնելու ցանկությունը Վարդանին դարձրել են արվեստով ապրող, ստեղծող ու ստեղծագործող, իր փորձն ու հմտությունները սերունդների փոխանցել ցանկացող ոսկերիչ։

Վարդանն Ուկրաինայում է ծնվել, 6 տարեկան էր, երբ ծնողների հետ ստիպված էր Թուրքիա՝ Ստամբուլ, տեղափոխվել։ Այստեղ էլ հաճախել է դպրոց, բայց մինչև 4-րդ դասարանը, մինչև հոր մահը։ Ուսումը կիսատ է թողել ընտանիքի բեռն իր աշխատանքով թեթևացնելու համար։

Վարդանի՝ ոսկու հետ աշխատելու առաջին հուշը հեռավոր 10 տարեկանից է, երբ սովորում և աշխատում էր վարպետ Սևան Նիզամյանի մոտ։ Այդ տարիների ընթացքում ձեռք է բերել «քար տեղադրողի» մասնագիտություն։ 7 տարի անց, երբ վարպետի մոտ աշխատանքը պակասել է, տեղափոխվել է «Royal Gold» ֆիրմա, որտեղ աշխատել է մոտ 3 տարի, քար տեղադրող։ Մասնագիտական հմտությունները զարգացնելու ձգտումն ու մասնագիտական աճի ցանկությունը նրան տեղափոխել են «Bagget-is Bacelli» ընկերություն։ Այստեղ Սարկիս Կապրիլյանի օգնությամբ Վարդանը սովորել է Baguette քարի տեղադրման բարդ տեխնիկան։ Այստեղ ձևավորվել է նրա հաջորդ նպատակը՝ ունենալ սեփական արտադրամաս։



«Դժվարությամբ, բայց մեծ ցանկությամբ ու հավատով ունեցա իմ արտադրամասը։ Գործընկերոջս՝ Էդվարդի, հետ 2 տարի աշխատեցինք, աշակերտ էլ ունեցա, որին ինքնուրույն էի սովորեցնում։ Հետո Ֆրանսիայից գործնական առաջարկ ստացա և որոշեցի փորձել ուժերս այնտեղ»,- պատմել է նա։

Ֆրանսիայում Վարդանն աշխատել է հիմնականում Cartier-ի պատվերների վրա, աշխատել է Sertiss’or ֆիրմայում։

Տարիներ հետո ճանապարհները Վարդանին նորից Ստամբուլ են տանում, որտեղ սկսում է ոսկերչական դիզայն սովորել։ Նրա խոսքով՝ զարդ ստեղծելու ընթացքում հետաքրքիրը և պատասխանատուն՝ փորագրությունն ու որոշ բնական քարերի տեղադրումն է։ «Ուշադիր լինել է պետք, որովհետև կան շատ փխրուն քարեր։ Մեր գործի մեջ կարևոր է իմանալ բոլոր նրբությունները՝ շքեղ, ամուր, համաչափ արտադրանք ունենալու համար»,- ընդգծում է Վարդանը։





Այսօր նրա նպատակն այլ է՝ իր փորձն ու հմտություններն օգտագործել հանուն հայրենիքի։

«Հայ վարպետները քիչ են, իսկ ես ցանկանում եմ իմ գիտելիքներն ու հմտությունները փոխանցել հայ երիտասարդներին»,- ասում է նա։





Վարդանի համար աշխատանքը պարզապես եկամտի աղբյուր չէ, այլ նաև ինքնաարտահայտման ձև։ Ասում է՝ երբեք չի մոռացել՝ ով է, որտեղից է, անգամ Ստամբուլի պես բազմազգ ու աղմկոտ քաղաքում։




«Սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ։ Յուրաքանչյուր պատվեր ինձ համար պարզապես գործ չէ, այլ մարդու վստահությանն արժանանալու պատասխանատվություն»,- ամփոփում է նա։

Մանե Կարապետյան

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
20:06 Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ․ քաղբանտարկյալ Լիդյայի նամակը՝ ՔԿՀ-ից