Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:30 30-04-2025

ՀՀ կառավարությունը չի կարողացել ապահովել ԼՂ փախստականների լիարժեք ինտեգրումը. Amnesty-ի զեկույցը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը Հայաստանի վերաբերյալ՝ ընդգծելով 2024 թվականին գրանցված մի շարք լուրջ խնդիրներ՝ փախստականների ճակատագրից մինչև խոսքի ազատության սահմանափակումներ։

Փախստականների իրավունքներ
Զեկույցում նշվում է, որ ՀՀ կառավարությունը դժվարություններ է ունեցել 100,000-ից ավելի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրման հարցում։ Փախստականների համար շարունակում են լուրջ խնդիր մնալ բնակարանի, աշխատանքի և կրթության հասանելիությունը։ Նրանց՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը մնում է չիրագործված։

Խաղաղ հավաքների ազատություն
2024-ի ապրիլ-մայիս ամիսներին, երբ հանրապետությունում բողոքի ցույցեր էին ընթանում՝ Տավուշի սահմանագծման և վարչապետի հրաժարականի պահանջով, ոստիկանությունը մի քանի անգամ կիրառել է ոչ օրինական ուժ։ Մասնավորապես՝ հունիսի 12-ին, Երևանի կենտրոնում բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի արդյունքում 101 մարդ է վիրավորվել, իսկ 98-ը՝ ձերբակալվել։ Հետագայում 15 մարդ մեղադրվել է խուլիգանության և հասարակական կարգի խախտման մեջ, սակայն ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։

Խոսքի ազատություն և մամուլի վրա ճնշում
Բողոքի ցույցերի ժամանակ հարձակումների են ենթարկվել լրագրողներ։ 14 լրագրող ու մեդիա աշխատող վնասվածքներ են ստացել։ Ոմանք հայտնել են, որ ոստիկանները նրանց հարվածել են կամ գետնին գցել։
Մարտի 22-ին ձերբակալվել են նաև ընդդիմադիր հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը՝ վարչապետ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար։ Նրանց դատավարությունը մեկնարկել է սեպտեմբերին, և եթե մեղավոր ճանաչվեն՝ կարող են մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտվել։

Շրջակա միջավայրի իրավունք
Ամուլսարի ոսկու հանքավայրին թույլատրվել է վերսկսել աշխատանքները՝ չլուծելով բնապահպանների կողմից բարձրացված ջրի և հողի աղտոտման հիմնախնդիրները։ Բազմաթիվ բնապահպաններ ենթարկվել են դատարանների միջոցով լռեցման փորձերի, ինչպես նաև՝ մեղադրվել են «ազգային անվտանգությանը սպառնացող գործունեության» մեջ։

Ընտանեկան բռնության դեմ պայքար
Ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել ընտանեկան բռնության մասին օրենքում՝: Նոր օրենսդրությամբ ընտանեկան բռնության սահմանումը ընդլայնվել է՝ ներառելով նաև տնտեսական, սեռական և հոգեբանական բռնությունները։ Արգելվել են նաև այնպիսի գործողություններ, ինչպիսիք են «կույսության ստուգումը», բժշկական միջամտության հարկադրանքը և առողջապահական օգնության սահմանափակումը։

ԼԳԲՏԻ համայնքի իրավունքներ
Զեկույցում նշվում է, որ ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականությունն ու խարանավորումը շարունակվում է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի որոշ անդամներ, որոնք աշխատել են ԼԳԲՏԻ անձանց հետ, ենթարկվել են սպառնալիքների և վիրավորանքների։

Քաղաքական և անվտանգության համատեքստ
Հայաստանն այս ընթացքում շարունակել է խաղաղ բանակցություններ Ադրբեջանի հետ՝ տարածքային վեճերի և սահմանային լարվածության պայմաններում։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները խորացրել են կապերը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրերի մասին։ Տեղի ունեցած հակասությունները նաև դրսևորվել են ներքաղաքական անկայունության ձևով։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն

Ձեզ գուցե հետաքրքրի