Երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հանրային վերաբերմունքը օրինապահության ցուցիչ է։ Ինչքան շատ են խախտում այդ կանոնները, այնքան բարձր է հանցավորության մակարդակը երկրում, այնքան շատ վնաս է պատճառվում պետությանն ու հասարակությանը, այնքան շատ խնդիրներ են առաջանում։
Խորհրդային բռնազավթման տարիներին ու անկախության առաջին երկու տասնամյակում հետիոտների մեծ մասը փողոցն անցնում էր ոնց պատահի, կարմիր լույսի տակ սպասողները քիչ էին։ 2009 կամ 2010 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ անդրադարձավ այս թեմային։ Դրանից հետո մարդկանց մեծ մասը սկսեց հանգիստ սպասել կարմիր լույսի տակ։ Այսինքն՝ քաղաքացիներն ընդօրինակում են իշխանությունների, կառավարության ղեկավարի վարքը, մոտեցումները, նրա անձնական օրինակը վարակիչ է, նույնիսկ այն դեպքում, երբ ցածր վարկանիշ ունի։ Հետևաբար՝ պաշտոնյան պարտավոր է սրբորեն պահպանել օրենքները, կանոնները, օրինակ ծառայել քաղաքացիներին։
Օրեր առաջ
Oragir.News-ը
գրել էր համացանցում ներկայացված բացառիկ տեսանյութի մասին, թե ինչպես է մարտի 13-ին ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտրոեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով, ու հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխայի հետ է լինում:
Նկատենք, որ այս հրապարակումից հետո կառավարությունից որևէ արձագանք չկա։ Ո՞վ էր այդ պաշտոնյան։ Կառավարության աշխատակի՞ց էր, նախարա՞ր էր, վարչապետի աշխատակազմի՞ց էր, թե՞ Փաշինյանն էր, որն ավտոմեքնան վարում էր հանդիպակաց գոտով, կարմիր լույսի տակով, արհամարհելով ճանապարհային կանոնները, ռիսկի ենթարկելով մարդկանց կյանքը։
Իշխանությունների անտարբերությունն աղմկահարույց այս հարցերին արդեն վատ հետևանքներ է ունեցել։ Կառավարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենայի կողմից խախտումն ու անպատիժ մնալը վարակիչ են դարձել։ Հաջորդող օրերին քաղաքացիները բազմաթիվ նման խախտումներ են տեսել Երևանում։ Քաղաքացիները, կարծես, օրինակ են վերցրել կառավարական ավտոմեքենայի վարորդից, ու անամոթաբար խախտում են կանոնները։
Եթե այս Prado-ի վարորդի արարքը չպատժվի, ապա որոշ ժամանակ անց, բնականաբար, կշատանան նաև ավելի մեծ օրինախախտումները, ավելի ծանր հանցագործությունները։ Դրանից կտուժեն բոլորը, ներառյալ ՔՊ-ական մեծ ու փոքր պաշտոնյաները, որոնք միասնաբար քար լռություն են պահպանում, պառտակելով իրենց գործընկերոջ կատարած հակահասարակական արարքը, երթևեկության կանոնների կոպիտ խախտման դեպքը։
Լավատեսները կարծում են, որ հանրային քննադատություններից հետո իշխանությունները կհասկանան այս պարզ բաները, և իրավապահները կառավարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենայով կանոններ խախտած վարորդին պատասխանատվության կենթարկեն։ Եվ այն կլինի հրապարակային, որ քաղաքացիները տեսնեն, թե ինչ պատժի է ենթարկվում օրինախախտը, ինչպես է կառավարությունը վերաբերվում նման օրինախախտում անողներին, հաշվի չառնելով նրա զբաղեցրած պաշտոնը կառավարությունում։ Իշխանությունների սկզբունքայնությունը տեսնելով, մարդիկ կվերագտնեն հավատն արդարության, օրինականության, արդարադատության հանդեպ, և օրինախախտումների աճ չի լինի։
Ցավոք, իշխանությունների վարքը շատերի մոտ հոռետեսություն է առաջացնում, թե կառավարությունը չի բացահայտի ու չի պատժի օրինախախտին, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ անհարգալից վերաբերմունք են դրսևորել օրենքի, իրավունքների հանդեպ ու չեն պատժվել։ Այսինքն՝ մարդկանց մի մասի կարծիքով՝ կառավարական Prado-ի վարորդը հանդիպակաց է վարել ցուցադրաբար, ակնարկելով, որ ՔՊ-ական կառավարությունը հարկ եղած դեպքում կարող է խախտել օրենքները, կանոնները, իրավունքները, քշել ժողովրդի վրա։
Պարզ ասած՝ մարտի 13-ի օրինախախտ վարորդի նկատմամբ իշխանության վերաբերմունքից պարզ կդառնա՝ Կառավարության ղեկավարն օրենքն ու ժողովրդին հարգու՞մ է, թե՞ կառավարական Prado-ն օրենքից ու ժողովրդից վեր է։
Թաթուլ Մկրտչյան