Նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե Հայաստանում վարորդական իրավունքի վկայականները համատարած կեղծ են, և վարորդները պետք է ատեստավորում անցնեն, համացանցում մի տեսանյութ տարածվեց, որում կառավարության հաշվեկշռում գրանցված մեքենան վարում էր հանդիպակաց՝ վտանգելով ուղևորների կյանքը։
Ժամեր անց սոցցանցերում այս կապակցությամբ բուռն քննարկումներ ծավալվեցին․ քաղաքացիները պնդում էին՝ պետք է հանրայնացվի, թե որ պաշտոնյան է եղել մեքենայի ղեկին և վերջինս պատասխանատվության ենթարկվի։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, Shamshyan.com–ում մեկնաբանություն է կատարել, տեղեկացրել՝ վարորդը տուգանվել է 50 հազար դրամով՝ միևնույն ժամանակ հարցեր առաջացնելով, թե որտեղից է նման ինֆորմացիայի տիրապետում, երբ ինքն այլևս պետական պաշտոնյա չէ։
Oragir.News–ը փաստաբան Արսեն Բաբայանից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց Նաիրի Սարգսյանը կարող էր նման ինֆորմացիայի տիրապետել և արդյոք այն հրապարակելն օրենքի խախտում չէ՞։ Ի պատասխան՝ Բաբայանն ասաց, որ իսկապես հետաքրքիր է, թե որտեղից է նա այդ մասին իմացել․ «Կա՛մ իր բարեկամն է եղել այդ վարորդը, կա՛մ էլ Ոստիկանությունում ունի աղբյուրներ, որովհետև պաշտոնական հարցմամբ չէր հասնցի անգամ դա իմանալ, իրեն չէին էլ տա այդ տվյալը»։
/Արսեն Բաբայան, փաստաբան/Արսեն Բաբայանն ընդգծում է՝ այդտեղ գաղտնիք չկա, բայց առնվազն տարօրինակ է, որ նախկին պաշտոնյան ոստիկանությունում կարող է աղբյուրներ ունենալ։ «Բայց եկեք լավով նայենք, մտածենք, որ վարորդն իր բարեկամն է եղել։ Երբ կառավարությունում էր աշխատում, գուցե իր բարեկամներին վարորդ է նշանակել, օրինակ»,- ասաց նա։
Oragir.News–ի հարցին՝ օրենքի խախտում չէ, որ Սարգսյանն այդ ինֆորմացիան սոցցանցերում հրապարակում է՝ փաստաբանը պատասխանեց․ «Խախտում այն դեպքում կլինի, երբ վարորդը, որին տուգանել են, հարց բարձրացնի, թե ինչո՞ւ է իր անձնական տվյալների վերաբերյալ ինֆորմացիա հրապարակել Նաիրի Սարգսյանը։ Անձինք ենթարկվում են վարչական պատասխանատվության, գաղտնի պահվող տեղեկություն չէ, տեղեկատվության տրամադրումը խնդրահարույց է այն պայմաններում, թե նախկին պաշտոնատար անձ լինելով, ինչ անօրինական կապերի ունի Ոստիկանությունում, որ կարողանում է այդպիսի ինֆորմացիա ստանալ։ Օրինակ ես չէի կարող նման տեղեկատվություն ստանալ, դրա համար պետք է փաստաբանական հարցում անեի, որին էլ գուցե պատասխանեին, գուցե՝ ոչ, ասեին, որ այլ անձի վերաբերյալ է և այլն, բայց ինքը կարողացել է շատ արագ դա ստանալ։ Ձեզ նույնպես՝ որպես լրատվամիջոցի, կարծում եմ չէին տրամադրի այդ տեղեկատվությունը, որովհետև անձի վերաբերյալ է։
Մյուս կողմից էլ հանրային ծառայողների հետ կապված այդ տվյալները պետք է ավելի թափանցիկ լինեին։ Այստեղ խնդիրն այն է, թե ով էր Նաիրի Սարգսյանը, որ կարողացել է ստանալ այդ տեղեկատվությունը և հրապարակել։ Սա նշանակում է, որ նա կա՛մ կառավարության փիարով է զբաղվում, կա՛մ կառավարությունից դուրս Ոստիկանության ծառայողների հետ ապօրինի հարաբերություններ ունի»։
Շաբաթներ առաջ էլ Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանն էր հայտարարել, որ 70 մլն դրամ շահած քաղաքացին 200 հազար դրամ վարկ է ստացել՝ պնդելով, որ շահումը կեղծ է եղել։ Հարցին՝ դա նույնպես օրենքի խախտում չէ՝ Արսեն Բաբայանը պատասխանեց, որ սա արդեն բանկային գաղտնիքի հրապարակում է։
«Եթե տվյալ քաղաքացին չի եկել ու իրեն ասել, ապա այստեղ բանկային գաղտնիքի խնդիր կա, թե ոնց է բանկային գաղտնիքն իրեն հասանելի դարձել։ Այստեղ անպայման պետք է ստուգվի այս ինֆորմացիան, քանի որ դրանում հանցանքի տարրեր կան։ Բանկային գաղտնիքի կանոնը խախտվել է։ Անպայման պետք է հասկանալ՝ ով է եղել այն պատասխանատու անձը, որի միջոցով բանկային գաղտնիքը արտահոսել է։ Դա արդեն լիազորությունների լուրջ գերազանցում է, որի մասով պետք է համապատասխան ուսումնասիրություն լինի»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան