Նախընտրական շրջանում ցայտուն է երևում կուսակցության սոցիալական հենարանը։ Մասնավորապես՝ սոցիալական ո՞ր շերտը ՔՊ-ին ձայն կտա մարտի 30-ին Գյումրիի և Փարաքարի ընտրություններում։
Անցյալ տարի իրականացված մի շարք հարցումները ցույց են տվել, որ ՔՊ-ի վարկանիշը ցածր է։ Կրթված, տեղեկացված, սկզբունքային, միջին եկամուտներ ունեցող մարդկանց մի մասը ՔՊ-ին չի համակրում։ Ընտրություններին անտարբեր են աղքատների մեծ մասը, քանի որ նրանք սոցիալական տագնապներ ունեն և քաղաքականության մասին մտածելու ժամանակ չունեն։ Նախկինում օրվա իշխանությունները փողով գնում էին այս խմբերի մարդկանց մի մասի ձայները։ Ինչպե՞ս է վարվելու ՔՊ-ն գյումրեցի աղքատների հետ։
Աղքատությունը չարիք է։ Նորմալ երկրներում բարիք ստեղծելը համարվում է մարդու գլխավոր առաքելությունը, բարիք ստեղծելու ընդհանուր առաքելության շուրջ են միավորում գրադանավարին ու միլիոնատեր գործարարին, պատգամավորին ու կթվորուհուն, բոլոր աշխատողներին։ Քաղաքականություն որոշողը ներդրումներ է ներգրավում, սոցիալական բարեփոխումներ իրականացնում, բարեկեցության մակարդակը բարձրացնում։ Արդյունքում աղքատների տոկոսը ձգտում է 0-ի։
Կա նաև աղքատության վերացման զարտուղի ճանապարհ։ Այս դեպքում հարստությունն են համարվում չարիք, ատելություն հրահրում հարուստների և հարստության հանդեպ, հալածում հարուստներին, հետո միջին խավին, ինչպես, օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին։ Այս դեպքում աղքատությունը փաստացի աճում է։ Բայց քանի որ լավ ապրող մարդիկ հալածվում են, հեռանում կամ անցնում ընդհատակ, ապա ոչ ոք վատ չի զգում, չի ամաչում, որ ինքն աղքատ է։
Տպավորություն է, որ ՔՊ-ն գնում է երկրորդ ճանապարհով։ ՀՀ-ում աղքատությունը դեռ մեծ տոկոս է կազմում։ Իրականացվող բարեփոխումները, օրինակ՝ Երևանի տրանսպորտային բարեփոխումները, սոցիալական բեռ են ավելացնում։ ՔՊ-ական իշխանությունները ամեն առիթով ատելություն են բորբոքում, ժողովրդին բաժանում մասերի, տվյալ դեպքում՝ թալանչիների և նրանց արյունը խմելու ծարավների, ատելություն ներշնչում այն հարուստների հանդեպ, որոնք ՔՊ-ական կամ ՔՊ-ի նվիրատուն չեն։
Կանխատեսվում է, որ ՔՊ-ն ընտրակաշառք չի բաժանելու Գյումրիում, սակայն ձգտելու է ստանալ աղքատների ձայները։ Որոշ փորձագետների կարծիքով՝ աղքատների ձայները շահելու համար Փաշինյանը փորձում է աղքատի կերպարի մեջ մտնել, մաշված շոր ու կոշիկ հագնել, էժան կեպի կրել, չհետևել առողջությանը, մասնավորապես՝ չսարքել ատամները և այլն։ Սակայն նրա և աղքատ մարդու ամենամեծ ընհանրությունը հարուստների հանդեպ ատելությունն է։ Նա էքսպրոպրիացիայի անհագ ծարավ ունի։ Սա է պատճառը, որ նախընտրական շրջանում Փաշինյանը բորբոքում է ատելություն հարուստների հանդեպ, քարոզչությունը կառուցում «ժողովրդից թալանվածը» հետ բերելու թեմայի վրա։
Հարուստերի հանդեպ ատելություն հրահրելով, հարուստներին հալածելու խոստումներով ու այս հարցում առաջնորդություն ստանձնելով, Փաշինյանը մտնում է աղքատների թագավորի կերպարի մեջ, հույս փայփայելով, որ աղքատները իրեն կքվեարկեն, ու նա չի կկորցնի իշխանությունը։ Իրականում, սակայն, Փաշինյանը վաղուց աղքատ չէ, աղքատների հետ իրական ընդհանրություն չունի։ Իսկ ատում է միայն այն հարուստներին, որոնք իրեն, իր թիմին հավատարիմ չեն, մեծ նվիրատվություններ չեն անում ՔՊ-ին ու ՔՊ-ի հետ ասոցիացվող հիմնադրամին։ Այսինքն՝ Փաշինյանը աղքատների ֆեյք թագավոր է։ Եվ աղքատ գյումրեցին կարող է նրան չընտրել։
Պարզ ասած՝ հույս կա, որ ՔՊ-ի ատելության քարոզին չտրվող ու ատելությամբ չսնվող գյումրեցին մարտի 30-ին քվեատուփի առաջ կհասկանա, որ թալանը հետ բերելու թեման աղքատության կրճատման վրա էապես չի ազդում, ընդամենը խայծ է, որով մոլորեցնում են ատելությունից կուրացածներին։ Իսկ Փաշինյանը քաղաքական մրցակիցներին գող ու թալանչի է անվանում, սպառնում ունեզրկել ոչ թե արդարության, այլ իր իշխանությունն ամրացնելու, մյուս հարուստներին վախեցնելու, 2026-ին վերարտադրվելու ճանապարհը հարթելու համար։
Թաթուլ Մկրտչյան