Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց»։ (Մատթեոս 7։12; Ղուկաս 6։31)։ Ոսկե կանոնն է։ Հայրերը խորհուրդ են տալիս Ոսկե կանոնով կառուցել ընկերական, ընտանեկան, սոցիալական կյանքը։ Եթե դիմացինիդ լավություն ես անում, չզարմանաս, երբ քեզ լավություն կանեն։ Եթե խաբում ես, ապա մեկ ուրիշը քեզ կխաբի։ Սիրում ես, սիրված կլինել։ Մարդիկ քեզ կհարգեն, երբ հարգես մարդկանց։ Դիմացինիդ անձնական վիրավորանք ես հասցնում, պատրաստ եղիր համարժեք վիրավորանքին։
Շատ պարզ այս կանոնը, ենթադրաբար՝ ծանոթ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Գրում եմ, որ 2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ և դրան 800-ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, բարձրաձայնեք, որ ուրիշներն էլ ստանան։ Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն, Դուք էլ մոդային եք հետեւում։ Փոխարինե՛նք մոդան նորակերտ պետականությամբ»,- մայիսի 15-ին իր էջում գրել է վարչապետը։
Փաշինյանի՝ փաստացի մեկնարկած քարոզարշավի գրեթե ամեն խոսքի մեջ ատելություն կա, որը հաճախ անհասցե է։ Օրինակ՝ նշված գրառման մեջ պարզ չէ, թե նրա կարծիքով՝ ովքե՞ր են վնգստում։ Պատերի տակ վնգստացող դատավորնե՞րը, որոնք քննում են կոռուպցիայի վերաբերյալ գործերը, ընդդիմադիր պատգամավորնե՞րը, որոնք կոռուպցիայի մասին հարցեր են ուղղում, թե՞ լրագրողներն են, որոնք կոռուպցիայի վերաբերյալ լուրեր են հրապարակում։ Քանի որ պարզ չէ, թե ըստ նրա՝ ովքեր են վնգստացող ոմանք, ապա կարելի է ենթադրել, որ նա բոլորին, ժողովրդին է համարում վնսգտացող։
Գիտակցո՞ւմ է վարչապետը, թե ի՞նչ հետևանք կունենա մարդկանց վնգստացող որակելը։ Նա ուզո՞ւմ է, որ մարդիկ հակադարձեն նույն բառով, այսինքն՝ ասեն՝ Փաշինյանը վնգստում է, վնգստացող վարչապետ։ Նորակերտ պետականությունն ի՞նչ շահեց, երբ Փաշինյանը ոմանց վնգստացող որակեց, կամ նորակերտ պետականությունն ի՞նչ կշահի, եթե քաղաքացիները, ժողովուրդն ինքնաբերաբար կամ Ոսկե կանոնով կհակադարձեն, Փաշինյանին կասեն՝ վնգստացող վարչապետ։
Ջենտլմենը հասարակության վարվեցողության կանոններն ու վարքի նորմերը խստորեն պահպանող մարդն է։ ՀՀ քաղաքացիական հասարակությումում այդ տիպը պարոնն է։ Այսինքն՝ եթե պարոն ես կամ ջենտլմեն, ապա պարտավոր ես հետևել քաղաքավարության նորմերին, առաքինի վարք դրսևորել, հարգել դիմացինին։ Քաղքենիաժողովրդավարական վերափոխումներից հետո պարոնայք նաև քաղաքականություն են որոշում։ ՀՀ-ում նույնպես պարոնայք են որոշողները։
Խուլիգանները, շնաբարո դուրսպրծուկները չեն հարգում արժեքը, օրենքը, խախտում են հասարակական կարգը, անպարկեշտ վարք դրսևորում, հայհոյախոսում, ուղղակի կամ անուղղակի վիրավորում բոլորին։ Այս մարդիկ վատ են զգում, երբ նրանց դիմում ես պարոնով, քանի որ պարոն լինելն ինքնին կաշկանդում է վերջիններիս, սահմանափակում, որ պիտի բարեկիրթ լինեն, քաղաքավարի, հարգեն դիմացինին։
Վարչապետը պարոն պիտի լինի։ Բարձր պաշտոնը պարտադրում է լինել պարոն, խստորեն հետևել քաղաքավարության նորմերին, առաքինի վարք դրսևորել, հարգալից վարվել դիմացինի, գործընկերների, քաղաքացիների, մրցակիցների, հակառակորդների հետ։ Փաշինյանի այս գրառումը տգեղ է, ռիսկային, վայել չէ պարոնին։ Այսպիսով նա ոչ միայն հրապարակավ վիրավորում է մարդկանց, այլև տպավորություն է ստեղծում, թե երկրի բարձրագույն պաշտոնյան կարող է պարոն չլինել։ Հետագայում վարչապետի պաշտոնին կարող են հավակնել խուլիգանը, հայհոյախոսը, անդաստիարակը, անառակը և նման այլ տականք։
Կասկած կա, թե Փաշինյանը սադրում է, որ ոմանք համարժեք հակադարձեն, ու հետո վեճ-ծեծկռտուք լինի, հակադարձողին ոհմակով ծեծեն, ստորացնեն։ Ինչպես ասում են՝ «կպի՝ տփենք»։ Այսպես կաղավաղվի իշխանության մասին ժողովրդի պատկերացումը։ Իշխանությունը պետք է ջանք գործադրի ներքին խաղաղություն ապահովելու համար, ոչ թե լարվածություն հրահրի վիրավորական գրառումներով։
Կարճ ասած՝ լավ չի լինի, եթե Ոսկե կանոնի օրինաչափությամբ՝ Փաշինյանին վնգստացող անվանեն։ Պատկերացնո՞ւմ եք պետություն, որտեղ վարչապետը ժողովրդին է ասում՝ «վնգստացող», ժողովուրդը վարչապետին է ասում՝ «վնգստացող»։ Այսպիսի իշխանությունն ու ժողովուրդը և՛ բարեկեցության յուղն ու բրինձը կկորցնեն, և՛ առաջընթացի ձին։
Թաթուլ Մկրտչյան