Արտաքին 1 տարի առաջ - 12:16 16-05-2025

Թուրքիայի նախագահի լիազորությունները փոխանցվել են Ջևդեթ Յըլմազին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին։

Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Էրդողանի ստորագրած համապատասխան հրամանագրին։

Հաղորդվում է, որ Էրդողանը մեկնում է Ալբանիա, ուստի մինչև նրա վերադարձը նրա պարտականությունները կկատարի Ջևդեթ Յըլմազը։ Ալբանիայում Թուրքիայի նախագահը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:

Նշենք, որ Ալբանիայում է նաև Նիկոլ Փաշինյանը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում 2022-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչից հետո էլ տեղի ունեցավ Արցախի շրջափակումը, այնուհետև՝ բռնազավթումն ու հայաթափումը։