Ներքին 56 րոպե առաջ - 19:52 29-09-2026

Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ստեփանակերտի բենզինի պահեստի աղետալի պայթյունից անցել է ուղիղ երեք տարի, սակայն հարյուրավոր տուժած ընտանիքների համար ողբերգությունը ոչ միայն չի ավարտվել, այլև տեղափոխվել է բյուրոկրատական անտարբերության դաշտ։ Պետական գերատեսչությունները շարունակում են մերժել զոհվածների և վիրավորների հարազատներին որևէ հստակ իրավական կարգավիճակ տրամադրելու հարցում։

Այս երեք տարիների անդադար պայքարի, փակ դռների և խոստումների մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Լիլիթ Ավանեսյանը, ով այդ դժոխքում կորցրել է ամենաթանկը՝ ամուսնուն և ամուսնու եղբորը։

Լիլիթի խոսքով՝ անցած տարիներին իրենք դիմել են հնարավոր բոլոր ատյաններին՝ Պաշտպանության նախարարությունից մինչև Ազգային ժողով և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն։ Հանդիպում է եղել անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրա քարոզարշավի ժամանակ, որտեղ հնչել է հերթական խոստումը, թե հարցին կարճ ժամանակում լուծում կտրվի։

«Ում դիմել ենք, հիմնականում բոլորն ասում են, որ քննարկվում է, ինչ-որ հանդիպումներ են կայացնում, որպեսզի հասկանան՝ ինչ որոշում կարող են մեր համար անել... քարոզարշավից հետո անցել է արդեն 3-4 ամիս, ու ոչ մի պատասխան չկա իրենցից»,- ասում է Լիլիթ Ավանեսյանը։

Վերջինիս խսքով՝ կառավարությունը համառորեն հրաժարվում է կատարվածը ճանաչել որպես պատերազմական գործողությունների ուղղակի հետևանք։ Փոխարենը փորձում են ինչ-որ «առանձին ծրագիր» մշակել, որի բովանդակությունը՝ լինի դա դրամական աջակցություն, թե արտոնություններ, մինչ օրս անհայտ է։

Տուժած ընտանիքների համար ամենասուր խնդիրներից մեկը բնակարանային ապահովումն է։ Արցախից բռնի տեղահանվածների համար գործող ընդհանուր ծրագրի պայմանները (կայուն եկամտի շեմ, աշխատանքի պարտադիր առկայություն) այս խմբի համար պարզապես անհաղթահարելի են, քանի որ շատ ընտանիքներ կորցրել են իրենց կերակրողներին, իսկ տասնյակ վիրավորներ ի վիճակի չեն աշխատել։

Լիլիթի առաջարկը՝ փոխել կամ բարձրացնել ֆինանսական շեմը հատուկ այս ընտանիքների համար, պաշտոնյաները կտրուկ մերժել են՝ պատճառաբանելով, թե «չեն կարող տարբերություն դնել»։

«Ասեցի՝ բայց ինչու չեք կարող... մարդիկ կան՝ նորմալ ընտանիքներ ունեն, ուժ ունեն, աշխատող՝ ամուսին, կին, մեծ տղա... բայց էս մարդիկ ոչ մի բան չունեն»,- շեշտում է մեր զրուցակիցը՝ մատնանշելով սոցիալական ծանր վիճակը։

Լիլիթի ներկայացմամբ, ամենաանհեթեթ իրավիճակը ստեղծվել է զոհված աշխարհազորայինների շուրջ։ Պաշտպանության նախարարությունը նամակներին պատասխանում է կարճ՝ «ՀՀ օրենսդրության մեջ էդպիսի օրենք չկա»։

Լիլիթ Ավանեսյանը պատմում է պաշտպանության փոխնախարարի հետ ունեցած իր հանդիպման մասին․ «Ասեց՝ իրենք երբ բարձրանում են դիրքեր, համարվում են զինծառայող, իսկ երբ էդ դիրքերից իջնում են, համարվում են սովորական քաղաքացի»։

Սրան ի պատասխան՝ Լիլիթը պահանջել է ցույց տալ գոնե մեկ պաշտոնական հրամանագիր, որով ռազմական դրության պայմաններում այդ զինվորներին «իջեցրել են» դիրքերից, ինչը, բնականաբար, նախարարությունը չի կարողացել անել։

Ավելին, ընտանիքները ներկայացրել են անհերքելի փաստեր, որ զոհվածները վերջին ամիսներին «Արցախբանկով» աշխատավարձ են ստացել հենց որպես աշխարհազորային կառույցի անդամներ։ Պետությունը սկզբում հաստատել է այս փաստը, հույս տվել, սակայն երկու ամիս անց կրկին ուղարկել է մերժում։

«Սկզբնական շրջանում հույսեր կային, որ գոնե կփոխհատուցվեն գերեզմանների բարեկարգման ծախսերը։ Տուժածներին կանչել էին Արցախի ներկայացուցչություն, հավաքագրել բոլոր փաստաթղթերը։ Սակայն զանգեցին, ասեցին՝ ձեզ հանել ենք ցանկից՝ պատճառաբանելով, որ աշխարհազորայինը չի համարվում զինծառայողի կարգավիճակին հավասար»,- պատմում է Ավանեսյանը։

Այս ամենին զուգահեռ՝ Քննչական կոմիտեի պատասխանատուներն ընտանիքներին բաց տեքստով հայտնել են, որ իրենց ձեռքում ոչինչ չկա, քանի որ չեն կարողանում գնալ և տեղում ուսումնասիրել դեպքի վայրը (որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ)։

Իրավիճակն այնքան ծայրահեղ է, որ տուժածներից շատերը (օրինակ՝ Անուշ Շահրամանյանը) ստիպված են եղել անհատապես դատարաններ դիմել՝ սեփական հարազատներին գոնե «անհայտ կորած» ճանաչելու համար։

Պետությունը, որը չկարողացավ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը հայրենիքում, այսօր հրաժարվում է ստանձնել նաև նրանց հիշատակի ու հարազատների սոցիալական գոյության պատասխանատվությունը՝ 218 զոհերի ընտանիքներին թողնելով բյուրոկրատական անդունդում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի