Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, նրա կնոջ Հռիփսիմե Մելքումյանի և վերջիններիս հետ բնակվող Վոլոդյա և Անահիտ Ղալումյանների 2023 թվականի հայտարարագրերը
Հիշեցնենք՝ Ղալումյանը 2019-2021 թվականներին եղել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, իսկ 2021 թվականի ապրիլի 8-ին նշանակվել է Տավուշի մարզպետ և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
Որպես անշարժ գույք՝ Ղալումյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս և բնակարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքում, որոնք նվիրատվություն է ստացել 2008 թվականի օգոստոսի 11-ին, համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը գնել է 2022 թվականի փետրվարի 9-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ արտադրական շինություն՝ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում, որը գնել է 2010 թվականի մարտի 5-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Ղալումյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021 թվականի հոկտեմբերի 7-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։
Վերջինս Հայէկոնոմբանկում ունի 408․000 և 905․200 դրամ անվանական արժեքով արժեթղթեր, որոնք ձեռք է բերել 2015-2016 թվականներին։
Ղալումյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 7 մլն 351․810 դրամ, տարեվերջին՝ 5 մլն 844․183 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 13 մլն 100 հազար դրամ և 15 հազար դոլար կանխիկ գումար, տարեվերջին՝ 2 մլն դրամ, 15 հազար դոլար։
2023 թվականի հաշվետու տարում Տավուշի մարզպետի եկամուտները կազմել են 16 մլն 650․953 դրամ, որից 12 մլն 614․040 դրամը և 2 մլն 422․400 դրամը Տավուշի մարզպետի աշխատակազմից և Տավուշի մարզպետարանից ստացած աշխատավարձն է, 1 մլն 600․113 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը, 14․400 դրամը՝ Հայէկոնոմ բանկից ստացած շահաբաժինը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 109․825 դրամ։
Ղալումյանը 2023 թվականի ընթացքում 2 մլն դրամը գերազանցող՝ 13 մլն 200 հազար դրամ արժեքով նվիրատվություն է ստացել, որի մանրամասները չի հստակեցրել։
Մարզպետի կինը՝ Հռիփսիմե Մելքումյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 հողամաս՝ Տավուշի մարզի Իջևան և Գեղահովիտ համայնքներում, որոնք գնել է 2014 թվականի հուլիսի 10-ին, և 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, ինչպես նաև բաժնային՝ ¼ և համատեղ սեփականությամբ տիրապետում է ամուսնու հայտարարագրած բնակարանին՝ Դավթաշենում և արտդրական շինությանը՝ Գանձաքարում։ 2023 թվականին նա Իջևանում գտնվող մի առանձնատուն է ժառանգություն ստացել, որին տիրապետում է բաժնային՝ ¼ սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
2023-ի սկզբին նա շարժական գույք չի ունեցել, սակայն նույն տարվա հուլիսի 7-ին գնել է 2022 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա՝ 7 մլն 716 հազար դրամով։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 10․216 դրամ, տարեվերջին՝ 95․2։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 4 մլն դրամ, տարեվերջին՝ 5 մլն 200 հազար դրամ։
2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 740․639 դրամ, որից 1 մլն 340․639 դրամը Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցից ստացած աշխատավարձն է, իսկ 400 հազար դրամը նվիրատվություն է ստացել՝ Սուրեն Մելքումյանից։
Վերջիններիս հետ համատեղ բնակվող Վոլոդյա Ղալումյանն անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություն՝ Տավուշի մարզի Հովք համայնքում՝ գնված 2016 թվականի հուլիսի 4-ին, հողամաս և նոր կառուցված ու դեռևս գրանցում չստացած շինություն՝ Սևքար համայնքում, որոնք ձեռք է բերել 2005 թվականի հոկտեմբերի 30-ին, համատեղ սեփականությամբ առանձնատուն և հողամաս՝ Իջևանում, որոնք ձեռք է բերել 2006 թվականի փետրվարի 8-ին և 1998 թվականի փետրվարի 28-ին, ինչպես նաև նա բաժնային՝ ¼ սեփականությամբ տիրապետում է Հայկ Ղալումյանի՝ Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարանին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2010 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2010 թվականի հուլիսի 21-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Վոլոդյա Ղալումյանն առևտրային բանկերից մեկում ունեցել է 4 մլն դրամ ավանդ, որը տարեվերջի դրությամբ 5 մլն դրամ։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 60․527,7 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 68․168 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 3 մլն 500 հազար դրամ, տարեվերջին՝ 8 մլն դրամ։
Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 5 մլն 652․443 դրամ, որից 4 մլն 365․912 դրամը Վեոլիա ջուր ընկերությունից ստացած աշխատավարձն է, 452․891 դրամը Հայէկոնոմ բանկին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարը, 833․640 դրամը՝ Միասնական սոցիալական ծառայությունից ստացված կենսաթոշակը։
Անահիտ Ղալումյանը անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքում, որը ձեռք է բերել 2006 թվականի հունիսի 28-ին, ինչպես նաև բաժնային՝ ¼ սեփականության իրավունքով տիրապետում է Դավթաշենում գտնվող բնակարանին և համատեղ սեփականության իրավունքով՝ Իջևանում գտնվող հողամասին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 275․549 դրամ, տարեվերջին՝ 529․009 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն դրամ, տարեվերջին՝ 2 մլն 400 հազար դրամ։
Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 480․630 դրամ, որից 861․500 դրամ Վահե և Վահան Ղալումյաններից ստացած աշխատավարձն է,
619․130 դրամը՝ Միասնական սոցիալական ծառայությունից ստացած կենսաթոշակը։