Անհավանական և հոյակապ Հերիխ Մխիթարյանը
copy image url

Անհավանական և հոյակապ Հերիխ Մխիթարյանը

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 17:10 04-03-2025
Ֆուտբոլային և մերձֆուտբոլային իրադարձությունների ու կրքերի ֆոնին ակամայից մտաբերում ես 2014 թվականը, երբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գրանցեց անհավանական առաջընթաց․ և նրա գլխավոր աստղին, առանց որի, ցավոք, մեր ընտրանին հայտնվել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 96-րդ հորիզոնականում։

Մի քանի օր առաջ համաշխարհային առաջատար մարզական լրատվամիջոցները հրապարակեցին 34 տարեկանն անց ֆուտբոլիստների հորհրդանշական հավաքականը, որտեղ արդեն կենդանության օրոք լեգենդներ դարձած Լիոնել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Ռոբերտ Լևանդովսկու, Սերխիո Ռամոսի և Լուկա Մոդրիչի հետ մեկտեղ նշված էր նաև, թերևս, բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի անունը։

Իր ավելի քան հարուստ մարզական կարիերայի ընթացքում Հենրիխն, իսկապես, տպավորիչ արդյունքներ է գրանցել և հասել մեծ հաջողությունների, բայց այս մեկն, իրոք, առանձնահատուկն է և բնորոշ միայն իսկապես համաշխարհային մակարդակի խաղացողներին։ Այս հրապարակման մեջ կփորձենք Մխիթարյանին ներկայացնել նոր լույսի ներքո՝ ավելի տեսանելի դարձնելու համար նրա իրական մակարդակն ու նշանակությունը։ Ֆուտբոլիստ, ով Անդրեյ Շևչենկոյի կարիերայի ավարտից հետո, հաստատապես, նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն ֆուտբոլիստն էր։

Ակումբային մակարդակով Մխիթարյանը ելույթներ է ունեցել ամենաբարձր մակարդակով՝ նշանակալի դերակատարություն ունենալով բոլոր այն թիմերում, որտեղ խաղացել է։ «Շախտյոր» Դոնեցկ, «Բորուսիա» Դորտմունդ, «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» Լոնդոն, «Ռոմա», «Ինտեր» Միլան։ Ինչ վերաբերվում է տիտղոսներին ու նվաճումներին, ապա այս ցուցանիշով նա նույնպես իր յուրահատուկ տեղն ունի ֆուտբոլի պատմության մեջ՝ 24 տիտղոս ակումբային մակարդակով, 26 անհատական նվաճում։ Նույնիսկ համաշխարհային մակարդակի ամեն ֆուտբոլիստ չէ, որ նման փայլուն մարզական ուղի է անցել։

Հավաքականի մակարդակով Մխիթարյանը մեծ հաջողությունների չի հասել, ինչն, ինքնին, հասկանալի է (նման հաջողություններ չեն գրանցել նաև համաշխարհային մակարդակի այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Անդրեյ Շևչենկոն, Ռաուլ Գոնսալեսը, Ռոբերտ Լևանդովսկին, Ուեյն Ռուննին, Յարի Լիտմանենը և էլի շատերը)։ Բայց և նշենք, որ այստեղ նույնպես Մխիթարյանը տպավորիչ արդյունքներ է գրանցել՝ 95 խաղ, 32 գոլ, ինչը ևս մեծ նվաճում է։

Նախ ասենք, որ այս առումով հայազգի լեգենդար ֆուտբոլիստների նվաճումներն ավելի քան համեստ են․ Խորեն Հովհաննիսյան՝ ԽՍՀՄ հավաքական, 34 խաղ, 6 գոլ, Նիկիտա Սիմոնյան՝ 20 խաղ, 10 գոլ (այլ աղբյուրի համաձայն՝ 12 գոլ), Արկադի Անդրեասյան՝ 12 խաղ, 1 գոլ, Հովհաննես Զանազանյան՝ 6 խաղ, 1 գոլ (ի դեպ, ավելի տպավորիչ էին Իրանի ազգային հավաքականում հանդես եկած Անդրանիկ Թեյմուրյանի և Անդրանիկ Էսկանդարյանի արդյունքները՝ 101 խաղ, 9 գոլ և 29 խաղ, համապատասխանաբար․ նրանք նաև հանդես են եկել աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլում․ Թեյմուրյանը մասնակցել է 2006-ին Գերմանիայում, Էսկանդարյանը՝ 1978-ին Արգենտինայում կայացած մունդիալներին)։

Իսկ հիմա համեմատենք Մխիթարյանի ցուցանիշները տարբեր հավաքականներում հանդես եկած հայտնի ֆուտբոլիստների արդյունքների հետ․ 1975-ին «Ոսկե գնդակ»-ի արժանացած Օլեգ Բլոխինը ԽՍՀՄ հավաքականում խփել է 42 գոլ (112 խաղում), մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստ՝ 1993-ին «Ոսկե գնդակ» ստացած Ռոբերտո Բաջոն՝ 27 գոլ (56 խաղում), հանրահյտ մեկ այլ իտալացի՝ Ալեսանդրո Դել Պիեռոն՝ 91 խաղում՝ 27 գոլ, Ֆիլիպո Ինձագին ու Քրիստիան Վիերին, համապատասխանաբար, 25 և 23 գոլ։ Իսկ 1969-ին «Ոսկե գնդակ» ստացած Ջաննի Ռիվերան Իտալիայի հավաքականի մարզաշապիկով հանդես է եկել 60 անգամ՝ դառնալով 14 գոլի հեղինակ։ Հանրահայտ Ռաուլն Իսպանիայի հավաքականում հանդես է եկել 102 անգամ՝ դառնալով 44 գոլի հեղինակ։ Ֆեռնանդո Տորեսի ցուցանիշներն ավելի համեստ են՝ 110 խաղ և 38 գոլ։ Դիտարկենք Ֆրանսիայի հավաքանի հայտնի հարձակվողների ցուցանիշները․ Անտուան Գրիզման՝ 135 խաղ, 44 գոլ, Քարիմ Բենզեմա՝ 97 խաղ, 37 գոլ: Անգլիական ֆուտբոլի լեգենդ, 1966 թվականի «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր Բոբբի Չառլթոնը հավաքանում անցկացրել է 106 խաղ՝ խփելով 49 գոլ, մեկ ուրիշ անգլիացի՝ 2001 թվականի «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր Մայքլ Օուենը 89 խաղերում խփել է 40 գոլ։

Ի տարբերություն Հենրիխի՝ նրանք բոլորն էլ հանդես են եկել անհամեմատ ուժեղ հավաքականներում։ Եվ պատկերացնել կարելի է, թե ինչպիսին կլիներ Մխիթարյանի ցուցանիշը, եթե նա շարունակեր ելույթներն ազգային հավաքականում։

Որպես վերջաբան՝ նշենք, որ մեծապես հենց Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ էր, որ Հայաստանի հավաքականը գրանցել է առայսօր իր գլխավոր նվաճումը․ 2014-ի փետրվարին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր հավաքականը 30-րդ հորիզոնականում էր, ինչն անչափ մեծ նվաճում էր․ էլի մեկ համեմատություն․ ներկայումս Լեհաստանի հավաքանը 30-րդ տեղում է, Թունիսը՝ 36-րդ, Նիգերիան՝ 39-րդ, Ռումինիան՝ 45-րդ, Չեխիան՝ 46-րդ, Հունաստանը՝ 48-րդ, Շոտլանդիան՝ 52-դ, Գանան՝ 70-րդ և Բուլղարիան՝ 81-րդ։

Դժվար է պատկերացնել, որ առանց Մխիթարյանի մեր հավաքականը կարող էր նման վերելք ունենալ։

Կարեն Միրզոյան

Ամենից շատ դիտված

18:30 Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին եկել էր աշխատանքի
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
12:07 Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
12:16 Թուրքիայի նախագահի լիազորությունները փոխանցվել են Ջևդեթ Յըլմազին
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
16:30 Երեխան չպետք է 7 տարեկանից 2-րդ դասարան գնա. հոգեբանը դեմ է ԿԳՄՍՆ-ի որոշմանը
17:53 «Վատ պահվածքի» դեպքում ցմահները նման պատժի են արժանանալու․ Սրբուհի Գալյանը գոռացել ու սպառնացել է
18:19 Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու Վաղարշապատի համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
10:29 Աղոթքով ու սխտորով «բուժված» դեռահասը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում. Gazeta