«Բոլորովին զարմանալի չէ, նույնիսկ օրինաչափ է։ Օրինաչափ է, որովհետև այդ մարդը որևէ բարոյական սկզբունք չունի, մենք դա պիտի ի վերջո հասկանանք»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ պատասխանելով հարցին, թե հոգեբանական տեսանկյունից ինչի մասին է վկայում այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը հերքում է ինքն իրեն՝ հայտարարելով, որ ինքը երբեք չի ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, սակայն բազմիցս ասել է նաև հակառակը։
Հոգեբանի խոսքով՝ սովորական, բարոյապես հասունություն ունեցող մարդու համար շատ դժվար է դա հասկանալը, սակայն կա նման բան, երբ մարդը բարոյական սկզբունք չունի և հերքում է ինքն իրեն։ «Հիմա մի բան է ասում, հետո հակառակ բանն է ասում, ինքն ասում է մի բան, հետո ասում է՝ ես այդպիսի բան չեմ ասել։ Այստեղ բարոյական որոշակի հասունություն է պետք, պատասխանատվության զգացում է պետք, որ քո ասածին տեր կանգնես և քո դիրքորոշումների մեջ հետևողական լինես։ Ո՛չ, Նիկոլ Փաշինյանի մոտ նման բան չկա, և այս ոչ նորմալ պայմաններում ես դա համարում եմ նորմալ»,- ասաց նա։
Կարինե Նալչաջյանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հրաժարվել իր ասածներից՝ զարմանքով հարցնելով՝ «ես նման բա՞ն եմ ասել»։ Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ իրականության մեջ ենք ապրում և ինչ կերպարի հետ գործ ունենք։ «Չպետք է զարմանքն, ընդհակառակը՝ պետք է հետևությունների գանք, որ բոլոր իմաստներով կործանար է, երբ այդպիսի անձնավորությանը թույլ ենք տալիս մեր պետության ղեկն իր ձեռքում պահել։ Փաշինյանն այդպիսինն է, նա հանգիստ կարող է իր ասածներից հրաժարվել՝ բացարձակ չունենալով ամոթի զգացում ու չնեղվելով դրա համար։ Չկա այդ մարդու մոտ նման բան, հիմա սա է այդ մարդը»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է այս կերպ Փաշինյանը «Մարտի 1»-ի իրադարձությունների համար մեղավորության զգացում ունի և այսկերպ փորձում է ինքն իրեն արդարացնել՝ Կարինե Նալչաջյանը պատասխանեց, որ նման հնարավորությունը բացառում է։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հոգեբանական տեսակը, որը բավականին քիչ է հանդիպում, մեղքի զգացում չի ունենում։
«Հոգեբանական այդ տեսակը բավականին քիչ է հանդիպում, բայց մենք ունեցել ենք այս դժբախտությունը որ այդ կերպարը ոչ միայն մեր մեջ ապրում է, այլ նաև իր ձեռքում հայտնվել է մեր պետության և հայրենիքի ղեկը։ Այդպիսի մարդիկ մեղքի զգացում չեն ունենում, սա յուրահատկություն է։ Հոգեբանական այդ կերպարի համար խղճի խայթը, մեղքի զգացումը բացառվում։ Ես այդ տարբերակը բացառում եմ, պարզապես ինքը հիմա իր ասածներից հրաժարվում է, որովհետև հիմա իրան այդպես է պետք ասել․ այն ժամանակ իրեն նա էր պետք, նա էր ասում, հիմա սա է ասում, որոշ ժամանակ անց ուրիշ բան պետք կլինի, նա առանց աչքերը թարթելու դա կասի»,- կարծում է նա։
Կարինե Նալչաջյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի տեսակի մարդկանցից մեղքի և պատասխանատվության զգացում, խղճի խայթ պարզապես պետք չի սպասել, անհրաժեշտ է իրատես լինել։
Շաբաթ օրը՝ մարտիմեկյան իրադարձությունների 17-րդ տարելիցի օրը, Փաշինյանը հերթական անգամ հերքել էր ինքն իրեն՝ հայտարարելով, որ երբեք չի ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է։ «Ես երբեք չեմ ասել ամբողջությամբ։ Ես ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, բայց ուզում եմ ասել նաև, որ կարծում եմ՝ մարտի 1-ի գործում հանգամանքներ ոչ թե բացահայտելու, այլ դրանց իրավական գնահատականի արժանացնելու, քննելու և հետաքննելու հարց կա»,- ասել է կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփող հանրահավաքում հայտարարել էր․ «կարող ենք ասել, որ Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»։
Դավիթ Գույումջյան