Զախարովայի սպառնալիքներն ու Մինսկի խմբի լուծարումը, Արևմուտքի մեծագույն սխալը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:00 31-01-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 31-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման՝ պնդելով, որ կառույցը փաստացի չի գործում 2022 թվականի փետրվարից։
Ռուս պաշտոնյան պնդել է, որ համագործակցությունից հրաժարվել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները, «պատճառները մինչ օրս չեն բարձրաձայնել»:
«Իսկ ավելի ուշ՝ 2022 թվականի հոկտեմբերին, Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ ներկայացուցչի համատեղ հայտարարություն ընդունվեց։ Եվ այս ամենը բերեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության իմաստը։ Սա այն է, ինչը պետք է հիմք ընդունենք»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ Ադրբեջանին ուղղված առաջարկներում Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր նաև լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինը՝ Մինսկի խումբը։ Փաշինյանի այս առաջարկը որպես նախապայման հենց Բաքուն է մշտապես առաջ քաշել, սակայն նախկինում հայկական կողմը այն պայմանավորում էր խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի բանակցություններով, և երկու կողմերը պետք է գնան զիջումների։
«Սխալ է, որ մենք ինչ-որ կերպ հասել ենք նրան, որ մարդկանց թույլ ենք տվել հավատալ, որ Ուկրաինան ի վիճակի է հաղթել Ռուսաստանին՝ ամեն ինչ հետ մղելով այն վիճակին, որը 2012-ին կամ 2014-ին էր, երբ Ռուսաստանը գրավեց Ղրիմը»,- ասել է նա՝ լրագրող Մեգին Քելլիին տված հարցազրույցում։
Ռուբիոն շեշտել է նաև, որ պատերազմում երկու կողմերն էլ սարսափելի գին են վճարում այս պատերազմում, ինչպես նաև հասկանում, որ չեն հասնի իրենց մաքսիմալիստական ​​նպատակներին։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ շատ աշխատանք կա անելու և ԱՄՆ նախագահ Թրամփի ղեկավարությամբ դա հնարավոր կլինի դա անել։
«Դա հեշտ չի լինի, և դա ժամանակ կպահանջի, բայց ես գիտեմ, որ նա վճռական է դա անել»,- ավելացրել է պետքարտուղարը:

Կուրսկի շրջանում ռուսական բանակի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմող հյուսիսկորեական զորքերը դուրս են բերվել առաջնագծից մեծ կորուստների պատճառով: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին։
Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ հյուսիսկորեացի զինվորականներին ռազմաճակատում չեն նկատել մոտ երկու շաբաթ, ենթադրելով, որ նրանք կարող են վերադառնալ լրացուցիչ մարզվելուց հետո։
Արևմտյան հետախուզական տվյալների համաձայն՝ Հյուսիսային Կորեայի մոտ 10 հազար զինվոր է ժամանել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Մի քանի ամսվա մարտերի ընթացքում հյուսիսկորեական զորքում կորուստների թիվը գնահատվում է հարյուրավոր և նույնիսկ հազարավոր:

Մարիա Զախարովան նաև համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չքավորություն է սպառնում։ Ռուսաստանցի դիվանագետը մեջբերել է ՀՀ վիճակագրական տվյալները և դրանք վկայակոչելով՝ համոզմունք հայտնել, որ Ռուսաստանի մասնակցությամբ տնտեսական դաշինքը լքելու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80 տոկոսով և «նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով»:
«Հայաստանում որոշ փորձագետներ պնդում են, որ Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, իբր պատրաստ է վճարել ամեն ինչի համար: Оրինակ՝ ասեք, երբ նրանք վճարել են ամեն ինչի համար», - ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուս պաշտոնյայի համոզմամբ՝ Հայաստանի հնարավոր ինտեգրումը ԵՄ-ին «ուղղակի հարված է լինելու» երկրի զարգացմանը։ «Եթե խոսում ենք արտադրության ծավալի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է տոտալ աղքատացման հանգեցնել»,- ասել է նա։


Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան, իր առաջին ելույթում հայտարարել է անցումային կառավարության ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև խոստացել է վերահսկողության տակ վերցնել երկրի ողջ տարածքը։
«Առաջիկա ժամանակաշրջանում մենք կկենտրոնանանք մի շարք առաջնահերթ խնդիրների լուծման վրա, ներառյալ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի ավարտը` մեկ հողի վրա մեկ իշխանության ներքո։ Կաշխատենք ձևավորել անցումային կառավարություն, որը կներկայացնի բոլոր սիրիացիների, այդ թվում՝ կանանց և երիտասարդների շահերը», - ասել է ալ-Շարաան։
Նա ասել է, որ կառավարությունը պատասխանատու է լինելու Սիրիայում նոր պետական ​​ինստիտուտների ստեղծման համար՝ մինչև ազատ և արդար ընտրությունների փուլը և ապահովելու, որ քաղաքական գործընթացն իրականացվի օրենքի գերակայության շրջանակներում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ձեզ գուցե հետաքրքրի