Ինչո՞ւ էին սահմանափակել Աննա Հակոբյանի խոսելու իրավունքը
copy image url

Ինչո՞ւ էին սահմանափակել Աննա Հակոբյանի խոսելու իրավունքը

Ներքին Միտք 4 ժամ առաջ - 09:30 18-05-2025
Քաղաքական խոսույթի մակարդակն ընկել է։ Խոսում են ոչ թե գաղափարների, ծրագրերի մասին, այլ միմյանց վիրավորելու մրցավազքի մեջ են։ Սկզբում մի քանի հոգի էին ատելություն տարածում, մարդկանց վիրավորում։ Հետո տարածվեց։ Ավելի շատ մարդիկ են իրենց խոսքը կառուցում մարդկանց վիրավորելու վրա։ Եթե խոսքի մեջ վիրավորանք, վիրավորական արտահայտություն, ատելություն չկա, արդեն թվում է, թե քաղաքականության մասին չէ այդ խոսքը։

«Խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու ազատությունը բոլորի անքակտելի իրավունքն է։ Եվ ես այսուհետ իրացնելու եմ իմ այդ իրավունքը»,- իր էջի ետնանկարում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Այս գրառումից ենթադրելի է, որ նրա խոսելու, կարծիք հայտնելու իրավունքը սահմանափակված է եղել։ Ինչո՞ւ էին կաշկանդել նրան ազատ խոսելու, կարծիք արտահայտելու հարցում։ Ի՞նչ է փոխվել, որ այսուհետ իրացնում է իր իրավունքը։ Եվ ինչի՞ մասին է խոսում երկրի ամենաբարձր պաշտոյայի կինը։

Հանրային սպասում կար, թե քաղաքական խոսույթը ատելությունից, մաղձից, հայհոյանքից ու վիրավորական բառերից կարող են մաքրել կանայք, որոնք Հայաստանում ակտիվորեն ներգրավվում են քաղաքականության մեջ, զբաղեցնում քաղաքական դիրք ու պաշտոն։ Բարի, կիրթ, առաքինի, դաստիարակված պաշտոնեա կանայք իրենց վարակիչ օրինակով կարող էին էապես մաքրել քաղաքական խոսքն աղտեղությունից, քաղաքական խոսքի հետ օրգանական ընդհանրություն չունեցող վիրավորական բառերից, հանրության ուշադրությունը սևեռելով դրական բաների, գաղափարների, քաղաքական ծրագրերի, ազգային երազանքների վրա։ Զարգացած ժողովրդավարական երկրներում քաղաքականության մեջ ներգրավված կանայք հենց սա էլ անում են, փորձում են արդարացնել հանրային այս ակնկալիքը, առաքինության օրինակ են ծառայում։

Այս ակնկալիքը որոշ առումով առնչվում էր նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ։ Լավատեսները հույս էին փայփայում, որ «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում նրա խոսքը կդառնար վարակիչ օրինակ։ Եվ մարդիկ քաղաքականության մասին խոսելիս կօգտագործեին նրա բառապաշարը, ընդգծումները, որակումները և այլն։ Սակայն այս հույսերը չարդարացան։ Այդ արշավն անցնում է մութ ու խուլ դահլիճներում։ Նրա խոսքը ժողովուրդը չի լսում։

Փոխարենը՝ միայն վատ բաներ է լսում նրանից։ Իրացնելով խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու ազատ իրավունքը, նա անդրադարձել է իրեն ուղղված հանրային քննադատություններին։ Անդրադարձել է նաև Oragir.News-ի մայիսի 14-ի «Ամփոփ լուրերին»։

Եթե խնդիրը քննադատություններին անդրադառնալն էր, ապա հարկ էր հիմնավոր փաստերով հերքել դրանք։ Օրինակ՝ եթե նա համաձայն չէ Oragir.News-ի մայիսի 14-ի «Ամփոփ լուրերի» բովանդակության, մատուցման և վերնագրի հետ, ապա կարող էր հերքել, առաջարկել իր տարբերակը, իր կարծիքով՝ ճիշտը, ոչ թե կիրառել բառ, որն ընդհանրապես տեղին չէ։ Այսպիսի վարքը վայել չէ ամենաբարձր պաշտոնը զբաղեցնողի կնոջը, որից շատերն օրինակ են վերցնում։

Առավել վրդովվեցուցիչ է, երբ նա իր մասին խոսող մարդկացն ասում է «տխմար»։ Ի՞նչ շահեց նա, ցույց տալով իր ատելությունը ժողովրդի հանդեպ։ Չէ՞ որ՝ ժողովուրդը համարժեք է արձագանքելու։ Ժողովրդին այսպես վիրավորելը, իհարկե՝ կարելի է մատուցել որպես խոսք ու կարծիք արտահայտելու ազատություն։ Սակայն արդյունքում նա ժողովրդին վիրավորել է, ժողովրդին գրգռել, Նիկոլ Փաշինյանի դեմ տրամադրել։ Գուցե նա անցել է ընդդիմության ճամբարն ու ուզում է, որ Փաշինյանը չընտրվի՞։

Եթե Նիկոլ Փաշինյանի կինն ուզում էր ասել, որ իրեն վերագրվող լուրերի կամ բնորոշումների մի մասը չեն համապատասխանում իրականությանը կամ չափազանցված են, ապա պետք է այդպես էլ ասեր։ Սա քաղաքական տարրական նորմ է։ Օրինակ՝ ՊՆ-ն, ՆԳՆ-ն, պետական այլ կառույցներն իրենց առնչվող, վերագրվող լուրերը հերքում են, նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ՊՆ-ն ասեր, որ Ադրբեջանը տխմար է, կամ Ալեն Սիմոնյանն ասեր՝ Մոսկվան տխմար է։ Նույնպես Աննա Հակոբյանը կարող էր իրեն վերագրվող լուրերը հերքել, նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը կամ չափազանցված են։

Կարճ ասած՝ այն բառերը, որոնք կիրառել է Նիկոլ Փաշինյանի կինը վերջին գրառումներում, ոչ միայն վայել չեն տիկնոջը, տեղին չեն, այլև լուրջ վնաս են տալիս ժողովրդին, աղավաղում քաղաքական խոսույթը, այլասերում հանրային պատկերացումը քաղաքականության մեջ ներգրավված կանանց բարոյական նկարագրի մասին։ Ենթադրելի է, որ նրա իմիջով զբաղվողները, սիրելիները, այս ռիսկերը հաշվի առնելով էին սահմանափակել նրա խոսքն ու կարծիքն արտահայտելու ազատությունը։

Թաթուլ Մկրտչյան