Տիգրանի որոնումները վերսկսվել են, Աննա Հակոբյանի ծաղկեպսակները, Մեծամորի ԱԷԿ-ը կկանգնի․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 21:39 14-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 14-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Մայիսի 14-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչև այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 796 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 450 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Այսօր Ազգային ժողովում կրկին իրավիճակը թեժ էր․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունների՝ Մարտի 1-ի իրական մեղավորների փնտրտուքի, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, Արցախի հանձնելու ու ապօրինի գույք ունենալու փոխադարձ մեղադրանքներն այսօր հրմշտոցի պատճառ դարձան: ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը թվարկեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքը, որը Դատախազությունը որպես ապօրինի գույք վիճարկում է՝ ընդդիմադիրներին հորդորելով կոռուպցիայի մասին հարցերն ուղղել երկրորդ նախագահի որդուն՝ Լևոն Քոչարյանին: Լևոն Քոչարյանն արձագանքեց ու հայտարարեց, թե իրենց ընտանիքին պատկանող ամեն լուման հիմնավորված է: Ընդդիմադիր պատգամավորը ելույթում հիշեցրեց անցած շաբաթ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը: «Եթե նկատել եք, օրինակ, արդեն նա ջղաձգումների մեջ չի հայտնվում, երբ նրան անվանում են թուրք կամ դավաճան: Իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով՝ ասում է՝ համբալներ, հաջորդ օրը գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութը, հիմա ով է համբալ, կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջն ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից, թող ուշադիր լինի, երբ իրան դուրս շպրտեմ էնտեղից, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Լևոն Քոչարյանը անդրադարձավ նաև նաև նախկին նախագահների հետ բանավիճելու Փաշինյանի հրավերից էլ խոսեց ու պարզաբանեց, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը մերժում այն։ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու ու դրանով ուզում է ցույց տալ, որ՝ տեսեք, եթե չեն գալիս, ուրեմն ես ճիշտ եմ։ Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել պետք է գա և բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախն ո՞վ է հանձնել։ Կամ լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը հանձնելու շուրջ ու միայն «հանճարեղ» Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք էր անել այն, ինչ դուք արել եք՝ ճանաչել Ադրբեջանի կազմում»։ Լևոն Քոչարյանին արձագանքեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ու դարձյալ Ռոբերտ Քոչարյանին ու ընտանիքին հիշեց. - «Մարդիկ ասում են՝ հայրը թուրք է, բայց մենք երբեք այստեղից նման բան չենք ասում: Անունն էլ են ասում: Ասում են՝ անհայրենիք դավաճան են, Արցախը լքել են: Պատերազմական վիճակում Արցախը թողել են, ընտանիքով թողել գնացել են: Մի կոպեկ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղցու համար ոչինչ չեն արել: Ասում են՝ դրանք անհայրենիք դավաճաններ են: Բայց մենք նման բան այստեղից չենք ասում, պահպանում ենք կոռեկտության սահմանները»: Հանգիստ նստելու հորդորներին ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը չենթարկվեց, սկսվեց հրմշտոց ու բղավոցներ, իրավիճակն այնքան թեժացավ, որ Լևոն Քոչարյանը սեռական բնույթի հայոյանք հնչեցրեց իր պապին թուրք ասողիներին, բայց բանն այս անգամ ձեռնամարտի չհասավ:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ամբաստանյալն այսօր մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման: Ամբաստանյալ Արա Բադոյանը, սակայն, անազատության մեջ կանցկացնի 11 ամիս 23 օր, քանի որ մոտ երկուուկես տարի արդեն գտնվել է անազատության մեջ: Բադոյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հարվածներ հասցնելու համար: Գլխավոր դատախազությունից, առանց մանրամասներ հայտնելու, փոխանցեցին, որ բողոքարկելու են վճիռը վերաքննիչ ատյան: 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը, Ազգային ժողովի մոտակայքում դաժան ծեծի ենթարկվեց այն ժամանակ խորհրդարանի խոսնակ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը