Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 23-01-2025

Փրկագինն ընդունվեց, Լիդիանն արդարացվեց․ կչեզոքացվի՞ ագրեսիայի վտանգը

Հունվարի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարանի որոշմամբ՝ «Լիդիան Արմենիային» տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող անվավեր ճանաչվել։ Այս մասին հանրությանը տեղեկացրել է «Լիդիան Արմենիան»։

Ամուլսարի շահագործման դեմ պայքարն այսպիսով պարտվեց։ Բնապահպանների ու նրանց աջակցող ուժերի անդուլ ջանքերը ջուրն ընկան։ Տարիներ տևած դատական քաշքշուկը լուծվեց հօգուտ ընդերքօգտագործողի։ Ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ շրջադարձը։

«Տարօրինակ» զուգադիպությամբ դատարանի այս վճռից մոտ 1 տարի առաջ կառավարությունն ընդունեց «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» որոշում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը տեղեկացրեց, որ դեռևս 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով ընկերությունը պարտավորվել է ՀՀ կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության։ Հուշագրով «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվում է նաև վճարվող բնապահպանական հարկից բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի, ազդակիր համայնքներին տրամադրել 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն։

Համադրելով այս երկու իրադարձությունները, ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը 2024-ի հունվարի 18-ին Լիդիանի 12,5% նվիրատվությունն ընդունելուց հետո ցուցում է տվել վարչական դատարանին, որ վերջինս հօգուտ ընդերքօգտագործողի վճիռ ընդունի, ինչն էլ իրականացվել է մեկ տարի անց։ Պարզ ասած՝ «Լիդիան Արմենիան», վճարելով փրկագին, առաջիկա տարիներին կքերի Ամուլսարը, կտանի ամբողջ ոսկին ու շատ այլ թանկարժեք մետաղներ, հարակից համայնքներում կֆինանսավորի սոցիալական ծրագրեր, Փաշինյանն էլ կստանա շահույթի 12,5 %-ը գումարած տարեկան 7 մլն դոլարը։

Գործարքն ունի նաև քաղաքական ենթատեքստ։ «Լիդիան Արմենիա» ընկերության 100% բաժնետեր կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին: Կառավարությանը 12.5% բաժնեմաս նվիրելու գործարքից հետո «Լիդիան Կանադա Վենչուրսի» մասնաբաժինը կդառա 87.5%։ Ենթադրելի է, որ այս գործարքը տեղավորվում է օրեր առաջ ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական խարտիայի տրամաբանության շրջանակում։ Այսինքն՝ ՀՀ-ն 12,5 % նվիրատվությունն ընդունելով և «Լիդիան Արմենիային» ընդերքօգտագործան թույլտվություն տալով, ցույց է տալիս, թե ռուսական շահերի մոլեռանդ պաշտպան չէ, թույլ է տալու ամերիկյան ընկերություններին ներգրավվել ՀՀ տնտեսության մեջ, մասնավորապես՝ շահագործել ընդերքը։ Այս գործարքը պարունակում է ակնարկ, որ տնտեսության մյուս ճյուղերի դռները ևս կարող են բացվել Արևմուտքի ներդրումների առաջ, ՀՀ որոշակի կազատվի ռուսական տնտեսական կախվածությունից։

Ի վերջո՝ կա վտանգ, որ այս գործարքը ռուս-ադրբեջանական նոր ագրեսիայի պատրվակ ու թիրախ կդառնա։ Ինչպես տևական գնդակոծության էին ենթարկում Երասխը, որտեղ ուզում էին կառուցել հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան, այնպես էլ Ամուլսարն ու հարակից շրջանները կարող են ընկնել ռուս-ադրբեջանական կրակի տակ։ Մանավանդ, որ 2021-2022-ի ագրեսիաների հետևանքով Ադրբեջանը նպաստավոր դիրքեր է զավթել, որտեղից կարող է գնդակոծել Ամուլսարը։ Այս անցանկալի ու վտանգավոր զարգացումը կանխելու համար, ենթադրվում է, որ առաջիկայում ամերիկյան զորքեր կտեղակայվեն Սյունիքում ու Վայքում, այն տեղերում, որտեղից ամիսներ առաջ դուրս բերվեցին ռուսական զինվորները։ Հակառակ պարագայում չի բացառվում, որ ամերիկացիներն Ամուլսարից կհեռանան այնպես, ինչպես Երասխից, ո՛չ հանքը կշահագործվի, ո՛չ էլ Փաշինյանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ կստանա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով